Աշխարհ

07.05.2009 15:44


Ստեփան Սաֆարյան. «Թուրքիան կարողացավ իր նախապայմանները դարձնել պայմաններ»

Ստեփան Սաֆարյան. «Թուրքիան կարողացավ իր նախապայմանները  դարձնել պայմաններ»

«Ժառանգություն» խմբակցության անդամ Ստեփան Սաֆարյանը մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ թուրքիայի նախապայմանները դարձել են պայմաններ և ամրագրվել ոչ թե «ճանապարհային քարտեզի», այլ ապրլիքսաներկուսյան համատեղ հայտարարության մեջ առկա «համաձայնեցված համապարփակ շրջանակների» մեջ։

Ս. Սաֆարյանի խոսքերով՝ այդ պայմանները վերաբերում են Հայաստանի կողմից Թուրքիայի սահմանների ճանաչմանը, պատմաբանների հանձնաժողով ստեղծելուն և հետո.

-Թուրքիան պահանջում էր Հայաստանից չքննարկել ցեղասպանության խնդիրը, մենք ասացինք՝ այո՛, մենք առանց նախապայմանների ենք գալիս և այդ խնդիրը շրջանցում ենք։ Թուրքիայի թիվ մեկ նախապայմանը բավարարված է։ Սրա հետ կապված Թուրքիայի 2-րդ ենթապայմանը՝ հայերը պետք է հրաժարվեն ցեղասպանության միջազգային ճանաչումից, սա՛ էլ արվեց՝ ապրիլի 22-ին հրապարակված արտգործնախարարությունների համատեղ հայտարարության միջոցով,- ասել է Ս. Սաֆարյանը։

Որպես Թուրքիայի հաջորդ նախապայման էլ՝ Ս. Սաֆարյանը նշել է ԼՂ-ի խնդիրը, որն ըստ նրա, օրակարգում դրված է բանավոր կերպով։

-Թուրքիան հիմար պետություն չէր, որպեսզի գրավոր փաստաթղթում իր վրա վերցներ ԼՂ-ի հակամարտությունը։ Բայց նա չէր ցանկանում կորցնել Ադրբեջանին և կարողացավ հասնել նրան, որ բանավոր կարգով երկու գործընթացների ժամանակացույցը կապվեց միմյանց հետ և այսօր թուրքական այդ նախապայմանը գործողության մեջ է։ Եվ այս խորապատկերի վրա, այսօր ՀՀ նախագահի կողմից որևէ փաստաթղթի (անգամ դատարկ փաստաթղթի) ստորագրումը, ուղղակի վտանգավոր է։

Ս. Սաֆարյանի համոզմամբ, Հայաստանը կհամարվի բռնազավթող երկիր և նրա հարցը պարբերաբար կհայտնվի ՄԱԿ-ի օրակարգում։ Նա նշել է նաև, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն Հայաստանին ստիպում են զիջումների գնալ։

-Հայաստանին հասկացվում է հետևյալը՝ շատ եք ուզում բաց սահման և դիվանագիտական հարաբերություններ ունենալ, ստորագրե՛ք այն, ինչը դուք Մայնդորֆում և այլ տեղերում ասել եք, որ ձեզ համար ընդունելի են, այսինքն՝ Մադրիդյան սկզբունքները։

Արեգնազ Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը