Կարծիք

13.02.2012 12:45


Իշխանությունը փորձում է նստել սվինների վրա

Իշխանությունը փորձում է նստել սվինների վրա

Մարտի 1–ի ողբերգության պատասխանատվությունից խուսափող, սակայն դիպուկահարների ու «черемуха»-ների օգնությամբ իշխանության եկած Սերժ Սարգսյանը պատրաստվում է նույն գետը մտնել երկու անգամ:

Գործնականում ոչ մի քայլ չանելով մարտի 1-ի արյունը մաքրելու համար՝ Սերժ Սարգսյանը իշխանության գալուց հետո ավելի շատ պոպուլիստական և կոսմետիկ քայլերով անհաջող փորձեր արեց հանդուրժող նախագահի իմիջ ձեռք բերել ուղղությամբ: Սակայն պարզվեց, որ գործող նախագահի հանդուրժողականությունը ավարտվում է ընտրությունները սկսվելուն պես:  Պարզվեց նաև, որ, վայ–ինտելեկտուալ վարչապետով ու նախարարներով հանդուրժողական մթնոլորտ ստեղծելու փոխարեն, ձախողել են երկրի կառավարումը:

Հիմա, երբ ընտրություններից մի քանի ամիս առաջ արդեն հասկացել են, որ նույնիսկ աննախադեպ ընտրակեղծիքների կիրառումը խորհրդարանում մեծամասնություն ունենալու համար երաշխիք չի կարող ծառայել, փորձում են դիմել իրենց խիստ հարազատ սվինների օգնությանը: 2008թ. մարտի 1-ին զենքի ուժով իշխանությունը զավթելու օրենսդրական հիմնավորում չկար, հիմա գործող իշխանությունը փորձում է գործը հեշտացնել՝ օրինականացնել սվինների օգտագործումը իշխանությունը պահելու համար: Բոլորի համար էլ ակնհայտ է, որ «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրինագիծը Սերժ Սարգսյանի համար հող է նախապատրաստում անհրաժեշտության դեպքում ժողովրդական հուզումները զենքով խեղդելու  ու ռազմական հեղաշրջման միջոցով հերթական անգամ իշխանությունը ժողովրդից խլելու համար: Այլ կերպ ԱԺ-ում օրինագիծի հայտնվելու փաստը չի կարելի մեկնաբանել:

Գործող իշխանության ներկայացուցիչներից որևէ մեկը չի կարողանում հստակ բացատրել այդ օրինագծի մոտիվացիան և նպատակները, մանավանդ՝ նախընտրական շրջանում: Հետաքրքիր է, թե այդ ինչպիսի՞ իրավիճակ պետք է ստեղծվի, որ ոստիկանության, ազգային անվտանգության պետական լիազոր մարմինների ուժերով հնարվոր չլինի երկրում սահմանադրական կարգը պահպանել: Թերևս այդպիսի երկու դեպք կարելի է հիշել. մեկը՝ 1996թ. աշնանն էր, մյուսը՝ 2008թ. գարնանը: Սակայն երկու դեպքում էլ ոստիկանության, ազգային անվտանգության պետական լիազոր մարմինների ուժերը օգտագործվել են ոչ թե սահմանադրական կարգը պահելու, այլ կեղծված ընտրություններից հետո ժողովրդական հուզումները զսպելու համար: Տարօրինակ զուգադիպությամբ երկու դեպքում էլ Սերժ Սարգսյանը զսպողի դերում է եղել:

Երբ վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարում է, թե լավ կիներ, որ օրինագիծը ընդունվեր մինչև ընտրությունները, ապա կա՛մ վարչապետը լավ չի ըմբռնել օրենքի էությունը, կա՛մ էլ, որ առավել հավանական է, շատ լավ էլ ըմբռնում է և ճարահատյալ հայտարարում, թե հույսը ոչ թե ընտրություններն են, այլ բանակը: Սրանով փորձ է արվում հոգեբանական ազդեցություն գործել քաղաքական դաշտի վրա առ այն, որ իշխանությունը պահելու համար իրենք պատրաստ են ամեն ինչի՝ ընդհուպ մինչև զենքի կիրառում: Չեն հասկանում, որ ազդեցությունը ծնում է հակազդեցություն, իսկ այս դեպքում սվինների օգտագործումը, շատ հավանական է, հակառակ արդյունք կունենա: Ի վերջո, սվիններն օգտակար են այն ժամանակ, երբ քո ձեռքում են, իսկ երբ դրանք քո ձեռքում չեղան, ապա կհայտնվեն… 

Այն, որ օրենքից ակնկալվող արդյունքները քաղաքացիների իրավունքների և ազատությունների երաշախվորումն են, կատարյալ ցինիզմ է: Ընդհակառակը, այդ օրինագծի տապալումը երաշխիք է, որ ժողովուրդն իրեն գործող իշխանության հնարավոր ոտնձգություններից ավելի ապահով կզգա:

Սվինները արդեն իսկ շատ են օգնել գործող իշխանությանն ու հատկապես Սերժ Սարգսյանին, սակայն երբ սկսում ես նստել այդ սվինների վրա, համաձայնեք, որ զգացողությունները այդքան էլ հաճելի չեն:

Դերենիկ Մալխասյան

Այս խորագրի վերջին նյութերը