Մեկնաբանություն

27.05.2009 14:48


Մեղավորների և հանդուրժողների ընտրությունը

Մեղավորների և հանդուրժողների ընտրությունը

1991 թվականից հետո հայաստանյան որևէ ընտրություն հայ ժողովրդի հետ որևէ կապ չունի: Այդ ընտրությունները նույնիսկ չեն կատարվում կուսակցությունների միջև, ինչպես թվում է իրականում, ընտրությունները իշխանությունը կրող ուժի և ժողովրդի միջև են: Եվ այդ ընտրություններում չկան հաղթողներ ու պարտվողներ, այլ կան մեղավորներ և հանդուրժողներ: Եվ եթե ուզում ենք, իրոք, փոխել  իրերի դրությունը, անհրաժեշտ է, որ իշխանության գա մի ուժ, որը կհրաժարվի պետական համակարգը դարձնել իր ընտրական համակարգը: Ահա այդ սերունդը կլինի իրական հաղթող և ազգային: Ցավոք, այսօր, հանձինս իշախանության և արմատական ընդիմության մենք գործ ունենք նույն սերնդի նույն տեսակի հետ և իշխանություններն ու ԼՏՊ-ական նախկին իշխանություններն ունեն միևնույն գենետիկան, և իշխանություն-ընդիմություն խաղը զուրկ է որևէ իրական բովանդակությունից և նոր՝ ավելի լավ հեռանկարից: Իրականում չկա մտածողության և տեսակի փոփոխման իրական առաջադրում նրանցից որևէ մեկի կողմից: Նրանք նույնն են իրենց ծննդաբանությամբ, կյանքով, նույնիսկ՝ ապագայով: Եվ գիտակցելով դա, պետք է շարժվել առաջ միայն ու միայն մեղանչելով և նոր մտածողության համար ճանապարհ բացելով: Եվ ով կարողացավ վերցնել ազգային և պետական շահերի իրական դրոշակը և ինքն իր հետ և ժողովրդի առջև մնաց անկեղծ, նա կփոխի այս աղետալի վիճակը: Եվ այդ սերունդը պետք է լինի մտավորական նվիրյալների սերունդ, որը կստեղծի իրական այլընտրանք և կսերմանի հայի իր կերպը՝ ոչ միայն մտովի, այլև՝ անձնական օրինակով: Ցավոք, արդարամտությունը հակացուցված են մնում Հայաստան պետության բարձրագույն իշխանավորներին, և պատերազմի դաշտից վերադառնալով նրանք իրենց գաղափարներն ու փառքը ծախեցին արծաթի իշխանությանը՝ իրենց մարտական ընկերներին և ողջ ժողովրդին թողնելով երազանքներից և իրականությունից խաբված, ապագայի հանդեպ՝ մոլոր:

Իսկ առջևում ընտրություններ են՝ կրկին ժողովրդի և իշխանության միջև...

Արտակ Սարգսյան

Այս խորագրի վերջին նյութերը