Լրահոս

25.07.2012 14:31


Սեքսապաթոլոգ. «Եթե ծնողը լռի, նրան կդաստիարակի փողոցը»

Սեքսապաթոլոգ. «Եթե ծնողը լռի, նրան կդաստիարակի փողոցը»

«Սեռակրթության  արդի խնդիրները» թեմայով հրավիրված մամլո ասուլիսին լրագրողների հարցերին են պատասխանել սեքսապաթոլոգ Վրեժ Շարհամանյանը և մանկապատանեկան հոգեբույժ Արթուր Պողոսյանը։

–Մարդկանց միշտ հետաքրքրում է, թե իրենք ինչպե՞ս են լույս աշխարհ եկել: Բայց հազվադեպ ենք լսում, որ ծնողը կարողանում է ճիշտ բացատրություն տալ: Սկսում են արագիլների, կաղամբների ու «մեշոկ պապիների» պատմությունները, որոնք գնալով կատարելագործվում են: Արդյունքում՝ ունենում ենք այն վակուումը, որը կա այսօր։ Քանի որ ծնողներն իրենց երեխաների տարիքում ևս իրենց հարցերի համարժեք պատասխանները չեն ստացել, այդ պատճառով իրենք ևս չեն կարողանում պատասխանել իրենց երեխաներին,–ասել է Շահրամանյանը:

Բանախոսը նշել է, որ սեռակրթությունն ու համապատասխան դաստիարակությունը շատ կարևոր նշանակություն ունեն, և ընդգծել է, որ եթե ծնողը դա չի անում, ապա երեխան փողոցի ազդեցության տակ է ընկնելու.

–Պետք է որոշակի սերնդից սկսենք: Եթե ավագ սերունդը կաշկանդվում է, ապա այսօր երիտասարդներն ազատ են, և նրանց պետք է ուղղություն տալ՝ ճիշտ սեռադաստիարակել իրենց երեխաներին: Եթե ծնողը լռի, նրան կդաստիարակի փողոցը։

Արթուր Պողոսյանն էլ իր հերթին նշել է, որ սեռակրթությունը պետք է ներմուծվի բոլոր դպրոցներում ու բուհերում, որպեսզի դեռահասներն ու երիտասարդները պատասխաններ ստանան մասնագետներից: Մանկապատանեկան հոգեբույժը ծնողներին խորհուրդ տվեց հնարավորինս անկեղծ լինել իրենց երեխաների հետ և նրանց հետ զրուցելիս ընտրել տարիքին համապատասխան բառեր.

–Հաճախ ծնողներն իրենց չիմացությունը ծածկում են հեքիաթներով, բայց դրա կարիքը չկա: Եթե ինչ-որ բան չգիտեք, երեխային ասեք՝ այս պահին չգիտեմ, կմատածեմ, կասեմ։

Բանախոսներն այս հարցում մեծ կարևորություն են տվել նաև լրատվամիջոցների դերին ու ընդգծել, որ համապատասխան հրապարակումների ու լուսաբանումների անհրաժեշտություն կա։ Շահրամանյանը նշել է, որ այս տեսանկյունից վերջին շրջանում որոշ տեղաշարժ կա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը