Խմբագրական

29.04.2009 22:02


Ղուկաս Ղուկասյանի վերադարձը

Ղուկաս Ղուկասյանի վերադարձը

Իշխանությունների «հայրենասիրության» փուլը շատ կարճ տևեց։ Այժմ կրին սկսվել է քիրվայության  ագրեսիվ քարոզը։ Տպավորությունն այնպիսին է, որ մենք ամեն օր դիտում ենք թուրքական կամ ադրբեջանական հեռուստաալիքներ։ Չնչին բացառություններով` եթեր են գործուղվում և հայ-թուրքական համաձայնագրի վերաբերյալ պարզաբանումներ ներկայացնում  միայն օդիոզ իշխանամետներն ու 5-րդ շարասյունը ներկայացնող փորձագետները, ովքեր ասում են, թե չեն տիրապետում բանակցությունների ու «ճանապարհային քարտեզի» մանրամասներին, բայց կողմ են դրան։ Իսկ թե ինչու՞ պիտի դեմ լինել՝ կփորձեմ ներկայացնել ստորև։

Նախքան բուն թեմային անցնելը՝ մի փոքր պատմական էքսկուրս։  1988-ի   շարժման   ժամանակ   մի գործընթաց սկսվեց՝  արձանների   «ջարդ»։ Կոմունիստական   կուռքերն   իջեցվեցին  պատվանդաններից։  Իրենց «գլուխը»  պրծացրին  միայն  Ալեքսանդր  Մյասնիկյանը,   Ստեփան  Շահումյանը   և  Սուրեն  Սպանդարյանը։ Վերջինիս, ի  դեպ,  2007-ի  խորհրդարանական   ընտրությունների  ժամանակ,  ցեղակրոնված քաղաքական  գործիչներից  մեկը   շփոթել  էր  Գարեգին  Նժդեհի  հետ՝ մտածելով, որ Նժդեհի հրապարակում դժվար թե ուրիշի արձանը լիներ։  Բայց  այդ  «պատմական»  իրադարձությունը  չէ մեզ հետաքրքրողը։ Արձանների «կոտորածի»  թեմային անդրադարձա,  որպեսզի  հիշենք,  որ  Լենինի  բազում արձանների հետ միասին՝     իր  «մահկանացուն»  կնքեց  նաև   կոմունիստ  Ղուկաս  Ղուկասյանը,   ով  ըստ  պատմական  տեղեկությունների,   այնքան  էր  հավատացել  համաշխարհային  պրոլետարիատի հաղթանակի   ու  սովետական   ինտերնացիոնալիզմի   գաղափարներին,  որ  1915թ-ի  դեպքերից   ընդհամենը  մի  քանի  տարի  անց՝  սեփական  ձեռքերով  ոսկի  ու  զենք  էր  հասցրել  Աթաթուրքի  իշխանությանը,  որպեսզի  վերջինս   կոմունիստական   դարձնի  Թուրքիան  և  բոլորը  երջանիկ  ապրեն։ Ղուկաս  Ղուկասյանն, այն  օրերին,  համոզված  կոմունիստ  էր։ Ավելի  համոզված  կոմունիստ  (ինչպես  հաճախ   է  պատահում   հայերիս  հետ,   երբ  մենք  Հռոմի  Պապից  ավելի   կաթոլիկ  ենք  դառնում,  կամ  Ադամ  Սմիթից   ավելի  լիբերալ)՝ քան ռուս կոմունիստները։   Սա  մտածողություն  է։  Մեզանից ոմանց    հատուկ  մտածողություն,  որը  հետևանք  է  պետականության   բացակայությամբ   պայմանավորված  սեփական  «Ես»-ի  չգոյության։ 

Ղուկաս  Ղուկասյանը, թերևս,    համոզված  էր,  որ  ճիշտ  է,   թուրքերը  1915 թ-ին  կոտորեցին  հայերին,   բայց  դա  երիտթուրքերն   էին,   իսկ ահա  «կարմրող»   Աթաթուրքն  ուրիշ  է.  պետք  է  նրան,  ինչպես  Լենինն է  ուզում,  զենք  ու  ոսկի  հասցնել   և  Աթաթուրքը,  տեսնելով,   որ  հայ  է  այդ  ամենն  անում,  կշոյվի  ու  կզղջա  իր  նախորդների  արածների  համար։ Բացի  այդ,  ղուկասյանները   մտածում  էին,  որ  կառուցվում  է   նոր  աշխարհ  ու  արդեն  կապ  չունի,  թե  ով  ինչ  ազգ  է ներկայացնում.  բոլորս  էլ  պրոլետարներ  ենք դառնալու։ Ինչպիսի մոլորություն...

Ղուկասյանականությունը՝    միամտության,   պարզունակության, անհեռատեսության, ազգային-պետական մտածողության բացակայության  և  չգիտակցված ինքնաոչնչացման   վտանգավոր  կոդ   է,   որը, պարզվում է, դեռ  մեր  մեջ  նստած  է և կարող է մեզ տանել դեպի անդունդ։  Չզարմանա՛ք,  բայց ես Ղուկաս Ղուկասյանին դավաճան չեմ համարում։ Ավելին՝ նա համոզված հայրենասեր էր, պարզապես ուրույն պատկերացումներ ուներ հայրենասիրության մասին։  Նա անկեղծորեն մտածում էր, որ օգուտ է տալու, բայց սխալվեց. Աթաթուրքը «չկարմրեց»,  համաշխարհային պրոլետարական ինտերնացիոնալիզմը հաղթանակ չտարավ, Լենինն ու Աթաթուրքը իրար մեջ լրիվ ուրիշ բաներ պայմանավորվեցին, իսկ զենքն ու ոսկին թուրքերին «քյար» մնաց։

20-րդ դարասկզբին իրար հետևից կորցրեցինք Ղարսը, Նախիջևանը, Արցախը։ Այն ժամանակ էլ էին ասում, որ, ասենք, Արցախի ու Նախիջևանի մասով կնքված «ճանապարհային քարտեզները» լավն են, կան անվտանգության երաշխիքներ (տվյալ պահին միջազգային երաշխավորի դերում Սովետական Միությունն էր), բայց Նախիջևանը հայաթափվեց, իսկ ՍՍՀՄ փլուզումից հետո Արցախը պահեցինք մեր ավելի քան 6000 հայրենակիցների արյան ու ժողովրդի մաքառումների գնով։ Ու դեռ պարզ չէ, թե ի՞նչ է լինելու, քանի որ այսօրվա մեր քաղաքական դաշտի ներկայացուցիչներից շատերը, իրարից առաջ ընկնելով, ղուկասղուկասյանական վարքագիծ են դրսևորում Արցախի (և ոչ միայն) հարցում։  Արտաքին երրորդ ուժերին ապավինելով ու նրանցից գոհունակության խոսքեր սպասելով՝ միշտ էլ տուժում է սեփական ուժերի վրա հույս չդնողը։ Սա պատմաքաղաքական աքսիոմա է։

Ղուկասի արձանի վերացմամբ՝ ցավոք դեռ  նմանատիպ մտածողությունից  չենք ձերբազատվել  և  անկախ  Հայաստանում   հիմա թևածում  է  ղուկասյանական  ոգին։  Պահի  վտանգավորությունն  այն   է, որ   այդ  ոգու  կրողն  այսօր իշխանությունն  է, որն առայժմ էական դիմադրության չի հանդիպում տերպետրոսյանական ընդդիմության կողմից։

Փաստորեն, իշխանական բոլշեվիզմը ոչ միայն տնտեսության մեջ է, այլև ներթափանցել է արտաքին քաղաքականության ոլորտ։ Կուզեի ճիշտ հասկանայիք ինձ. ես չեմ կասկածում նախագահ Սերժ Սարգսյանի հայրենասիրությանը, բայց, ինչպես նշեցի, Ղուկաս Ղուկասյանի հայրենասիրությունն էլ ինձ մոտ կասկած չի առաջացնում։  Ղուկասղուկասյաններն ուզում են լավ լինի, բայց ստացվում է ինչպես միշտ։

Սերժ  Սարգսյանի  գլխավորած  իշխանությունը  մի  հատկություն  ունի՝  գաղափարների  «փչացման» հատկություն։  Ցանկացած  գաղափար  այնպես  է   վարկաբեկվում  իշխանական  քայլերից  հետո,  որ  լինելով  այդ  գաղափարի  ակտիվ   պաշտպանը՝   սկսում  ես  դեմ  արտահայտվել  դրան։ Այսպես.  հակակոռուպցիոն  և  մրցակցային  տնտեսական  քաղաքականության գաղափարն այնպես  արժեզրկվեց  ներկայիս կառավարության  հարկային տեռորի,   օրենսդրական անհեթեթ փոփոխությունների և  շահող  կտրոնների ներդրման միջոցով,   որ  այլևս չես ուզում խոսել ստվերի կրճատման մասին։  

Նույնն   է  վիճակը  նաև հայ-թուրքական   հարաբերությունների  առումով։  Ինքս  մշտապես  կողմ  եմ  եղել  այդ   հարաբերությունների  բարելավմանը   և  սահմանները   բացելուն,  բայց   այն  ինչ ու ինչպես  արվում  է   այժմ այդ ուղղությամբ՝  ինձ   դարձնում է  կոշտ   ազգայնական,   քանի  որ  տեղի   ունեցող  գործընթացները   այլընտրանք չեն թողնում։  Եթե  բաց  սահմանների  գինը  Արցախն  է,   Հայոց  ցեղասպանության փաստացի մոռացությունը   և  Ղարսի     նվաստացուցիչ   պայմանագրի    վավերացումը,  ապա՝  թքած  այդպիսի  բաց   սահմանի  վրա։ Իսկ որ նման հարցերը ուղղակի կամ անուղղակի առկա են հայ-թուրքական բանակցային փաթեթում՝ հաստատվում են պաշտոնական և ոչ պաշտոնական տեղեկատվությամբ։

Չեմ  կասկածում,   որ  թուրքերն  այս  ընթացքում  ինտենսիվացնելու  են  Արցախի  հարցում  միջնորդ  և  պահանջատեր   դառնալու  իրենց  ջանքերը։  Արդեն  իսկ  կա  պաշտոնական  տեղեկատվություն,   որ   Թուրքիայի  վարչապետ  Էրդողանը   մայիսին  մեկնելու  է  Մոսկվա ու քննարկի   հայ-թուրքական  հարաբերությունները   և  ղարաբաղյան   հակամարտությունը։ Հարց եմ տալիս. Թուրքիան   երբևէ,  մինչև ֆուտբոլային   դիվանագիտություն  կոչվածը,  խոսե՞լ   էր  Արցախի մասին այս տոնայնությամբ, հաճախականությամբ  ու շեշտադրումներով։  Ոչ՛։  Դա   սկսվեց  միայն Գյուլի  երևանյան  այցից  հետո։ Թուրքերը հասկացան, որ Երևանում հանդիպել են արտաքին լեգիտիմություն փնտրող մի մարդու և  այնպիսի գլխապտուտ խաղ սկսեցին, որ դիմացինին նույնիսկ շախմատի ֆեդերացիայի նախագահ լինելը չի փրկի։ Եվ  այդ  ամենի  ֆոնին  ստորագրել  փաստաթուղթ   ու  հիմա   էլ   Ղուկաս  Ղուկասյանի   ոճով,   ինքնամոռաց   քարոզ  իրականացնել  և  տարատեսակ դհոլներով ու ախքերով, բեղավոր ու անբեղ դեմքերով քիրվայական   մթնոլորտ   տարածել   ողջ  երկրով՝  սա   արդեն  այլ  հարթության  խոսակցություն   է  դառնում։ 

Մեկ բան հստակ կարող եմ ասել, որ իշխանությունները   փառահեղորեն  տապալեցին  հայ-թուրքական  հարաբերությունների  նորմալացմանը  կողմ  մարդկանց   փաստարկների  համակարգը ու հետագայում շատ դժվար է լինելու ինձ պես մտածող մարդկանց համար ընդդիմախոսներին՝ թուրքերի հետ բարիդրացիական հարաբերություններ հաստատելու անհրաժեշտությունը բացատրելը։   Նրանք կասեն, թե տեսա՞ք Թուրքերի ուզածն ինչ էր, էլ ի՞նչ նորմալ հարաբերություններ։ Դե արի ու էդ մարդկանց բացատրիր, որ մեր դիվանագիտության մեղքով է դա եղել։ Ո՞ւմ ասես (առավելևս թուրքին), որ քո սահմանը բացելը մեզ համար կյանքի խնդիր է դարձել, որ հազար ու մի նախապայման առաջ չքաշի։

