Լրահոս

22.01.2013 19:05


Մանկական բարեգործական համերգ Սիրիայի քրիստոնյա դպրոցներին օգնելու համար

Մանկական բարեգործական համերգ Սիրիայի քրիստոնյա դպրոցներին օգնելու համար

 Սիրիայում ամիսներ շարունակ տևող պատերազմական գործողությունները հազարավոր մարդկային կյանքեր են խլել, ճակատագրեր կործանել և այդ երկրում ու նրա սահմաններից դուրս ցավ ու կսկիծ տարածել:

Այդ իրավիճակի պատճառով հսկայական վնասներ են կրել նաև տեղի քրիստոնյա համայնքները, որոնք, նույնիսկ որոշ բնակավայրերում, ամբողջությամբ կորցրել են իրենց ազգային և հոգևոր կառույցները:

 Մենք` Եվրոպայում ապրողներս, մեր պարտքն ենք համարում այս ծանր պահին օգնության ձեռք մեկնել Սիրիայի մեր քրիստոնյա քույրերին և եղբայրներին.

Այդ նպատակով սույն թվականի հունվարի 26-ին Գերմանիայի Վուպերտալ քաղաքում կազմակերպվում է մանկական բարեգործական համերգ, որից ստացված ողջ հասույթը կտրամադրվի Սիրիայի քրիստոնյա դպրոցականներին. Վուպերտալի ավետարանական ուսանողական ընկերությունը բարեգործական համերգի համար բարեկամաբար տրամադրել է իր հանդիսությունների դահլիճը և բարոյապես աջակցում է համերգի կազմակերպման մյուս գործերում.

 Մանկական համերգին ելույթ են ունենալու Վուպերտալի երաժշտական դպրոցի ջութակի ուսուցչուհի Ալիսա Եփրեմյանի (Գերմանահայոց Կենտրոնական Խորհրդի երիտասարդական հարցերի պատասխանատու) սաները: Միջոցառմանն իրենց երաժշտական ողջույններով աջակցելու են ՈՒնա քաղաքի երաժշտական դպրոցի դաշնամուրի ուսուցչուհի Արմինե Ղուլոյանի (Հայ Ակադեմիականների Միության փոխնախագահ) աշակերտները:

Բարեգործական համերգը վարելու է ուսանողուհի Մարիետա Չարվադարյանը:

 Ծրագրի գլխավոր պատասխանատուները` Ալիսա Եփրեմյանը և Ազատ Օրդուխանյանը համերգին ընդգրկելով միայն գերմանացի և այլ ազգերի  երխաներին (հայ երաժիշտ երեխաները այս անգամ համերգին մասնակցելու են միայն որպես ունկնդիրներ) ցանկացել են եվրոպացի երեխաներին ավելի տեղեկացնել Սիրիայի իրենց տարեկից քրիստոնյա հավատակիցների ներկա ծանր կացությանը, ահազանգ հնչեցնել գերմանական բարեգործական շրջանակների և իշխանությունների համար, խորացնել Եվրոպայի և Ասիայի քրիստոնյա երեխաների համերաշխության ոգին:

 Մանկական համերգի մասին պատմող շրջաբերականն ուղարկվել է գերմանական մամուլի բոլոր օրգաններին, ռադիոյին ու հեռուստատեսությանը, մարդու իրավունքների բոլոր կազմակերպություններին, եկեղեցական հաստատություններին, կրթական գերատեսչություններին, քաղաքական կուսակցություններին և Վուպերտալի քաղաքային ու շրջանային իշխանություններին:

 Գերմանական լրատվական միջոցները արդեն լայնորեն անդրադարձել են հայ-գերմանական այս բարեսիրական նախաձեռնությանը:

 Բարեխոհ զգացումներով`

 Գերմանահայոց Կենտրոնական Խորհուրդ

 Մամուլի հանձնախումբ

 22 Հունվարի 2013թ.

 Մայնի Ֆրանկֆուրտ

Գերմանիա  

Այս խորագրի վերջին նյութերը