Կարծիք

12.04.2024 13:40


Շտապօգնության զրահապատ մեքենաներ՝ տարածքների դիմաց. նոր բանաձև Հայաստանի համար (տեսանյութ)

Շտապօգնության զրահապատ մեքենաներ՝ տարածքների դիմաց. նոր բանաձև Հայաստանի համար (տեսանյութ)

(Ի՞նչ կմնա Հայաստանին, եթե Արևմուտքը, Ուկրաինայի օրինակով, հոգնի ՀՀ-ից)

Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն, որում մասնավորապես ասվում է․

«Երկար տարիներ (1998 թվականից) Հայաստանի իշխանությունները Ղարաբաղյան խնդրի լուծման համատեքստում հավատարիմ են մնացել հետևյալ բանաձևին՝ տարածքներ՝ կարգավիճակի դիմաց։ Հայկական կողմը պատրաստ էր Ադրբեջանին զիջել Ղարաբաղի շուրջ 5 շրջան՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունից դուրս Արցախի կարգավիճակը ճանաչելու դիմաց։ Սրանք են հենց Մադրիդյան սկզբունքները։

Սակայն 2018 թվականից ՀՀ իշխանությունները, նպատակաուղղված փոխելով բանակցությունների տրամաբանությունը, ի թիվս այլնի առաջարկեցին հետևյալ բանաձևերը՝ «Արցախը Հայաստան է և վերջ», ինչպես նաև «Նոր պատերազմ՝ նոր տարածքներ»։ Այս բանաձեւերի հեղինակները Նիկոլ Փաշինյանն է, ու փաշինյանական Հայաստանի «թավշյա» պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։

Բոլորս գիտենք, թե ինչպես ավարտվեց այս սկզբունքների կիրարկումը՝ Արցախը կորսված է, իսկ Ադրբեջանը հրաժարվում է ճանաչել Հայաստանի տարածքային ամբողջականությունը։

«Տարածքներ՝ կարգավիճակի դիմաց» բանաձևը փոխարինվեց փաշինյանական ու արևմտյան նոր բանաձևերով. «Տավուշում տարածքները հանձնելու դեպքում երաշխիքներ չկան, որ պատերազմ չի լինելու, բայց առանց հանձնելու երաշխավորված պատերազմ է լինելու», կամ «Թող Հայաստանը միանա հակառուսական պատժամիջոցներին, և մենք դրա համար նրան կտանք 270 միլիոն եվրո», և այլն:

Նույն տրամաբանության մեջ պետք է դիտարկել Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Քրիստինա Քուինի հայտարարությունը, թե ԱՄՆ-ը նախատեսում է Հայաստանին շտապօգնության զրահապատ մեքենաներ մատակարարել։ Սա Երևանի և Վաշինգտոնի միջև ռազմական համագործակցության ամենավառ դրսևորումներից մեկն է, որը ՀՀ իշխանությունները և նրանց սպասարկող փորձագետները ներկայացնում են որպես «ՀՀ անվտանգության համակարգի դիվերսիֆիկացում»։

Այսինքն՝ մենք գտնվում ենք մի իրավիճակում, երբ Ադրբեջանը չի ճանաչում Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը, երբ առաջին փուլում պահանջում է հանձնել տարածքները Տավուշի մարզում, իսկ ի պատասխան դրան՝ Արևմուտքը տրամադրում է շտապօգնության զրահապատ մեքենաներ։ Իսկապես «փայլուն դիվանագիտական» բանաձև Փաշինյանի և նրա արևմտյան գործընկերների կողմից՝ զրահապատ շտապօգնության մեքենաներ՝ տարածքի դիմաց։

Իրավիճակն ավելի պարադոքսալ է թվում Ուկրաինայի հետ տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին, երբ Արևմուտքը, «փակելով ուկրաինական նախագիծը», սաբոտաժ է անում Կիևին զենքի և այլ ռազմական տեխնիկայի մատակարարումը։

«The Washington Post»-ի հետ զրույցում Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբան պատմել է, որ Բրյուսելու ՆԱՏՕ-ի 75-ամյակին նվիրված հանդիպման ժամանակ ինքը կտրուկ ասել է ներկաներին. «Ցավում եմ, որ փչացրեցի ձեր տոնը, բայց ո՞վ կարող է հավատալ, որ աշխարհի ամենահզոր ռազմական դաշինքը չի կարող գտնել Patriots զենիթահրթիռային համակարգի 7 մարտկոցներ, որպեսզի տրամադրի աշխարհի միակ երկրին, որն ամեն օր պայքարում է բալիստիկ հարձակումների դեմ»:

Նախարարը նաև ասաց, որ իր թիմը հայտնաբերել է ավելի քան 100 հասանելի Patriot հակաօդային պաշտպանության համակարգեր: Ըստ Կուլեբայի՝ դրանք ունեն նաև որոշ հարևան երկրներ, ավելին, իրենք ունեն մեկից ավելի մարտկոցներ, որոնք «պահվում են պահեստներում»:

Կուլեբան նաև նշեց, որ «դժվար է հասկանալ» որոշ երկրների դիմադրությունն՝ իրենց համակարգերից գոնե մեկը Ուկրաինային չփոխանցելու հարցում:

Փաշինյանն ու իր թիմը մտածե՞լ են հետագա գործողությունների ծրագիր, եթե Արևմուտքը որոշի կրճատել ՀՀ-ին «270 + 65» միլիոնի չափով ներկայիս օգնությունը, ու սահմանափակի շտապօգնության զրահապատ մեքենաների մատակարարումով։ Հարցը հատկապես սուր է այն ֆոնին, երբ հայտնի է դարձել, որ Հնդկաստանը Հայաստանի Հանրապետությանը զենք մատակարարելու համար հատուկ օդային միջանցք չի նախապատրաստում։

Ի դեպ, ևս մեկ հետաքրքիր նրբերանգ. գործող իշխանությունների կողմնակիցները Հայաստանին սպառազինության լուրջ համակարգեր մատակարարելուց Արևմուտքի հրաժարումը բացատրում են նրանով, որ ՀՀ-ն դեռևս ՀԱՊԿ, ԵԱՏՄ և ԱՊՀ անդամ է։ Պատկերավոր ասած՝ նշվում է, որ հենց Հայաստանը դուրս գա այդ կազմակերպություններից, այն ժամանակ «ԱՄՆ ռազմարդյունաբերական համալիրի ողջ հզորությունը կաշխատի Հայաստանի կարիքների համար»։ Հիշենք միայն, որ Ուկրաինան սկսել է միլիարդավոր դոլարների զենք ստանալ ԱՄՆ-ից և ընդհանրապես Արևմուտքից ԱՊՀ անդամ լինելով (երկիրը պաշտոնապես լքել է կազմակերպությունը 2018 թվականին)։ Նույն Վրաստանը ԱՊՀ-ից դուրս եկավ 2008 թվականին՝ Ռուսաստանի Դաշնության հետ պատերազմից հետո, թեպետ մինչ այդ վրացական բանակը զինվում էր Արևմուտքի կողմից։

Վերադառնալով Ուկրաինային՝ նշենք, որ մինչ այժմ Կիևը ոչ միայն առևտուր է իրականացնում Ռուսաստանի Դաշնության հետ (գազի մատակարարում), այլև պաշտոնապես մնում է ԱՊՀ ազատ առևտրի գոտու անդամ։ Այսինքն՝ այս կամ այն դաշինքին ֆորմալ անդամակցությունը չխանգարեց Արևմուտքին գործընկերներին ավելի նշանակալից օգնություն ցուցաբերելու լուրջ մտադրություններից… Թեև այդ օգնությունը միշտ ինչ-որ փուլում ավարտվում է, սակայն դրա գոյության փաստն անհերքելի է։ Վրաստանն ու Ուկրաինան դրա վառ օրինակներն են։

Մտածե՛ք այդ մասին…»։

Այս խորագրի վերջին նյութերը