Իսկ հիմա ամենամտահոգիչի մասին։ Հայաստանը, կարծես, գերարագ  որոշումների կայացման փուլ է մտել։ Դատելով   այն  ագրեսիվ  քարոզից,   որ  այժմ  տարվում  է  հայ-թուրքական   սահմանն   ամեն  գնով   բացելու   ուղղությամբ՝  չի  բացառվում,  որ  արդեն  հունիսին  իշխանությունները  «Ճանապարհային  քարտեզը»   մայիսի  31-ի  ընտրություններից  հետո   գաղտնազերծեն   ու  դնեն  համաժողովրդական  հանրաքվեի։ Երևանի  ավագանու  ընտրությունները  «հորով-մորով»   անելուց  հետո,   որպեսզի   շեղեն  և՛ դրսի, և՛ ներսի  ուշադրությունը (բնականաբար՝ ընտրությունները փորձելու են անցկացնել «ազգային» առանձնահատկություներին համահունչ),   իշխանությունը,  ինչպես   արդեն  նշեցի,  կարող  է  հանրաքվե անցկացնել հայ-թուրքական  թեմայով, որպեսզի քաղաքական դաշտը չհասցնի ընտրությունների թեմային անդրադառնալ։  Այստեղ  արդեն  կարևորվում  է,   թե  ով     ով   է   քաղաքական  դաշտում։ Այն  տեխնոլոգիան,  որով  իշխանությունը  գնում  է    հայ-թուրքական  հարաբերություննեի  կարգավորմանը,  իմ  խորին  համոզմամբ,  Հայաստանը  կդարձնի  տարածաշրջանային   «կույրաղիք»,  որից  հետո  պետության փաստացի վերացումն      արդեն    ժամանակի    խնդիր  կդառնա։

Բացատրեմ.  դիվանագիտական   հարաբերությունների  ժամանակ,  երբ  դու  որոշակի  քայլեր   ես  կատարում՝   հետո  հետ  քաշվելը,  երբ  վտանգ  ես  տեսնում,  շատ  դժվար   է. «Ա»-ն  ասել  ես՝  «Բ»-ն  էլ  պետք  է  ասես՝ այն  էլ  Հայաստան-Թուրքիա   ասիմետրիկ   համակարգերի   պարագայում։  Թուրքերը  զգացել  են,   որ   ՀՀ  իշխանությունը սկսնակի պես է պահում իրեն և շտապել են բազում նախապայմաններ առաջ քաշել։ Առաջին նախապայմաններից էր, օրինակ, ապրիլի 24-ից երկու օր առաջ համատեղ հայտարարություն տարածելը։ Ակնհայտորեն դա թուրքերին էր պետք և արվեց։ Օրերս եթերում լսեցի, որ խորհրդարանական խմբակցությունների հետ հանդիպման ժամանակ՝ արտգործնախարար Նալբանդյանն ասել էր, որ եթե «ճանապարհային քարտեզի» մասին այդ օրը չհայտարարվեր, ապա հայ-թուրքական հարաբերությունները կվտանգվեին։ Սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ թուրքական ուլտիմատումներն աշխատում են։ Այդ ու՞ր են հասել բանակցությունները, որ եթե մի քանի օր ուշացվեր համատեղ հայտարարությունը, ապա ամեն ինչ ջուրը կլցվեր...

Մերոնք,  երևի,   միամտորեն կարծում են,   թե  կկարողանան  սահմանները  բացել   տալ՝  առանց  Արցախի հարցը փաթեթում ներառելու։ Բայց  այսօրվա  բանակցային մոդելով  դա  հնարավոր  չի  լինելու։  Թուրքերը  հստակ  նախապայման  են  դնելու  ու  չեն  բացելու  սահմանը։  Դրա հետևանքով ներսից  ճնշումները Սերժ Սարգսյանի վրա  ուժգնանալու  են։  ՀԱԿ-ը  գլխավորող  Լևոն  Տեր-Պետրոսյանը   լուրջ  քննադատության  է  ենթարկելու Սերժ  Սարգսյանին,  թե  տեսե՛ք, հա՛մ  ցեղասպանության  հարցը ձախողեցին, հա՛մ   Թուրքիայի հետ սահմանները  դեռ  փակ  են։ 

