Լրահոս

28.02.2012 15:41


«Բարգավաճ Հայաստանը» կքվեարկի ազատ

«Բարգավաճ Հայաստանը» կքվեարկի ազատ

––Լսելով 100% համամասնական ընտրակարգին անցնելուն դեմ մեր գործընկերների տեսակետները՝ տպավորությունն այնպիսին է, որ խնդիր է դրված ապացուցել հազար մեկ տարբերակ բերելով համամասնական ընտրակարգով անել ընտրակեղծիքներ,100% համամասնական ընտրակարգին անցնելու վերաբերյալ ԱԺ–ում քննարկվող օրինագծի վերաբերյալ ասել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ներկայացուցիչ Նաիրա Զոհրաբյանը,–եթե խնդիրն այն է, թե էլ ինչ կարելի է անել ընտրակեղծիքների համար, ապա կարելի է բերել ոչ թե հազար և մեկ, այլ երեք հազար և մեկ, չորս հազար և մեկ օրինակ։ Բայց մենք բոլորս էլ հասկանում ենք, որ մեր խնդիրն այն է, թե ինչ անել, որպեսզի հնարավոր ընտրակեղծիքների սողանցքը պակասի, և դա է պատճառը, որ մեր գործընկերները ներկայացրել են օրենքի այս նախագիծը։

Նաիրա Զոհրաբյանը հիշեցրել է, որ ԲՀԿ–ի նախընտրական ծրագրում ամրագրված է 100% համամասնական ընտրակարգին աստիճանական անցում կատարելու դրույթը, և այժմ ԲՀԿ խմբակցությունում տեսակետ կա, որ ընտրություններից ընդամենը 60 օր առաջ խաղի կանոնը փոխելը նպատակահարմար չէ, բայց կա նաև տեսակետ, որը պաշտպանում է մասնավորապես ինքը և ԲՀԿ–ական մի շարք պատգամավորներ ևս. այո՛, ցանկացած պահի, եթե կա՛ անհրաժեշտությունը, պետք է փոխել Ընտրական օրենսգիրքը։

–Եթե մենք ուզում ենք ունենալ քաղաքական մոտիվացիայով առաջնորդվող խորհրդարան, եթե մենք ուզում ենք ունենալ կայացած քաղաքական ուժեր, ապա դրա ճանապարհը մեկն է՝ 100% համամասնական ընտրակարգի աստիճանական անցումը,–ասել է Ն. Զոհրաբյանը՝ ավելացնելով, որ խմբակցությունում տեղի ունեցած քննարկումներից հետո ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առաջարկով իրենց խմբակցության յուրաքանչյուր պատգամավոր այս նախագծին կքվեարկի ազատ՝ իր իսկ խղճի համաձայն։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը