Մեկնաբանություն

27.03.2023 23:12


Նիկոլ Փաշինյանը Բաքվի տարբերակն է բանակցում

Նիկոլ Փաշինյանը Բաքվի տարբերակն է բանակցում

Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսսա Խամոյանի տեղին հարցերին Նիկոլ Փաշինյանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի տված պատասխանները բավականին ուշագրավ կարելի է համարել:

Արարատ Միրզոյանն, ըստ էության, հայտարարեց, որ Բաքվի ու Երևանի «խաղաղության պայմանագրի» բանակցություններում Արցախի խնդրի կարգավորման այսպես կոչված «արևմտյան տարբերակ» չկա, չի էլ եղել: Բացի այդ, նա հաստատեց, որ եղել է «ռուսական տարբերակ» (կամ՝ «չափանիշներ»), որը, այո՛, ենթադրում էր Արցախի խնդրի կարգավորման հարցի առժամանակ հետաձգում:

Նիկոլ Փաշինյանի ԱԳ նախարարի խոսքով, հիմա բանակցվող տարբերակը կարելի է ասել՝ «հայ-ադրբեջանական» է:

Միգուցե, կարելի կլիներ ասել այլ պարագայում: Բայց հաշվի առնելով, թե ում իշխանության ներկայացուցիչն է նման բան ասում, բոլորովին այլ ընկալում է ձևավորվում: Գործնականում, դա ադրբեջանական և պրո-ադրբեջանական տարբերակ է:

Դատեք ինքներդ, նույնիսկ Արարատ Միրզոյանի ներկայացրածի համաձայն, ռուսական տարբերակը ենթադրել է Արցախի կարգավիճակի պարզաբանում հետագայում: Արարատ Միրզոյանը հայտարարում է, թե այդ տարբերակը բանակցվել է կարճ ժամանակ, ապա մերժվել Ադրբեջանի կողմից: Երևի ավելի ճիշտ կլիներ ասել, որ այն մերժվել է Նիկոլ Փաշինյանի և Ալիևի համատեղ ջանքերով: Այն ժամանակ, երբ ձևակերպվել էր «ռուսական տարբերակը», չմոռանանք, Նիկոլ Փաշինյանն ու իր Արարատ Միրզոյանը «վազեցին» Պրահա, որտեղ արդեն հենց Արևմուտքի միջնորդությամբ բոլորովին այլ հայտարարություն ընդունեցին: Ի վերջո, հենց այնպես չէ, որ ԱՄՆ-ն արդեն ուղիղ տեքստով կոչեր է անում Փաշինյանին՝ կատարել պարտավորությունները:

Ավելին, մեկ անգամ չէ, որ հայտարարվել է, որ Պրահայում Էրդողանի ու Ալիևի հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանն, ըստ էության, համաձայնել է Արցախը ճանայել ադրբեջանական՝ որպես Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելու նախապայման:

Բայց այս ամենի հետ կապված նաև այլ հարց է ծագում. եթե ըստ Արարատ Միրզոյանի՝ «արևմտյան տարբերակ» գոյություն չի ունեցել, «ռուսական տարբերակը» մերժվել է, ապա ի՞նչ սկզբունքներ են դրված բանակցվող տարբերակում: Դատելով Արցախի վերաբերյալ նիկոլականների վերաբերմունքից ու նաև Արարատ Միրզոյանի՝ նույն նիստում արված ծամծմված արտահայտություններից, հիմքում հենց Բաքվի տարբերակն է, գործնականում՝ երկրորդ կապիտուլյացիոն հայտարարություն: Տեսեք, Միրզոյանը նշում է, որ բանակցվող տարբերակը ենթադրում է «ԼՂ իրավունքների և անվտանգության» հասցեագրման համար միջազգային մեխանիզմի ստեղծում, «որի ներքո տեղի կունենա ԼՂ իրավունքների և անվտանգության հարցերի քննարկում և հասցեագրում Բաքու-Ստեփանակերտ ուղիղ երկխոսության պայմաններում»:

Թե Բաքուն ինչ ու ինչպես է ընկալում «ուղիղ երկխոսությունը», հանրահայտ է: Ավելին, եթե դուք համաձայնում եք հարցերը թողնել Բաքու-Ստեփանակերտ ուղիղ երկխոսությանը, ապա Ալիևը հանգիստ կարող է վաղը, մյուս օրն ասել, որ դա առհասարակ իր պետության ներքին գործն է, և ի՞նչ կապ ունեն դրա հետ մյուս բոլորը, երկրորդ՝ իր «ներքին խնդիրով» «ուղիղ երկխոսության» համար խաղաղապահներ պետք չեն: Այդտեղ ի՞նչն է, որ թեկուզ չնչին կապ կարող է ունենալ Հայաստանի կամ Արցախի հայության շահերի ու դրանք պաշտպանելու հետ:

Եվ մի բան էլ. Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ նաև ընդդիմադիր պատգամավորը կարող է ծանոթանալ բանակցվող փաստաթղթին, ապա սկսեց վերապահումներ անել, հասկանալի է՝ գաղտնիության և այլ առումներով: Բայց ամենից հետաքրքիրը նրա այն ակնարկն էր, թե քննարկվող փաստաթղթին ծանոթանալիս չպետք է արագ հետևություններ անել կամ հնարավոր է այն սխալ հասկանալ՝ հաշվի չառնելով, որ դրանք քննարկման ներկայացված ձևակերպումներ են, վերջնական չեն, բլա-բլա-բլա:

Ու ո՞վ է սա ասում: Իսկ ասում է դա ոչ երկրորդական ներկայացուցիչը մի իշխանության, ներկայացուցիչը Նիկոլ Փաշինյանի, որի քարոզչական քայքայիչ գործունեությունը և «նախկինների» վերաբերյալ հայտարարությունները արվում են հենց բանակցային՝ վերջնական համաձայնության չբերված և որպես փաստաթուղթ չստորագրված (վերջնական չընդունված) տարբերակների, այդ տարբերակների բովանդակային ու իմաստային խեղաթյուրման և նենգախեղման վրա: Դեհ, երկերեսանիությունը նիկոլիզմ ասվածի հոմանիշ անվանումներից է:

Արթուր Խայթ

Այս խորագրի վերջին նյութերը