Արդյունք  ապահովելու   և,  ըստ  այդմ,  սեփական  իշխանությունը  պահելու  մտահոգությամբ՝  Սերժ  Սարգսյանը  կարող  է  հաջորդ   գերարագ   որոշումը   կայացնել   արդեն  Արցախի  հարցով։  Չկասկածե՛ք։  Ապրիլի  22-ի  որոշման  պես «գիշերային»    որոշում  է  դա  լինելու։  Այդ  որոշումը  նույնպես  կարող  է   հանրաքվեի  դրվել։ Պատահական  չէ,   որ «ֆուտբոլային  դիվանագիտության»    ընթացքին  զուգահեռ՝   ՀՀ  օրենսդրության  մեջ     հանրաքվեի  անցկացման  դրույթներ  էին  շտկվում,  իսկ  ղուկասյանականության   ոգով  լցված  ՕԵԿ   առաջնորդ  Արթուր  Բաղդասարյանն   այդ  օրերին  անընդհատ  կրկնում  էր,  թե  Արցախի  հարցը  հանրաքվեի  է  դրվելու։ Իսկ թե ի՞նչ է նշանակում հանրաքվե այդ ամենից հետո՝ կարծում եմ հասկանալի է։

Շատ կուզենայի սխալվել իմ գնահատականներում ու կանխատեսումներում, բայց եթե նման զարգացումներ լինեն, ապա դրանից  հետո  արդեն  կգնա   զիջողական քայլերի կասկադ և  մեր   անվտանգության  համակարգը  կփլվի։ Հիմա բոլորը պետք է կողմնորոշվեն ու աներկբա դիրքորոշում հայտնեն։ Հայ  հեղափոխական  դաշնակցությունն  ու էլի մի քանի ուժեր իրենց   քայլն  արել  են։  Այժմ  հերթը  մնացած   ուժերինն   է  և  առաջին հերթին  Հայ  ազգային  կոնգրեսինը (որպես տիտղոսային հակաիշխանություն)։  Եթե  Լևոն  Տեր- Պետրոսյանն իր առաջիկա ելույթում  կտրուկ  դեմ  չի  արտահայտվում  Թուրքիայի  հետ  վարվող  իշխանությունների ներկայիս  քաղաքականությանը՝  ուրեմն  կիսելու  է  հետագա  զարգացումների    պատասխանատվությունը։  Այս  պայմաններում՝ լղոզված, «թող   գաղտնազերծեն  փաստաթուղթը՝  հետո  դիրքորոշում  կհայտնենք»,  «ամեն  ինչ  լավ  է, բայց  պատմաբանների  հանձնաժողովին  դեմ  ենք»  ոճի  դիրքորոշումն,  ըստ  էության,   աջակցություն  է իշխանություններին։ Հարցը  շատ    հստակ   է   և,  միգուցե,   անհրաժեշտ  է,  որպեսզի  ՀԱԿ-ում  հիմնավորապես  վերանայեն   իրենց  տարիներով քարոզվող գաղափարներն  ու  հայացքները, որոնց արմատները տանում են մեզ դեպի թուրքական լծի տակ ձևավորված հայ պահպանողական մտքի ակունքներ. չէ՞ որ հիմա մենք անկախ պետություն ունենք։ Իսկ  եթե    ՀԱԿ-ը «ո՛չ նալին, ո՛չ մեխին» կեցվածք ընդունի,   ապա  իշխանությունները  փաստացի  կգործեն  առանց  դիմադրության   ու  չգիտեմ, թե  արդյո՞ք    ազգային   ուժերը  կհասցնեն  այս  մեկ  ամսում   հասարակությանը   բացատրել  իրավիճակի  լրջությունը։ Մեկ ամիս ասելով՝ ի նկատի ունեմ առաջիկա ընտրությունները։ Երևանի ավագանու ընտրություններն արդեն ոչ թե նախագահական ընտրությունների երկրորդ փուլն են դառնում, այլ երկրի անվտանգության մասին պատկերացումների յուրօրինակ հանրաքվե, որն ավելին է, քան իշխանության հարցը։

Ստեղծված  է   նոր  քաղաքական  իրավիճակ։  Դաշտը  կրկին  երկբևեռ  է,     բայց  այլ  չափանիշներով.  լիբերալներն   ու   սոցիալիստները,  ազգայնականներն   ու   պահպանողականները   պետք  է  ընտրություն կատարեն։ Եկել է ճշմարտության պահը։

Անդրանիկ  Թևանյան

Այս խորագրի վերջին նյութերը