Աշխարհ

02.02.2024 18:03


Homo sapiens-ի վերաբերյալ Գերմանիայում սենսացիոն բացահայտում է արվել

Homo sapiens-ի վերաբերյալ Գերմանիայում սենսացիոն բացահայտում է արվել

Գիտնականների միջազգային խումբն արևելյան Գերմանիայում հայտնաբերել է Homo sapiens-ի ռեկորդային մնացորդներ, ինչը ցույց է տալիս, որ առաջին Homo sapiens-ն այստեղ է հայտնվել առնվազն 45 հազար տարի առաջ:

Սենսացիոն բացահայտումներն արվել են Թյուրինգիայի դաշնային նահանգում, ավելի ճիշտ՝ Ռանիս կոչվող փոքրիկ քաղաքի մոտ գտնվող Իլսենհյոլե քարանձավում։ Այս մասին հայտնում է Deutsche Welle-ն։

Այդ ժամանակ տարածաշրջանում միջինը 7-15 աստիճանով ավելի ցուրտ էր, քան այժմ։ Պարզվում է, որ նույնիսկ այն ժամանակ մարդիկ գիտեին, թե ինչպես հարմարվել դաժան բնական պայմաններին, ասում են Մաքս Պլանկի ընկերության Լայպցիգի էվոլյուցիոն մարդաբանության ինստիտուտի գիտնականները, ովքեր միջազգային հետազոտական խմբի մաս են կազմում:

Կատարված հայտնագործությունները հիմնովին փոխում են անցյալի մասին պատկերացումները։ Մինչ այժմ ենթադրվում էր, որ Homo sapiens-ը բնակություն է հաստատել Եվրոպայում մոտ 40 հազար տարի առաջ, իսկ ավելի վաղ ժամանակաշրջանում հայտնաբերված և մշակված քարե շեղբերը վերագրվել են նեանդերթալցիներին:

Այժմ գիտնականները կարծում են, որ գործիքներն արտադրվել են Homo sapiens-ի կողմից, որը, ինչպես պարզվել է, ապրել է Եվրոպայում նեանդերթալցիներին զուգահեռ շատ երկար ժամանակ՝ մոտ 10 հազար տարի։ Քարանձավը, ըստ հետազոտողների եզրակացությունների, օգտագործվել է որպես ժամանակավոր կացարան և ապաստարան՝ ինչպես կենդանիների, այնպես էլ մարդկանց փոքր խմբերի համար։

Homo sapiens-ը, հավանաբար, տեղափոխվել է այս հյուսիսային շրջաններ՝ սնունդ փնտրելու համար, քանի որ այստեղ արածում էին վայրի կենդանիների մեծ խմբեր: Այն ժամանակվա կենդանիների ատամների վերլուծությունը ցույց է տվել, որ տարածաշրջանում տիրում էր շատ ցուրտ մայրցամաքային կլիմա, իսկ տարածքը որոշակիորեն հիշեցնում էր ներկայիս Սիբիրը։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը