Լրահոս

29.06.2012 20:19


Մահացել է «Հարսնաքարում» դաժան ծեծի ենթարկված Վահե Ավետյանը

Մահացել է «Հարսնաքարում» դաժան ծեծի ենթարկված Վահե Ավետյանը

ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում հունիսի 17-ին ծեծի ենթարկված ՊՆ կենտրոնական կայազորի ռազմական հոսպիտալի ԼՈՌ բաժանմունքի պետ, բուժծառայության մայոր 35-ամյա Վահե Ավետյանը մահացել է:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք` հունիսի 17-ին՝ ժամը 23-ի սահմաններում, ԱԺ հանրապետական պատգամավոր, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում դաժան ծեծի էին ենթարկվել մի քանի ռազմական բժիշկներ: Ինչպես հետագայում պարզվել էր` նրանք հոսպիտալի բժիշկներ են` Էդգար Միկոյանը, Արկադի Աղաջանյանը, Գարիկ Սողոմոնյանը, Արտակ Բայադյանը և ՊՆ կենտրոնական կայազորի ռազմական հոսպիտալի ԼՈՌ բաժանմունքի պետ, բուժծառայության մայոր Վահե Ավետյանը: Վերջինիս գլխի ծանր վնասվածքով տեղափոխել էին հոսպիտալ և նյարդավիրաբուժական վիրահատության ենթարկել: Դժբախտաբար, այսօր ժամը 19:00-ի սահմաններում Ավետյանը մահացավ:

Հիշեցնենք, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ. ոստիկանները բերման են ենթարկել 7 մարդու, ռեստորանի մենեջերին և մատուցող Դավիթ Ադամյանին, ով առաջինն է սկսել վիճաբանությունը Վահե Ավետյանի հետ, նաև անվտանգության հինգ աշխատակիցների, այդ թվում՝ Գարիկ Մարգարյանը, Արթուր Բաբլոյանը, Արման Բաղդասարյանը և Արման Խաչատրյանը: Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը հունիսի 22-ին երկամսյա կալանքի որոշում է կայացրել «Հարսնաքարի» գործով: Կալանավորվել է 6 մարդ` Գարիկ Մարգարյանը, Արման Բաղդասարյանը, Դավիթ Ադամյանը, Արման Խաչատրյանը, Նորայր Հայրապետյանը և Արթուր Բաբլոյանը:

Այս խորագրի վերջին նյութերը