Աշխարհ

21.01.2024 10:38


Իսրայելում ցույց է անցկացվել՝ ընդդեմ Գազայում պատերազմի

Իսրայելում ցույց է անցկացվել՝ ընդդեմ Գազայում պատերազմի

Մոտ 300 մարդ է մասնակցել Հայֆայում շաբաթ օրվա բողոքի ցույցին՝ ընդդեմ Գազայում պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման հետ Իսրայելի պատերազմի, իսկ մոտակայքում ավելի փոքրաթիվ հակացույց է տեղի ունեցել, հաղորդում է The Times of Israel-ը:

Հակապատերազմական բողոքի ցույցը, որը հոկտեմբերի 7-ից ի վեր ոստիկանության կողմից արտոնված առաջին հավաքն էր հյուսիսային թաղամասում, ուղեկցվում էր բազմաթիվ դրոշներով, որոնք ներկայացնում էին մոտ 40 կազմակերպությունների գաղափարական բազմազանությունը, որոնք միացել էին միջոցառումն անցկացնելու համար։

Իսրայելական լրատվամիջոցները հայտնում են, որ ցույցի ժամանակ ծածանվել են ձախակողմյան ամերիկյան Antifa խմբավորման և Իսրայելի նախկին կոմունիստական ​​կուսակցության, ծիածանագույն և պաղեստինյան դրոշները։

Ցուցարարները ցուցապաստառներ են պահել՝ կրկնելով այն կարգախոսները, որոնք սովորաբար լինում են արտասահմանում պաղեստինամետ ցույցերի ժամանակ, ներառյալ Գազայում ցեղասպանության մեղադրանքները և «Գետից մինչև ծով Պաղեստինը կլինի ազատ» կարգախոսը:

Մի քանի տասնյակ ոստիկաններ, այդ թվում՝ հեծյալ դասակը և ջրցան մեքենաները, ցուցարարներին բաժանել են հակացուցարարներից։ Գործողություններն ավարտվել են առանց լուրջ միջադեպերի։

Ցուցարարները Իսրայելին մեղադրել են գաղութատիրական, ռասիստական ​​և ֆաշիստական ​​կազմավորում լինելու մեջ։ Հանրահավաքի մասնակիցներից շատերը հրեա իսրայելցիներ էին, իսկ ելույթների մեծ մասը եբրայերեն է եղել։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը