Խմբագրական

29.10.2011 23:50


Սերժ Սարգսյանի ծրագրերի մասին

Սերժ Սարգսյանի ծրագրերի մասին

Եվ այսպես, վարչապետ Տիգրան Սարգսյանի «Չինգիզ Խան» կտրելը և լրագրողների մոտ քաղաքական դաշտի «կռուտոյ» տղա խաղալը մինչև Կառավարության շենք հասնելն էր։ Դրանից հետո նա ստիպված եղավ իր մամուլի խոսնակի միջոցով հայտարարել, թե կոտրած տաշտակի մասով իրեն ճիշտ չեն հասկացել և սխալ են մեկնաբանել, այնինչ ինքն էր թափանցիկ ակնարկ արել, թե տասնյակ հոդվածների առիթ է տալիս։

Եթե նա սպառնալիքներ տեղալիս ԲՀԿ–ին չէր ի նկատի ունեցել, ապա լրագրողների ճշտող հարցին պետք է որ անմիջապես արձագանքած լիներ, ինչը նա չարեց։ Բացի այդ՝ Տ. Սարգսյանն իր խոսքում անընդհատ շեշտում էր ՀՀԿ–ի, այլ ոչ թե իշխող կոալիցիայի շուրջ համախմբվելու մասին, ինչը կրկին վկայում է, որ տվյալ պահին նա ցուցում է ստացած եղել վերջնագրերի ու շանտաժի լեզվով խոսել Գագիկ Ծառուկյանի հետ ու համոզված է եղել, որ կոալիցիոն ապահարզանը և ԲՀԿ–ի դեմ հարձակումների կազմակերպումն օրերի կամ նույնիսկ ժամերի խնդիր է։ Թե ինչ եղավ այդ ամենից հետո՝ բոլորին է հայտնի։ Այնպես որ, ոչ թե լրագրողներն էին վարչապետին սխալ հասկացել, այլ սխալը լրիվ ուրիշ տեղ պետք է փնտրել։

Ակնհայտ է, որ ներկոալիցիոն խնդիրներն իր օգտին լուծելու համար Սերժ Սարգսյանը փորձեց բլեֆի օգնությանը դիմել ու Տիգրան Սարգսյանի ինքնավստահ պահվածքով պետական ապարատին ցույց տալ, թե իբր Մոսկվայից «քարտ բլանշ» է ստացել և այնպիսի «դաբրո» ունի, ասենք, Վ. Պուտինից, որ  անգամ վարչապետի պես «հեզաճկուն» գործիչն է արդեն իրեն թույլ տալիս մատ թափ տալ բոլորի վրա։ Սակայն բլեֆն այդ չանցավ և Բաղրամյան 26–ին այլ բան չէր մնում, քան հետ պտտեցնել Տիգրան Սարգսյանի ասածները՝ անհարմար վիճակի մեջ դնելով վարչապետին։

ԱԺ Ճեպազրույցների ժամանակ Գալուստ Սահակյանը հայտարարեց, թե իրենց կուսակցության պաշտոնական տեսակետը արտահայտում են բացառապես կուսակցության նախագահը և նրա փոխնախագահները, իսկ այլ անդամներ կարող են արտահայտել միայն իրենց տեսակետները։ Թեման այդպիսով փակվեց, իսկ «Հայկական աշխարհի» ճարտարապետը «պոդստավկա» եղավ։

Ինչ վերաբերում է ՀՀԿ անդամատոմսերի բաժանմամբ զբաղվող սուբյեկտի մյուս ասածներին, ապա բացահայտվեց Սերժ Սարգսյանի քաղաքական ծրագրերի մի մասը։

Եկեք այժմ տեսնենք, թե «մանկան» շուրթերով ինչ ուղերձներ էր նախագահը հղում հանրությանը և իր «գործընկերներին»։

Ինչպես պարզ դարձավ վարչապետի ասածներից, ապագա ԱԺ կազմի վերաբերյալ Սերժ Սարգսյանի պատկերացումները հետևյալն են. խորհրդարանում, «հանրային լայն համախմբում» ծրագրի շրջանակներում, պետք է ներկայացված լինեն և իրեն սատարեն քաղաքական «բոմժերը» և իրենց դարն ապրած դեմքերը, ովքեր կկատարեն «նախաձեռնող» նախագահի քաղաքական հենարանի և գործադիրից եկած բոլոր անհեթեթ օրինագծերի դակիչի դերը։

Սպասվում է, որ Մարզահամերգային համալիրում նախագահի հետ «երկխոսության» հրավիրված տասնյակ նոմինալ կուսակցությունների ղեկավարների մի մասը լծվելու է «Սերժ Սարգսյանը միակն է ու աննմանը» գիծն առաջ տանելու գործին և այդպիսով ՀՀԿ «ճկուն» ղեկավարը դառնալու է «ազգային համախմբման» քայլող մարմնավորում։

Պատկերացնու՞մ եք, թե ինչ օրն է ընկել Ս. Սարգսյանը, որ ստիպված է վարչապետի միջոցով ռեվերանսներ ու հաճոյախոսություններ շռայլել սադոյանների ու գեղամյանների հասցեին՝ նրանց համեմատելով Դը Գոլի ու Չերչիլի հետ։

Հաշվի առնելով այն հանգամանքը, թե ում մասին էր դրականորեն արտահայտվում վարչապետը, և ում միջոցով են նախագահականի ջիգիթները փորձ անելու Սերժ Սարգսյանին կից «համաժողովրդական շարժում» ստեղծել՝ կարող ենք ասել, որ 2012–ից հետո օրենսդիր մարմնում նախատեսվում է ունենալ հաճախորդ–ժողգործիքներից կազմված համույթ, որի գեղարվեստական ղեկավարը, բնականաբար, կլինի կոալիցիոն հուշագրերի կոլեկցիոները։

Եթե այս ամենի կողքն ենք դնում նաև ԱԺ–ում այսօր ներկայացված խոշոր սեփականատերերի փոխարեն մեծապատիվ մուրացկանի կարգավիճակ ունեցող մտավորական կոչվածներով և անհայրենիք երիտասարդ խունվեյբիններով խորհրդարանը լցնելու սերժսարգսյանական ծրագրերը, ապա ստացվում է, որ «ֆուտբոլասերները» անասնագոմի են ուզում վերածել իշխանության ճյուղերից մեկը, որից հետո կիրականանա Հայաստանը «մեկ օլիգարխի տնտեսության» հայեցակարգով կառավարելու իրենց վարդագույն երազանքը։

Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի հրաժարականի ձևը ևս մեկ անգամ վկայում է, որ Սարգսյանի ուզածը Երևանի ավագանու պես ԱԺ–ն է, այնպիսի ԱԺ, որի անդամները կարծիք չեն հայտնում և սուսուփուս կատարում են նախագահականի հրահանգները։

Ինչպես հայտնի է, քաղաքապետն իր հրաժարականի մասին խոսելիս նշեց, թե համաձայնեցրել է իր այդ քայլը նախագահի հետ՝ ակամայից բացահայտելով, որ ընտրովի մարմինը մեզանում վերածվել է նախագահականից նշանակվող ու նախագահականի կարգադրություններով շարժվող խամաճիկի, ինչը հակասահմանադրական է, բայց լրիվ տեղավորվում է թուրքմենբաշիզմի շրջանակներում։

Պարզապես աբսուրդ էին մայրաքաղաքի նախկին ղեկավարի այն ձևակերպումները, թե ինքը չի համարում քաղաքապետի պաշտոնը քաղաքական։ Մարդը մոտ մեկ տարի կառավարեց ու, փաստորեն, այդպես էլ չհասկացավ, որ ընտրովի մարմնի ղեկավարը չի կարող քաղաքական չլինել ու քաղաքական մտածողության բացակայությունն էր, որ բերեց իր հրաժարականին։

Նկատենք, որ Կ. Կարապետյանի ասածները լրիվ տեղավորվում են Ս. Սարգսյանի պատկերացումների մեջ, ըստ որի՝ նախարարները, կուսակցապետերը, պատգամավորները, քաղաքապետերը և այլոք պետք է քաղաքական ֆիգուրներ չլինեն, այլ լինեն իր կողմից նշանակված ենթականեր կամ հաճախորդներ։ Ասել է թե՝ քաղաքականությամբ զբաղվող մարդիկ ուղղակի թշնամի են Սարգսյանի համար, քանի որ դրանով զբաղվելը միայն իր մենաշնորհը պետք է լինի։

Սարգսյանի ծրագրերով՝ խորհրդարանը և բոլոր մյուս պետական կառույցները բացառապես իր հայեցողությամբ պետք է գործեն ու նմանվեն մայրաքաղաքի ներկայացուցչական մարմնին՝ ավագանուն, իսկ իշխանության ճյուղերի միջև զսպումների ու հակակշիռների առկայության մասին խոսելն անգամ ավելորդ է։ Ինքնին հասկանալի է, որ ընտրությունների ինստիտուտը և ընտրովի մարմինների ինքնուրույնությունն անընդունելի և անհանդուրժելի երևույթներ են «ֆուտբոլային» դիվանագիտության կնքահոր համար։

Ահա՛ Սերժ Սարգսյանի ծրագրերի ամփոփ նկարագիրը, որի մասին ԱԺ նախասրահում խոսում էր վարչապետը։ Ծրագրեր, որոնց իրագործումը, սակայն, հնարավոր չէ։ Մուբարաքին ու Բեն Ալիին հարցրեք, կասեն։ Քադաֆին այս թեմայով արդեն չի կարող մեկնաբանություններ տալ։

Անդրանիկ Թևանյան

Այս խորագրի վերջին նյութերը