Մեկնաբանություն

04.07.2012 16:28


Ո՞վ պետք է պատասխան տա ՀՀԿ–ի պայթած փուչիկների համար

Ո՞վ պետք է պատասխան տա ՀՀԿ–ի պայթած փուչիկների համար

Լավ է, որ հասարակական ու քաղաքական շրջանակների ընդվզման շնորհիվ իշխանությունը չկարողացավ կոծկել «Հարսնաքարի» հանցագործությունը։ Ճնշման տակ Ռուբեն Հայրապետյանը հայտարարեց մանդատից հրաժարվելու մասին, ինչը նույնպես դրական է, բայց որպեսզի պայքարը հատվածական բնույթ չկրի, պետք է Սերժ Սարգսյանի գլխավորած թիմի բոլոր «քաջագործությունների» համար պատասխան պահանջել։

Ինչպես հայտնի է, ՀՀԿ նախընտրական արշավն ավարտվեց համերգ–հանրահավաքով, որի ժամանակ պայթեցին «Հավատանք, որ փոխենք» տխրահռչակ գրությամբ փուչիկները։ Հարյուրից ավելի մարդու առողջությանը վնաս հասցվեց։

Նկատենք, որ ինչպես Վահե Ավետյանի մահից հետո նախագահը ոչ համարժեք պահվածք դրսևորեց ու մեկնեց ֆուտբոլ նայելու, այնպես էլ այն ժամանակ, ի զարմանս և ի զայրույթ շատերի, նախընտրական ելույթ ունեցավ, և դա այն դեպքում, երբ տարբեր կարգի այրվածքներ էին ստացել բազում երիտասարդներ։ Այսինքն՝ նախընտրական շոուն ավարտուն տեսքի հասցնելն ավելի կարևորվեց, քան մարդկային ողբերգությանը տեր կանգնելը։

«7 օրը» վերջերս ոստիկանությունից հետաքրքրվել էր, թե ինչ կա պայթած փուչիկների հարցում։ Մեզ պատասխանել էին, թե դեռ նախաքննությունը շարունակվում է (տե՛ս http://7or.am/am/news/view/37406/)։ Փաստորեն, փուչիկների պայթյունից անցել է ավելի քան մեկ ամիս, սակայն ոստիկանությունը ասելիք չունի, իսկ իշխանական լրատվամիջոցներն էլ, թերևս, հրահանգ չունեն, որպեսզի հարցը տաք պահեն։

Ինչո՞ւ «Ֆեյսբուքում», օրինակ, չի ստեղծվել «Պահանջում ենք պատժել ՀՀԿ–ի պայթած փուչիկների բոլոր մեղավորներին, ովքեր երիտասարդների տուժելու պատճառ դարձան» խումբ, և ինչո՞ւ այդ  դեպքի շրջանակներում չի պահանջվել նախագահի մանդատից զրկել Սերժ Սարգսյանին։ Չէ՞ որ Սերժ Սարգսյանն անձամբ չէր փչել այդ փուչիկները, ինչպես որ Հայրապետյանն անձամբ չէր ծեծել երիտասարդ սպային։ Սկզբունքի տեսակետից՝ Հայրապետյանից արդարացիորեն դժգոհողներս պետք է պատասխան պահանջենք նաև Հայաստանի թիվ մեկ օլիգարխ Սերժ Սարգսյանից, ով մարտի 1–ին անձամբ չէր 10 մարդու մահվան հասցրել և անձամբ չէր Հրապարակում հավաքվածների գլխին փուչիկ պայթեցրել, բայց դե ...։

Ս. Սարգսյանն, անշու՛շտ, չէր ուզենա, որ փուչիկները պայթեին ու ՀՀԿ–ի հանրահավքը հարամվեր, բայց Հայրապետյանն էլ չէր ուզենա ընկնել այսպիսի պատմության մեջ։ Հետևաբար՝ հարցը պետք է դիտարկել սկզբունային տեսանկյունից և մինչև վերջ հետևողական լինել։

Ակնհայտ է, որ համբերության բաժակը լցվել է, և Վահեի մահը պարզապես այն կայծն է, որից կարող է բոց բռնկվել, ու դա է պատճառը, որ Հայրապետյանը «դռբի» տակ ընկավ։ Բայց երկրում առկա համակարգային խնդիրների պատճառը Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը չէ։ Նա ընդամենը հետևանք է այն հարաբերությունների, որոնք հաստատվել են վերևից։ 

Այս ամենից միանշանակ գալիս ես այն եզրակացության, որ, առանձին  դեպքերի դեմ պայքարելուց զատ, պետք է ՀՀ քաղաքացիներիս պայքարի հիմնական թիրախը  լինեն Բաղրամյան 26–ը տնօրինողները և մեր քաղաքացիներին արտագաղթի հասցնող «Հայկական աշխարհ» կառուցողները։ Երկաթը պետք է տաք–տաք ծեծել։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը