Խմբագրական

26.03.2009 17:21


«Շահումով» Հայաստան

«Շահումով» Հայաստան

Կառավարության լոտոյամոլությունը շարունակվում է։ Որքան քիչ են հավաքվում հարկերը, այնքան ավելի ագրեսիվ է դառնում հեռուստագովազդը։ Որքան ագրեսիվ է դառնում գովազդը, այնքան շնչասպառ է լինում փոքր ու միջին ձեռներեցությունը։ Բայց կառավարությունն անդրդվելի է, որովհետև վերևից ասել են, որ բոլորի փողերը պիտի իրենց ձեռքում հայտնվի։ Պլանային տնտեսություն են ուզում կառուցել, բայց, ի տարբերություն սովետական պլանայինի, սեփականությունը ոչ թե հանրային կլինի, այլ մեկի ձեռքում։ Ու այդ նպատակն իրագործելու համար՝ ընտրել են ՀԴՄ-ների միջոցով թիրախ հայտարարված խոշոր բիզնեսի դեմ պայքարը։ Անշուշտ իշխանության նպատակը փոքրերին ոչնչացնելը չէ, բայց այդպես է ստացվում։ Խոշորի դեմ պայքարի նպատակն էլ ազնիվ չէ, քանի որ սեփականության վերաբաշխման նպատակով է արվում, այլ ոչ թե ազատ շուկա ստեղծելու։ Իսկ առայժմ, իշխանության բոլշեվիկյան ծրագրերի իրականացման համար վճարում է փոքր բիզնեսը։ Կառավարության տնտեսական քաղաքականությանը հանգել է միայն ՀԴՄ-ների կտրոններով լոտո կազմակերպելուն։ Փաստորեն, երկրորդ սերնդի բարեփոխումները շահումով պետություն կառուցելն էր։ «Շահում ես դու, շահում է պետությունը» կարգախոսը բացահայտում է կառավարության քայլերի ենթատեքստը, բայց ոչ ամբողջությամբ։ Ավելի համոզիչ կլիներ, եթե փոքր ու միջին ձեռներեցության գլխատման կարգախոսը հնչեր. «Շահում ես դու, իսկ մենք արդեն շահել ենք»։ Ընդ որում, այդ «մենքի» տակ՝ ՀԴՄ-ի կտրոն պահանջող բազմաչարչար սպառողը պետք է հեռուստաէկրանին տեսներ օրվա իշխանավորներին՝ որպես պահի տակ իշխանական աթոռը շահած մեկի ու ավելի շատ հավատար, որ շահումներ լինում են, ու ավելի մեծ էնտուզիազմով ՀԴՄ կտրոն պահանջեր։

Կառավարությունն ինչքան էլ խոսի տարատեսակ հակաճգնաժամանային ծրագրերի մասին, միևնույն է, իրենց հույսը լոտոյի վրա է։ Ոչի՛նչ, որ այդ ընթացքում փոքր ու միջին բիզնեսը կհայտնվի ավելի մեծ հարկային բեռի տակ, քանի որ ՀԴՄ կտրոնը տրամադրելուց հետո չի կարողանա փաստաթղթային տեսքով հիմնավորել ծախսերը։ Դա կառավարությանը չի հետաքրքրում։ Իրենց փող է պետք՝ շատ փող։ Այդ փողը հարկավոր է իշխանությունը պահելու, տնտեսության մեջ սեփականությունը վերաբաշխելու և «երկրորդ սերնդի» այլ բարեփոխումներ իրականացնելու համար։

Ի դեպ, եթե նկատել եք՝ այլևս չի խոսվում այդ «երկրորդ սերնդի» բարեփոխումների մասին։ Այդ փուլն անցավ։ Այլևս Դիլիջանը միջազգային ֆինանսական կենտրոն չի դառնում, իսկ Ջերմուկում մտադիր են առայժմ միայն ճոպանուղու միջոցով «հասնել և անցնել Ամերիկային»։ Ավելին. նախկինում արմատական ընդդիմադիր եղած ու հետագայում այդ գործունեության համար ներողություն խնդրողն այլևս մեջբերումներ չի անում Ներսես Շնորհալուց և Գարեգին Նժդեհից։ Հիմա ամեն ինչ ընկել է իր տեղը. արդեն Կառլ Մարքսին են հիշել։ Շուտով, երևի, անտիդյուրինգ կքարոզեն։

Էն գլխից էլ նպատակը եղել էր համազգային լոտո կազմակերպելն ու դրամը մեկ գիշերվա մեջ «լողացնելը», քանի որ առայժմ միայն այդպես է հնարավոր տնտեսության թելերը մեկ մարդու ձեռքը հավաքելը։ Մնացածն արդեն լիրիկայի ոլորտից է։ Իսկ միջազգային ճգնաճամը պարզապես ավելի ցայտուն դարձերց ամեն ինչ։ Ու հիմա, տեսնելով, որ ամեն ինչ ձախողվում է, նրանք փորձում են սեփական սխալները «դուրս գրել» այդ ճգնաժամի վրա։ Սկզբում չէին ուզում խոսել ճգնաժամի մասին, իսկ հիմա, խնդրեմ, խոսիր որքան ուզում ես և ում հետ ուզում ես։ Արդուկը միացնում ես՝ երկրի ղեկավարությունը տնտեսական ճգնաժամից է խոսում։ 5 ժամ։ Արշակ Սադոյանի ու նույնիսկ իրենց անծանոթ կուսակցության ղեկավարների հետ։ Պատկերացնու՞մ եք։

Ճգնաժամը պարզապես փրկօղակ է դարձել կառավարության համար։ Ճգնաժամը եթե չլիներ, ապա այն պետք էր հորինել։ Հիմա ամեն ինչ կարելի է վերագրել դրան, միայն թե լոտոն շարունակվի ու երկրի ղեկավարության երկրորդ շերտը ներկայացնող դեմքերը, թեկուզև դժկամությամբ, դառնան Հրանտ Թոխատյանի հանած լոտոյի գնդիկների վրայի թվերը ֆիքսող մեծապատիվ հանձնաժողովականներ։

Անդրանիկ Թևանյան

Այս խորագրի վերջին նյութերը