Մեկնաբանություն

27.03.2023 23:10


Երկրի կյանքն ու ապագան ապականողը «աղբ հավաքելու» ձևեր է թափում

Երկրի կյանքն ու ապագան ապականողը «աղբ հավաքելու» ձևեր է թափում

Նիկոլ Փաշինյանը, նախօրեին, երբ իր ծառայողական զրահամեքենայով ու տասնյակի հասնող «անվտանգության ավտոշարասյան» ուղեկցությամբ Տավուշում էր, Դիլիջանով անցնելիս… չէ՛, այս անգամ փողոցն անցնող ոչ մի քաղաքացու ավտոշարասյան տակ չի գցել, ինչպես անցյալ տարվա ապրիլին սպանեցին Սոնա Մնացականյանին՝ իր չծնված երեխայի հետ, Երևանում: Ի դեպ, այդ սպանության համար ոչ Նիկոլ Փաշինյանը, ոչ էլ նրան ներկայացնող ավտոշարասյան մեքենայի վարորդ-ոստիկանը պատասխանատվություն չեն կրել:

Այս անգամ Նիկոլ Փաշինյանը որոշել է միանալ Դիլիջանում աղբահավաքման ակցիա անող ռելոկանտներին: Թե դա ի՞նչ ձևականություն և վանող դերասանություն էր, ինքն ու իր կինը կիմանան: Բայց, ազնիվ խոսք, ավելի լավ էր՝ Հայաստանի խորհրդայնացման 50-ամյակի հուշարձանի ֆոնին պեռաշկի ուտեր կամ կուկուռուզ կրծեր:

Այն, որ Նիկոլ Փաշինյանը, բանուգործ թողած, երկրի բնակավայրերից մեկում աղբ է հավաքում, ինքնին խոսուն է և որոշակի մտորումների առիթ է տալիս: Հասկանալի է, իհարկե, որ պոպուլիստ Նիկոլ Փաշինյանն ընդամենը փիարվում է, այսպես ասած՝ իրեն է ցուցադրում:

Բայց, մյուս կողմից, ախր ո՞վ է այդ սուպերվարչապետական կոստյումով ու զրահապատյալ, թիկնազորքյալ պերսոնան, որ քաղաքներից մեկում ձև էր բռնել, թե կենցաղային աղբ է հավաքում: Ո՞վ, էլի, Նիկոլ Փաշինյա՞նը:

Նիկոլ Փաշինյանը, որի իշխանության շուրջ 5 տարիների ընթացքում մեր երկրում աղտոտվել ու ապականվել է այն ամենը, ինչին նրա ձեռքերը հասել են:

Նիկոլ Փաշինյանը, իր կառավարման 5 տարիների ընթացքում մեր երկրի քաղաքական, արտաքին-քաղաքական տիրույթներում այնքան աղբ է արտադրել, որ անխուսափելի իշխանափոխությունից հետո, պատկերավոր ասած՝ մի քանի տասնյակ բուլդոզերների ու տրակտորների երեք հերթափոխով աշխատանք է պահանջվելու՝ նրա թողած աղտեղությունից մի կերպ ազատվելու համար:

Նիկոլ Փաշինյանը, իր կառավարման 5 տարիների ընթացքում, ներհասարակական կյանքում, հարաբերություններում այնքան կեղտ ու աղբ է թափել, որ մի քանի հնգամյակ է պահանջվելու այդ զիբիլից ձերբազատվելու համար: Առնվազն ոչ մեկ տասնամյակ և գիտակրթական ահռելի ջանքեր են պահանջվելու՝ պետականությունն ու հասարակությունը ներսից պարազիտի նման կրծող նիկոլիզմ կոչվող երևույթից ազատվելու, այն արմատախիլ անելու համար:

Թե բա՝ «տեսա՞ք, Նիկոլ Փաշինյանը Դիլիջանի փողոցներում աղբ էր հավաքում…»: Ավելի լավ կլիներ, որ նա ինքնահավաքվեր իշխանությունից՝ երկրին ու ժողովրդին չարիքից ազատվելու թեկուզ փոքր շանս թողնելով:

Իսկ ո՞վ է հավաքելու նրա թողած քաղաքական, սոցիալական, տնտեսական, կրթական, մշակութային աղբակույտերը: Չնայած, ավելի տեղին է հարցը, թե՝ եր՞բ է վրա հասնելու Փաշինյանի թողած աղբասարերը հավաքելու ժամանակը: Դա անխուսափելի լինելու է: Վաղ, թե՝ ուշ: Ցանկալի է, իհարկե՝ վաղ, քան թե՝ ուշ:

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը