Լրահոս

29.01.2013 17:34


Ամփոփվեցին ԵԽԽՎ 2013 թվականի նստաշրջանի առաջին մասի աշխատանքների արդյունքները

Ամփոփվեցին ԵԽԽՎ 2013 թվականի նստաշրջանի առաջին մասի աշխատանքների արդյունքները

Հունվարի 29-ին ՀՀ Ազգային ժողովում հրավիրված մամուլի ասուլիսում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը, պատվիրակության անդամներ Արփինե Հովհաննիսյանը եւ Նաիրա Կարապետյանը ամփոփեցին հունվարի 21-25-ը Ստրասբուրգում տեղի ունեցած ԵԽԽՎ 2013 թվականի նստաշրջանի առաջին մասի աշխատանքների արդյունքները:

Դավիթ Հարությունյանը տեղեկացրեց, որ ԵԽԽՎ հայկական պատվիրակության նախկին անդամ, ԱԺ նախագահի տեղակալ Հերմինե Նաղդալյանին շնորհվել է ԵԽԽՎ մեդալ եւ պատվավոր անդամի կոչում, իսկ ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավարն ընտրվել է ԵԽԽՎ կանոնակարգի եւ անձեռնմխելիության հարցերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ:

«Վրաստան եւ Ռուսաստան. հումանիտար իրավիճակը հակամարտության եւ պատերազմի արդյունքում տուժած տարածքներում» հարցի քննարկմանը ելույթ է ունեցել պատվիրակության անդամ Վահե Հովհաննիսյանը: Նա անդրադարձել է հակամարտության հետեւանքով առաջացած մարդասիրական խնդիրներին, այդ համատեքստում արծարծել նաեւ Աբխազիայի տարածքով անցնող երկաթգծի վերագործարկման հարցը, որն արդեն 20 տարի է՝ չի շահագործվում: Նա ընդգծել է, որ Հայաստանը, Վրաստանն ու Ռուսաստանն իրար կապող երկաթգծի շահագործումը կնպաստի քաղաքական, տնտեսական եւ մարդասիրական խնդիրների կարգավորմանը:

Քննարկվել են «Ադրբեջանի կողմից պարտավորությունների եւ հանձնառությունների հարգումը» եւ «Ադրբեջանում քաղբանտարկյալների խնդիրը» զեկույցները, որոնցից առաջինն ընդունվել է:

Զեկույցները, ինչպես տեղեկացրեց Դավիթ Հարությունյանը, համապատասխանաբար մշակել են մոնիտորինգի եւ իրավական հարցերի հանձնաժողովները: «Ադրբեջանի կողմից պարտավորությունների եւ հանձնառությունների հարգումը» զեկույցի վերաբերյալ հայկական պատվիրակության անդամներն ունեցել են չորս ելույթ, ներկայացրել պատվիրակության դիրքորոշումները: ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավարն անդրադարձել է մոնիտորիգի հանձնաժողովի երկու զեկուցողների նախապատրաստած նյութին, որում ակնհայտ զգացվել է ադրբեջանական քարոզչամեքենայի փաստարկների օգտագործումը: Դավիթ Հարությունյանը նկատեց, որ նրանք դիտավորյալ աղավաղել էին Լեռնային Ղարաբաղի հակամարտության անվանումը՝ փորձելով տպավորություն ստեղծել, թե խնդիրը վերաբերում է, Լեռնային Ղարաբաղի հետ կապված, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ տարածքային վեճին: Քանի որ զեկույցում չեն ներառվել հայկական կողմի առաջարկները, ուստի ՀՀ ԱԺ պատվիրակության անդամները ներկայացրել են հատուկ կարծիք, որը, որպես հավելված, կցվել է զեկույցին:

Պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը, հղում կատարելով Ադրբեջանի քաղաքացիական հասարակության կողմից ներկայացված զեկույցներին, նշել է, որ ԵԽԽՎ համազեկուցողների ներկայացրած զեկույցը չի արտացոլում ադրբեջանական իրականությունը:

Պատվիրակության անդամ Արմեն Ռուստամյանն իր ելույթում անդրադարձել է ԼՂ հակամարտության վերաբերյալ զեկույցում տեղ գտած սխալներին եւ Ստեփանակերտի օդանավակայանի վերագործարկման առնչությամբ ադրբեջանական կողմի հնչեցրած սպառնալիքներին: Արմեն Ռուստամյանը խոսել է նաեւ Ադրբեջանում քաղբանտարկյալների խնդրի վերաբերյալ: 

Այս խորագրի վերջին նյութերը