Մեկնաբանություն

26.11.2021 11:22


Ինչպես է քանդվում հայկական ֆուտբոլը․ նիկոլական Մելիքբեկյանի ներդրումը

Ինչպես է քանդվում հայկական ֆուտբոլը․ նիկոլական Մելիքբեկյանի ներդրումը

ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը բացառիկ ուշադրություն է դարձնում աղջիկների ֆուտբոլին։ Նրա կառավարման օրոք ահռելի ֆինանսական ծախսեր են կատարվում այս անիմաստ և անհեռանկարային ծրագրում։ Թերևս՝ փողեր լվանալու տրամաբանությամբ։

Իբր տղամարդկանց հավաքականի անհաջողությունը մարսել էինք, հիմա էլ սա։ Աշխարհի Գավաթի որակավորման ընտրական F խմբում 19:0 հաշվով մեր աղջիկները պարտվեցին Բելգիայի հավաքականին։ Երկիր, ազգ ենք ներկայացնում, 5 խաղում 36 գոլ ենք բաց թողել և ոչ մի անգամ չենք փչացրել հակառակորդ թիմերի դարպասապահների տրամադրությունը․ զրո գոլ։ Աղջիկները մեղավոր չեն, մեղավորները նրանց այս մրցաշար տանողներն են։ Պետք է պատրաստվել, նոր գնալ, այլ ոչ թե գնալ, որպեսզի պատրաստվել՝ ինչպես ֆեդերացիայում են կարծում։

Ամենավատն այն է, որ այս հաշվով պարտվողների համար ՀՖՖ-ն պարբերաբար ուսումնամարզական հավաքներ է անցկացնում, արտասահմանից հայուհի ֆուտբոլիստներ է գտնում, հոգում նրանց ինքնաթիռի տոմսերի, մարզահագուստի, կեցության հարցերը, նույնիսկ ընկերական խաղեր կազմակերպում։ Նրանք էլ գալիս են ու սենց գերխոշոր հաշվով պարտվում։ Փաստորեն, որպես զբոսաշրջիկ են գալիս հավաքական, այլ ոչ թե որպես մարզիկ։

Բայց այսքանով հո՞ ամեն ինչ չի ավարտվում։ Հայաստանն ունի աղջիկների այլ տարիքային հավաքականներ, որոնց համար նույնպես պայմաններ են ապահովվում հետագա անխուսափելի պարտությունների համար։ Լավ ծախսեր են կատարվում, շա՜տ լավ, մեծ ծախսեր։ Տարեկան մինչև 1 միլիոն դոլար է ծախսվում կանանց ֆուտբոլի վրա։ ՀՖՖ նախագահ նշանակված Արմեն Մելիքբեկյանի աղջիկը նույնպես ֆուտբոլ է խաղում և հանդիսանում է մինչև 17 տարեկան կանանց հավաքականի խաղացող։ Չի բացառվում, որ շուտով նա կհամալրի ՀՀ հավաքականը։ Դե՛, իհարկե կհամալրի։ Իրականությունն այն է, որ ՀՀ կանանց ֆուտբոլի հավաքականում խաղադաշտ կմտնի Մելիքբեկյան ազգանունով մեկը, թե որևէ ուրիշ ազգանունով հայուհի, դրանից մեր հավաքականի ոչ խաղը կփոխվի, ոչ էլ հաշիվը։ Բայց ՀՖՖ նախագահ Մելիքբեկյանը լավ հայրություն է անում։ Իր աղջիկը մի օր կհագնի հավաքականի համազգեստը, ինքն էլ կհպարտանա, իսկ արդյունքը հետաքրքիր չի լինի իրենց։ Խաղից հետո տխուր կլինեն միայն հայ ֆուտբոլասերները, իսկ համացանցը հումորի երեկոյի կվերածվի։ Նիկոլական ԽԾԲ սկզբունքը նաև ֆուտբոլում է գործում։ Ընտանիքի անդամներին են խցկում ուր ասես։

Ե՞րբ Մելիքբեկյանը կտա պատասխան նման խայտառակության համար, դժվար է ասել։ Կանանց ֆուտբոլը մեր երկրում սիրողական մակարդակից էլ ցածր է, բայց եթե մի քանի հոգի կարծում են, որ մի օր մոտ ապագայում կունենանք կանանց գոնե միջին մակարդակի ֆուտբոլ, դա նույն 2050 թվականի համար խոստացված ուտոպիան է։

Ֆուտբոլային հարցերի (և ոչ միայն) լուծումը քաղաքական դաշտում է։ Նիկոլը պետք է հեռացվի։ Իր բերած մելիքբեկյաններն էլ հետը։

Պետրոս Ալեքսանյան

Այս խորագրի վերջին նյութերը