Մեկնաբանություն

21.10.2011 17:17


Տնտեսական աճի ու բլեֆի արանքում

Տնտեսական աճի ու բլեֆի արանքում

«Այս տարվա առաջին 9 ամիսների ընթացքում Հայաստանի համախառն ներքին արդյունքում արձանագրվել է 5 տոկոս աճ»,– դեմքի ինքնագոհ արտահայտությամբ կառավարության վերջին նիստը բացելով հայտարարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը։

Ճիշտ է, «միջազգային կենտրոնների» սիրահարի մոտ այլևս չկա նախկին էնտուզիազմը, բայց ՀՆԱ 5–տոկոսանոց աճի մասին նա այնպիսի պաթոսով խոսեց, կարծես ՀՀ–ն հետևում է թողել տնտեսական ճգնաժամը, և այդ ամենից հիմա մնացել են միայն «բարի» հուշեր։

Նախ՝ տնտեսության 5–տոկոսանոց աճի մասին խոսելը սպառողական գների 6,2 % ավելացման պայմաններում պարզապես ծիծաղելի է։ Այսինքն, նույնիսկ պաշտոնական վիճակագրությունն է ցույց տալիս, որ եթե մեզանում տնտեսության աճ կա, ապա այն անվանական է՝ պայմանավորված նախորդ տարվա համեմատ գների մակարդակի բարձրացմամբ ու եթե կառավարությունը ոչինչ չաներ, ապա այդ անվանական աճն այսպես, թե այնպես լինելու էր։

Բացի այդ, եթե նույնիսկ հիմք ընդունենք, որ արձանագրված 5–տոկոսանոց աճն իրական է, ապա Տիգրան Սարգսյանը կրկին պետք է խանդավառվելու տեղ չունենա, քանի որ վարչապետ դառնալուց առաջ կառավարության ծրագրով խոստացել էր ՀՆԱ տարեկան 8-10 տոկոս իրական աճ, իսկ երբ նրան զգուշացվում էր մոտալուտ ճգնաժամի և իրենց «նյուվասյուկիստական» ծրագրերի իրականացման անհնարինության ու բլեֆի մասին, «տիրացուն» հավաստիացնում էր, թե միջազգային ճգնաժամը կշրջանցի Հայաստանը, իսկ խոստումները կկատարվեն։ Ասել է թե՝ եթե տարին նույնիսկ 5-6 տոկոս աճով փակենք, ապա կառավարությունն իր հիմնական խոստումն արդեն երրորդ տարին անընդմեջ չի կատարի։

Հաջորդը. Տիգրան Սարգսյանի վարչապետության առաջին ամբողջական տարում՝ 2009–ին, արձանագրվել է ՀՆԱ 14,4 % անկում, ու եթե հաշվի առնենք, որ 2010–ին գրանցված 2,6 տոկոս աճն անվանական էր, քանի որ արձանագրվեց երկնիշ գնաճ, ապա ՀՆԱ աճի այսօրվա տեմպերի պահպանման դեպքում անգամ մենք 2008–ի մակարդակին կգանք լավագույն դեպքում 3-4 տարուց։

Այս ամենը վարչապետը, բնականաբար, չնկատելու է տալիս՝ փորձելով անտեղյակ մարդկանց ականջներից «լապշա» կախել ու խոսել տնտեսական աճից, բայց դե շատերի համար արդեն վաղուց պարզ է, թե ով ով է և ինչու է երկրում բիզնես մթնոլորը վատացել։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը