Լրահոս

11.07.2012 13:58


Պե՞տք է արդյոք արվեստի գործիչը քաղաքականությամբ զբաղվի

Պե՞տք է արդյոք արվեստի գործիչը քաղաքականությամբ զբաղվի

Այսօր հրավիրված մամլո ասուլիսին լրագրողների հարցերին են պատասխանել դերասանուհի Նելլի Խերանյանը, երաժիշտ Վահան Արծրունին և դերասան Արա Դեղտրիկյանը։

Խոսելով Շուշան Պետրոսյանի՝ ԱԺ պատգամավոր դառնալու մասին, Վահան Արծրունին նշել է, թե ձեռնպահ կմնա նորաթուխ պատգամավորի գործունեությանը որևէ  գնահատական տալուց, քանի որ դեռ վաղ է կարծիք հայտնել ու ինչ–որ որակումներ տալ։ Նելլի Խերանյանն էլ նշել է, որ չի հասկանում, թե ինչու են  Շուշան Պետրոսյանին քաղաքականություն մուտք գործելու համար այդքան քննադատում.

–Գուցե լավ քաղաքական գործի՞չ է դառնում, ի՞նչ եք ուզում այդ մարդուց։ Ես այսպես եմ ուզում մտածել։

«7օր»-ի հարցին՝ հնարավո՞ր է արդյոք, որ ապագայում իրենք էլ սկսեն քաղաքականությամբ զբաղվել, երեք բանախոսներ տարբեր պատասխաններ են տվել։

–Երբեք մի՛ ասա՝ երբեք։ Կյանքում ամեն ինչ կարող է պատահել, բայց ինձ քաղաքականությունը քիչ է առանձնապես հետաքրքրում. այնքանով, որքանով դա կապված է արտաքին քաղաքականության ու վաղվա օրվա հետ,–ասել է Նելլի Խերանյանը։

Իր հերթին Արա Դեղտրիկյանը նշել է, որ ամեն մարդ կյանքում պետք է զբաղվի իր գործով.

–Անձամբ ես դրա մասին չեմ մտածել, ու կարծում եմ՝ չեմ էլ մտածի։ Ինչքան էլ դժգոհ լինեմ արվեստում տիրող մթնոլորտի թերություններից, միևնույն է, ես սիրում եմ զբաղվել իմ գործով։

Վահան Արծրունին էլ ասել է, որ նման բան հնարավոր է, բայց՝ որոշ պայմանների դեպքում.

–Երբեմն լինում է, որ արվեստագետը պարտավորված է մտնել քաղաքականության մեջ։ Շատ օրինակներ կան, նույն Վացլավ Գավելի օրինակը։ Այսինքն՝ որոշակի պատմական իրավիճակը կարող է ստիպել հրաժարվել արվեստից ու զբաղվել քաղաքականությամբ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը