Լրահոս

04.07.2012 11:18


ԵՄ խորհրդի նախագահ. «Հայաստանի քաղաքացիական հասարակությունը պետք է մշտադիտարկի բարեփոխումները, պահանջի հաշվետվողականություն և մասնագիտանա»

ԵՄ խորհրդի նախագահ. «Հայաստանի քաղաքացիական հասարակությունը պետք է մշտադիտարկի բարեփոխումները, պահանջի հաշվետվողականություն և մասնագիտանա»

–Հայաստանի քաղաքացիական հասարակությունը պետք է ակտիվություն դրսևորի երեք գործառույթներում՝ պետք է մշտադիտարկի բարեփոխումները, պահանջի հաշվետվողականություն և մասնագիտանա: Նման գործունեությունը պետք է իրականացվի երկրի կենսագործունեության բոլոր ոլորտներում,–նման հայտարարությամբ է այսօր հանդես եկել  Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպոյը «Հայաստանը Եվրոպայում» համաժողովի ընթացքում։

Ռոմպոյը նշել է, որ մեծ ակնկալիքներ ունի համաժողովից ու բարձր է գնահատում Հայաստանում քաղաքացիական հասարակության զարգացումը.

–Մենք կշարունակենք քաղաքացիական հասարակությանը ֆինանսական աջակցություն տրամադրել իրական բարեփոխումների՝ մարդու իրավունքների և ժողովրդավարության կայացման համար։

Եվրոպական խորհրդի նախագահը անդրադարձել է նաև ՀՀ առաջիկա նախագահական ընտրություններին ու հույս հայտնել, որ մինչև ընտրություններ լուրջ դրական տեղաշարժեր կգրանցվեն:

 Խոսելով ԼՂՀ խնդրի կարգավորման շուրջ՝ վան Ռոմպեյը նշել է, որ քաղաքացիական հասարակությունը պետք է նպաստի նաև Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը.

–Առանց հասարակությունների ներգրավման, բանակցությունները կարող են ձախողվել: Հասարակությունների միջև երկխոսությունը կարևոր է տարածաշրջանում երկարատև խաղաղություն հաստատելու հարցում: Մենք աջակցում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբին և առաջարկում ենք մեր աջակցությունը բարձր ներկայացուցչի միջոցով, ով կոչված է դյուրացնելու իրավիճակը։

Նշենք, որ համաժողովը կազմակերպել էր «Արևելյան գործընկերության» Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը և Եվրոպական հետազոտությունների կենտրոնը ՀՀ կառավարության ընդունելությունների տանը:

Այս խորագրի վերջին նյութերը