Կարծիք

15.03.2012 11:34


Հավատա, որ չհավատաս

Հավատա, որ չհավատաս

Լավ է հավը ձեռքիդ մեջ, քան արծիվն օդում (ժող.)

 Տեղի ունեցավ ՀՀԿ 13-երորդ համագումարը, ինչպես Սերժ Սարգսյանն ասաց` մեր կյանքում կարևոր նշանակություն ունեցող իրադարձություն: Չվիճենք, թեև մեր երկիրն արդեն 20 տարի է զարգացման հնգամյա պլաններով առաջ չի գնում և այս 20 տարվա մեջ դեռ ոչ մի կուսակցության համագումար երկրի համար հատկապես տնտեսական առումով բախտորոշ նշանակություն չի ունեցել: Աստված տա` հետո էլ չունենա, եթե այսպիսին պետք է լինի համագումարը` գան, մի ելույթ լսեն, մի քանի ուղերձ կարդան ու գնան խմելու: Վստահեցնում եմ ձեզ, որ այն, ինչ տեղի ունեցավ մարզահամերգային համալիրում, ՀՀԿ-ն կարող էր անել իր գրասենյակում ու հետո խոսնակներին ուղարկել մամուլի ակումբներ` ՀՀԿ-ի նոր կուրսը ժողովրդին ավետելու:

Երբ փոքր բանից փորձում ես շատ մեծ բան ստանալ, միշտ էլ ստանում ես ծիծաղելի բան: Ով կփորձի հակառակը պնդել եւ կարևորություն տալ այս իրադարձությանը, խնդրեմ, իր իրավունքն է: Թող ուրեմն այդ մեկն էլ հավատա, որ փոխի, եթե, իհարկե, հասկացել է, թե ինչին պետք է հավատա և ինչը պետք է փոխի, եթե, իհարկե, կարողանում բացատրել, թե ինչու 14 տարի շարունակ ՀՀԿ-ն չի հավատացել ու չի փոխել:

Մենք գանք մեր առաջին նախադասությանը, որ ասացինք` տեղի ունեցավ ՀՀԿ 13-րդ համագումը, կարևոր իրադարձություն մեր կյանքում, ինչպես որակեց Սերժ Սարգսյանը: Իսկ ո՞ւր են սազանդարները: ՀՀԿ-ական թաքուբիր գործիչներին չհաշված` ուրիշ ո՞վ է փորձել գնահատական տալ Սերժ Սարգսյանի ելույթին: Անձամբ վարչապետը փորձե՞լ է, Սերժ Սարգսյանի ընկերը` Արթուր Բաղդասարյանը, փորձե՞լ է, ՀՀԿ-ի կոալիցիոն մյուս գործընկերոջից` ԲՀԿ-ից որևէ բառ լսվե՞լ է համագումարի կամ գլխավոր զեկույցի մասին: Իսկ պատվո-հրավիրյալնե՞րը` դհոլներն ու դհոլանման երևույթնե՞րը: Բա ո՞վ պիտի կարևորի համագումարի գլխավոր զեկույցը` Սերժ Սարգսյա՞նը: Պարզվում է` Սերժ Սարգսյանը, որովհետև ոչ ոք, իրենից բացի, չի հասկացել:

Կարելի էր այս ամենի անունը յուրայինների գլխին խաղացած չար կատակ դնել: Այդ դեպքում ես կասեի` Սերժ Սարգսյանը հանճարեղ բան է մտածել` պարսավանքի ենթարկել նեխած համակարգը և ցիրուցան անել երկիրն այս օրը գցած կոռուպցիոներական բուրգը: Բայց, ավաղ… Սերժ Սարգսյանը համալիրում խոսում է կաշառակերությունից, քաղաքական գործընթացները օլիգարխիկ ազդեցություններից զերծ պահելու և մենաշնորհների դեմ պայքարելու անհրաժեշտությունից, իսկ ՀՀԿ գրասենյակում այդ նույն օլիգարխներից ու մենաշնորհ ունեցողներից բաղկացած նախընտրական ցուցակներ են կազմվում: Ստացվում է, որ մենք պարտավոր ենք հավատալ այդ ցուցակը լցնող բիոմասսային` մարզահամերգային համալիրում հավաքված մի քանի հազար մեծուփոքր չիներին, Սերժ Սարգսյանի մասին գրքեր գրած «քաղաքական» գործիչներին, Սերժ Սարգսյանի վարած հայ-թուրքական ֆուտբոլը դիսերտացիայի նյութ դարձրած ու հաջողությամբ «պաշտպանած» կիսագրոգետ քաղգործիքներին, թալանչիներին, կաշառակերներին, Հայաստանի ժողովրդին նյութապես ու բարոյապես անկման եզրին հասցրած այս ողջ մարդակույտին (առանձին բացառությունները չհաշված): Սրա՞նք են պարտավորվում փոխվել ու փոխել: Իսկ մեզնից պահանջվում է ընդամենը հավատա՞լ: Չփորձե՞նք: Ավելի ճիշտ` կրկին չփորձե՞նք: Լավ, ինչքա՞ն փորձենք: Անկախացումից ի վեր փորձում ենք: Փորձում ենք հավատալ, որ փոխենք: Չհաշված թեթև հալոցքները` մեր փորձերի արդյունքում սով, ցուրտ ու մութ ենք տեսել, աղքատություն, կաշառակերություն, կոռուպցիա, տնտեսական անկում, հայ գիր-գրականության, հայ մշակույթի ոչնչացում, հայրենալքություն… Իրենց կողմից եթե նայես` այս ամենը հայրենատիրություն է, ու տերերն իրենք են, փոխողն իրենք են… Մենք միայն պիտի հավատանք:

Զարգացման օրենքն է` պիտի փոխես որ փոխվի: Գործն անելով է վերջանում եւ ոչ թե խոսելով, աչքն իր տեսածին է հավատում եւ ոչ թե ականջի լսածին: Իսկ տեսածը, ավաղ` խայտառակություն է: Նոնսենս չի՞ արդյոք, որ կաշառակերների բանակը հոտընկայս ծափերով ողջունում է կաշառակերությունը դատափետող ելույթը եւ, գետինը մտնելու փոխարեն, բարձր տրամադրությամբ ճամփա ընկնում մի բաժակ բան խմելու:

Ճակատագրի խաղ լինի ասես: Այս նույն դահլիճում, ՀՀԿ 20-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ, նախագահ Սարգսյանի ելույթը դարձյալ բուռն ծափողջույններով ընդունեց այս նույն զանգվածը: Դեռ այն ժամանակներից պիտի սկսեին փոխվել: Իբր: Պիտի փոխվեին, որ հարևան հանրապետություններին մենք այլևս չնախանձեինք, կոռուպցիայի մայրիկը պիտի լացացնեին, որ երկիրը աչք բացեր: Պիտի փոխվեին ու փոխեին սեփական նախաձեռնությամբ` առանց նույնիսկ մեր հավատալը հարցնելու: Փոխվեցի՞ն: Փոխեցի՞ն:

Չեն փոխվի, մինչև չփոխես: Չփոխես` աչքով չես տեսնի, աչքով չտեսնես` չես հավատա: Սա է հուշում տրամաբանությունը: ՀՀԿ-ն հակառակ կողմից է գալիս` հավատա, որ աչքդ տեսնի: Իսկ այդպես չի լինում, սովորաբար:

Էդիկ Անդրեասյան

Այս խորագրի վերջին նյութերը