Հարցազրույց

10.11.2023 10:31


Նման քայլերը Ռուսաստանի կողմից ընկալվելու են սվիններով. Ալեքսանդր Պերենջիևը՝ Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության մասին (տեսանյութ)

Նման քայլերը Ռուսաստանի կողմից ընկալվելու են սվիններով. Ալեքսանդր Պերենջիևը՝ Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության մասին (տեսանյութ)

Ռուս ռազմական քաղաքագետ Ալեքսանդր Պերենջիևը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է ՆԱՏՕ-ի նախագծերին մասնակցելու Հայաստանի ցանկությունը և Գյումրիում ռուսական 102-րդ ռազմաբազայի ապագան:

«Նման քայլերը Ռուսաստանն, իհարկե, սվիններով կընկալի։ Որովհետև Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, և, անշուշտ, ինչպես հասկանում եք, մենք էլ ունենք պայմանագրեր։ ՀԱՊԿ շրջանակներում կառուցվել է այն Հավաքական անվտանգության համակարգը, որի մասին խոսք է գնում։ Կա տեղեկատվության ինչ-որ փոխանակում, փոխանակում գլխավոր շտաբների, պաշտպանության նախարարության, մեր պետությունների անվտանգության խորհուրդների գծով։ Եվ ստացվում է, որ ահա այսպիսի համագործակցությունը տանում է նրան, որ պարզ չէ, թե որքանով կարելի է, ինչ չափով պետք է փոխգործակցել Հայաստանի հետ նույն Հավաքական անվտանգության շրջանակներում։ Այսինքն՝ այստեղ ինչ սահմանափակման աստիճան պետք է լինի։ Առավել ևս, որ մինչ այդ էլ հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունների հարցեր էին առաջանում։

Ռուսաստանն այժմ գրեթե ուղիղ առճակատման մեջ է ՆԱՏՕ-ի հետ, եթե խոսենք ոչ միայն Ուկրաինայի տարածքի, այլև, հավանաբար, ին-որ այլ տարածքների մասին»,-նշել է Պերենջիևը։

Փորձագետի կարծիքով՝ Հայաստանի և Ռուսաստանի փոխհարաբերությունները փոփոխություններ կկրեն ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի փոխգործակցության լույսի ներքո:

«Ռուսաստանն ակնհայտորեն դատապարտում է և կդատապարտի պաշտոնական Երևանի կողմից նման գործողությունները։ Ռուսաստանը խիստ քննադատաբար կհետևի այս իրավիճակին։ Եվ, հավանաբար, Ռուսաստանը կհիշեցնի ինչ-որ պայմանագրերի մասին, որոնք Հայաստանը պետք է կատարի։ Եվ, հավանաբար, բարձրացվելու է դրանց փոփոխության, դե, գուցե նաև չեղարկման հարցը։ Այսինքն՝ Հայաստանի կողմից երկակի ստանդարտների քաղաքականությունը, այն, իհարկե, ճշգրտումներ մտցնելու է ռուս-հայկական հարաբերություններում»,-կարծում է Պերենջիևը։

Անդրադառնալով Հայաստանի տարածքում ռուսական 102-րդ ռազմաբազայի ճակատագրին՝ փորձագետը կարծում է, որ դրա դուրսբերումը կարող է վնասել հենց Հայաստանի անվտանգությանը։

«Ռուսաստանի համար դա կարող է ինչ-որ բալաստի թափում լինել, ինչպես ժամանակին դուրս եկանք Վրաստանից կամ Գաբալայից (Ադրբեջան)։ Հարց՝ արդյոք ռուսական բազայի դուրսբերումը սպառնալիք չէ հենց Հայաստանի համար։ Ահա թե ինչպես պետք է հարցը դնել: Իսկ Ռուսաստանի համար դա սպառնալիք չէ, դա մարտահրավեր է։ Պարզապես մարտահրավեր»,-եզրափակել է Alpha News-ի զրուցակիցը։

Այս խորագրի վերջին նյութերը