Կարծիք

10.04.2012 21:31


Վարդան Օսկանյանի ելույթը Շենգավիթի ընտրողների հետ հանդիպմանը

Վարդան Օսկանյանի ելույթը Շենգավիթի ընտրողների հետ հանդիպմանը

Խորհրդարանական այս ընտրությունը մեր քսանամյա անկախության թերևս ամենակարևոր ընտրությունն է: Ոչ թե որ նախորդ ընտրությունները կարևոր չեն եղել, այլ այն պատճառով, որ որքան ժամանակը գնում է և մենք չենք կարողանում մեր ցանկացած Հայաստանը ունենալ, այդքան կարևոր է դառնում յուրաքանչյուր ընտրություն:

 Իսկապես, Հայաստանում քաղաքական իրավիճակի փոփոխության հրամայականը երբեք այսքան հրատապ չի եղել: Միաժամանակ, այդ իրավիճակը փոխելու հնարավորությունը երբեք այսքան մեծ չի եղել:


Հայաստանում ազատ ու արդար ընտրություններ անցկացնելու անհրաժեշտությունը երբեք այսքան ճակատագրական չի եղել: Միաժամանակ՝ ազատ ու արդար ընտրություններ անցկացնելու հնարավորությունը երբեք այսքան մեծ չի եղել:

 Այլ կերպ ասած՝ երկու պարագաներում նպատակն ու հնարավորությունը համընկնում են: Իհարկե, բոլոր վերը նշված գործոնները շաղկապված են և մեկը մյուսին լրացնում են:

 Կուզենայի սկսել վերջից: Այս անգամ դատապարտված ենք ազատ ու արդար ընտրություններ անցկացնելու, որովհետև և՛ հասարակության, և՛ քաղաքական ուժերի համբերության բաժակը լցվել է: Բոլորը վճռական են միասնաբար ու առանձին-առանձին պայքարել ընտրակեղծիքների դեմ: Դրա մասին են վկայում հասարակական բազմաթիվ շարժումները և քաղաքական ուժերի՝ ընտրակեղծիքների դեմ միասնաբար պայքարելու գործնական քայլերը:

 Բարգավաճ Հայաստանը վճռական է այս հարցում: Մենք ներդնելու ենք մարդկային և տեխնիկական հնարավոր բոլոր ռեսուրսները և ինչպես առանձին, այնպես էլ մյուս ուժերի հետ համագործակցությամբ պայքարելու ենք ընտրակեղծիքների դեմ, տեր ենք կանգնելու ու պաշտպանելու ենք յուրաքանչյուրի քվեն:


 Հայաստանի համար ազատ ու արդար ընտրությունները անհրաժեշտ են.

. որպեսզի վերականգնենք ժողովրդի վստահությունը համակարգի հանդեպ, 

. որպեսզի խորհրդարանը ճիշտ արտացոլի երկրում առկա քաղաքական պատկերը,

. որպեսզի կարողանանք վերացնել քաղաքական մենաշնորհը և կառուցենք իրական հակակշիռների վրա հիմնված քաղաքական համակարգ, 

. որպեսզի նոր խորհրդարանը և նոր կառավարությունը ունենան օրինականության և ժողովրդի վստահության այնպիսի պաշար, որը թույլ կտա լուծել ժողովրդի առջև ծառացած բարդագույն խնդիրները, իրականացնել մեր երկրի առաջընթացի համար անհրաժեշտ և անխուսափելի խորքային բարեփոխումները և դիմագրավել տարածաշրջանային և համաշխարհային մարտահրավերներին:

Առանց ազատ ու արդար ընտրությունների, առանց քաղաքական հակակշիռների և առանց օրինականության մենք պարզապես դատապարտված ենք ձախողման:

 Հետաքրքրական զուգադիպությամբ՝ վերջերս ԱՄՆ-ում մի գիրք է լույս տեսել «Ինչու են պետությունները ձախողվում» վերնագրով, որի երկու հեղինակներից մեկը մեր հայրենակից Տարոն Աջեմօղլուն է: Գրքի հեղինակները եզրակացնում են, որ պետությունների հաջողությունները կամ ձախողումները կախված են ոչ թե նրանց աշխարհագրությունից, պատմությունից, կրոնից կամ ազգային բնութագրից, այլ նրանց` քաղաքական ու տնտեսական ինստիտուտներ ստեղծելու կարողությունից: Հաջողության են հասնում այն պետությունները, որոնք ստեղծում են համապարփակ քաղաքական ու տնտեսական ինստիտուտներ, ինչը յուրաքանչյուր անհատի հնարավորություն է տալիս ստեղծագործել, ներդրում անել և զարգանալ: Ձախողվում են այն պետությունները, որոնց ինստիտուտները դառնում են կեղեքող, քամող, որտեղ ուժն ու արարելու հնարավորությունները կենտրոնանում են մի քանի անձանց ձեռքում:

 Մյուս միտքը, որ առաջ են քաշում հեղինակները, այն է, որ ամեն ինչի հիմքում քաղաքականությունն է, և ճիշտ տնտեսություն ու հասարակություն կառուցելու համար նախևառաջ պետք է ունենալ ճիշտ քաղաքական համակարգ:


 Հենց սրա համար ես այսօր ցանկացա մի քիչ խորանալ այս քաղաքական խնդիրների մեջ: Ես հասկանում եմ, որ դուք բոլորդ ակնկալում եք խոսել սոցիալ-տնտեսական խնդիրներից և դրանց լուծումներից: Այո, վերջիվերջո պետության գոյության հիմնական նպատակը իր քաղաքացիների համար ապահով և բարգավաճ կյանք ապահովելն է: Պետք չէ, որ դուք մտահգովեք ձեր երեխաների ապագայի մասին, նրանց կրթության, ձեր առողջապահական խնդիրների, աշխատանքի, հանապազօրյա հացը վաստակելու մասին: Պետք չէ, որ մտածեք երկիրը թողնել-հեռանալու մասին:

Ինչո՞ւ քսան տարի անց մենք դեռ չենք կարողացել լուծում տալ այդ խնդիրներին:
Որովհետև, ինչպես այդ գրքի հեղինակներն են պնդում, մեր քաղաքական համակարգն է սխալ:

Այսօր մեր բոլոր ձախողումների ու թերացումների հիմքում քաղաքական մենաշնորհն է, որից ծնվում են տնտեսական մենաշնորհը և կոռուպցիան: Միայն քաղաքական հակակշիռների առկայության և մենաշնորհի բացակայության դեպքում մենք կկարողանանք հասնել հաջողությունների:

 Այսպիսի ինստիտուտներ հնարավոր է ստեղծել միայն ու միայն երկրորդ ու երրորդ սերնդի բարեփոխումների արդյունքում: Հավանաբար դուք արդեն հոգնել եք այս ամենի մասին լսելուց և թերևս չեք պատկերացնում, թե ինչ են իրականում այդ բարեփոխումները:

 Ես կփորձեմ ներկայացնել ամենապարզ ձևով. այս քսան տարիների ընթացքում երկրում ժողովրդավարության և ազատ տնտեսության ոլորտներում շատ բան է արվել: Բայց զուգահեռաբար զարգացել և սերտաճել են իշխանության և գործարարության հարաբերությունները և շահերը՝ ձևավորելով քաղաքական ու տնտեսական էլիտա, որը դարձել է Հայաստանում քաղաքական ու տնտեսական շարունակական բարեփոխումների հիմնական արգելակը:

 Հայաստանում ժողովրդավարությունն ու ազատ տնտեսությունը գտնվում են վտանգավոր կետում, այսինքն՝ այդ երկու ոլորտները առաջ են գնացել այնքան, որ կարելի է ասել՝ ժողովրդավարական երկիր ենք ու ազատ տնտեսություն ունենք, սակայն այնքան առաջ չեն գնացել, որ ասվածը համոզիչ լինի մեր իսկ հասարակության և միջազգային հանրության համար:

 Այլ կերպ ասած, վտանգն այն է, որ մենք անընդհատ կարող ենք ձևացնել, որ ժողովրդավարական պետություն ենք, որ ունենք ազատ տնտեսություն, երբ իրականության մեջ այդպիսին չենք: Իսկ ժողովրդավարություն ու ազատ տնտեսություն ձևացնելը շատ ավելի վնասակար է պետության զարգացման համար, քան դրանց իսպառ բացակայությունը, ինչի պարագայում խաղի կանոնները շատ ավելի հստակ են:

 Իսկական ժողովրդավարությունն ու ազատ տնտեսությունը Հայաստանի զարգացման և առաջընթացի համար այլընտրանք չունեն: Սա ենթադրում է ժողովրդավարության հիմնարար սկզբունքների անվերապահ պաշտպանություն, արդարություն, հանդուրժողականություն և մարդու ու խոսքի ազատություն: Տնտեսական ոլորտում` ազատ շուկայի հիմնարար սկզբունքների անվերապահ պաշտպանություն, հավասար հնարավորություններ, ազատ մրցակցություն և սեփականության անձեռնմխելիություն:

 Մենք չունենք ո՛չ գազ, ո՛չ նավթ, մեր աշխարհագրությունը բարդ է, իսկ հնարավորությունները` սահմանափակ: Մեր միակ ռեսուրսը պետք է լինի բաց, թափանցիկ տնտեսությունը, արդարությունը, օրենքի առջև բոլորի հավասարությունը:


 Մեր ռեսուրսը պետք է լինի մեր ժողովրդավարությունը, անհատ քաղաքացու հավատը երկրի ապագայի հանդեպ. դա փոքր ռեսուրս չէ։ Եվ եթե կարողանանք առավելագույնս այն օգտագործել, ես համոզված եմ, որ մենք կկարողանանք կառուցել մեր ուզած երկիրը:

 Բարգավաճ Հայաստանն ընտրությունների գնում է այս հավատամքով և պատրաստ է հնարավորինս մեծ պատասխանատվություն վերցնել Հայաստանի հաջորդ հինգ տարիների ապագան կերտելու գործում: Ժողովրդի նման վստահություն ստանալու դեպքում մենք հայտնվելու ենք քաղաքականորեն այնպիսի բարենպաստ իրավիճակում, որը մեզ հնարավորություն կտա անկաշկանդ իրականացնել մեր ծրագրերն ու ժողովրդին տված խոստումները:

Վարդան Օսկանյան

Այս խորագրի վերջին նյութերը