Լրահոս

02.05.2012 12:35


Թևան Պողոսյանը կո՞ղմ է հայ–թուրքական արձանագրություններից Հայաստանի ստորագրությունները հետ կանչելուն

Թևան Պողոսյանը կո՞ղմ է հայ–թուրքական արձանագրություններից Հայաստանի ստորագրությունները հետ կանչելուն

Այսօր Մարդու զարգացման միջազգային կենտրոնի տնօրեն Թևան Պողոսյանը պատասխանել է «7օր»–ի այն հարցին, թե հայ–թուրքական արձանագրությունների նկատմամբ  իր դիրքորոշումը  արդյոք չի՞ փոխվել՝ հաշվի առնելով, որ ինքն այսօր առաջադրվում է «Ժառանգություն» կուսակցության համամասնական ցուցակով։ «Ժառանգություն» կուսակցությունը դեմ է եղել այդ արձանագրությունների ստորագրմանը և պահանջում է հետ կանչել արձանագրությունների տակ դրված Հայաստանի ստորագրությունները։ Թևան Պողոսյանն էլ դրական էր գնահատում արձանագրությունների ստորագրման փաստը և գործընթացը։ Թևան Պողոսյանն ասել է.

–Ես ասել եմ՝ արձանագրությունները խնդիր են լուծել այն ժամանակ իրենց պարագայում Հայաստանի քաղաքականությունը, դիրքը տարածաշրջանում մշակելու։ Այսօրվա դրությամբ արձանագրությունները, այդ փաստաթուղթը, որը մեռած փաստաթուղթ է, գտնվում է Ազգային ժողովում, ընդամենը հարց է լուծում Հայաստան–ԱՄՆ հարաբերություններում և ընդհանրապես կապ չունի հայ–թուրքական հարաբերությունների հետ։ Անցյալում ինքն իր խնդիրները լուծում էր, որը ես նաև որպես փորձագետ ասում էի, որ Հայաստանին այսօրվա դրությամբ այս փաստաթղթերը պետք են, պետք է կարողանաս այդ քաղաքականությունը առաջ տանես։ Որպես փորձագետ՝ ես այն ժամանակ էլ եմ համարել, որ ճիշտ եմ եղել, այսօրվա դրությամբ էլ, այն րոպեին գնահատելով՝ համարում եմ, որ այն ժամանակ այդ փաստաթուղթը տվել է Հայաստանին ինչ–որ խնդիրներ, որոնք արդեն անցել են։ Արդյոք Հայաստանը դասեր քաղե՞լ է այդ արձանագրություններից, դա է կարևոր։

Լրագրողի այն հարցին էլ, թե կաջակցի՞ ինքը «Ժառանգությանը», եթե կուսակցությունը հարց բարձրացնի ապագա խորհրդարանում՝ հետ կանչել Հայաստանի ստորագրությունները այդ փաստաթղթերից, Թևան Պողոսյանը պատասխանել է.

–Այսօր՝ այո։ Որովհետև ես մտել եմ քաղաքական դաշտ՝ քաղաքական դիրքորոշում եմ ցուցաբերում։ Այն ժամանակ եղել եմ փորձագետ՝ փորձագիտական դիրքորոշում եմ հայտնել, թե որտեղ եմ ես տեսնում Հայաստանի շահերի իրականացումը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը