Խմբագրական

02.07.2011 14:09


«Մեղրամսի» ավարտն ու չհասկացվածության պատը

«Մեղրամսի» ավարտն ու չհասկացվածության պատը

Կար մի ժամանակ, երբ «Եղիազարն» ու «միաբանը» իրար հասկանում էին երկար տարիներ համատեղ կյանքով ապրած ամուսինների պես։

Բերեմ Սարգսյանի ու Տեր–Պետրոսյանի փոխադարձ օգնության և հասկացվածության մի քանի օրինակներ։

Այսպես, այս տարվա փետրվարին Սարգսյանին անհրաժեշտ էր իր իշխանության վերարտադրությանը նպաստող կոալիցիոն նոր հուշագիր ստորագրել և այդ ձևով պայքարել ոխերիմ գործընկերոջ դեմ։ Տեր–Պետրոսյանն անմիջապես պաշտպանեց ՀՀԿ «ճկուն» ղեկավարի այդ նախաձեռնությունը և դարձավ «ֆուտբոլասեր» նախագահի կայունության երաշխիքը՝ PR անելով Սերժ Սարգսյանին ու բարձրաձայնելով, թե «մոնղոլ–թաթարական» որակված համակարգի պարագլուխը վայելում է Արևմուտքի լիակատար աջակցությունը։

Հաջորդը. Սարգսյանն ասում էր, թե հանձնարարել է Արդարադատության նախարարին լուծումներ գտնել, որպեսզի Հանրապետության տոնի կապակցությամբ քաղաքական մթնոլորտը լիցքաթափվի, Տեր–Պետրոսյանը միանգամից հասկանում էր, որ իր ընկերներին բաց են թողնելու մինչև մայիսի 28–ը և համարում էր իր «պահանջներից» մեկը կատարված։

Սարգսյանը մարտի 1–ի թեմայով մի ձևական հայտարարություն էր անում, Տեր–Պետրոսյանը դա ներկայացնում էր որպես իրենց ցանկության բավարարում։

Մի խոսքով, Լ. Տեր–Պետրոսյանը պետք եղած ժամանակ աջակցում էր Ս. Սարգսյանին, ինչպես նաև անմիջապես ընկալում նրա «կես բերան» ասածները՝ շտապելով վերածվել «կոնտրագենտի» խոսքերի թարգմանի ու ԱՀՔ–ի (Ազատության հրապարակում քարոզողի)։

Վերջին շրջանում, սակայն, կողմերի միջև չհասկացվածության պատ է առաջացել։ Ավելի ճիշտ՝ Տեր–Պետրոսյա՛նն է «կորցրել» Սարգսյանի ուղիղ ասած խոսքերն ընկալելու կարողությունը։ Ստիպված։ Տեր–Պետրոսյանին հիմա այլ բան չի մնում անելու, քան անհասկացող ձևանալը։

Տեսե՛ք. Սարգսյանը, իր դիրքերն ամրապնդելուց և ՀԱԿ–ի երեք «պահանջները» կատարելուց հետո, այլոց շուրթերով Տեր–Պետրոսյանին ուղարկեց հայտնի ուղղությամբ, իսկ ՀԱԿ առաջնորդը նշեց է, թե դա դեռ ոչինչ չի նշանակում։ Դրանից հետո Սարգսյանն անձա՛մբ արտահերթ ընտրություններ անցկացնելու ՀԱԿ պահանջին ասեց «ոչ», իսկ ԱՀՔ–ը, ով մի քանի շաբաթ առաջ ընկալում էր անգամ Սարգսյանի դեմքի միմիկան, շտապեց հաղորդագրություն տարածել, թե լավ չի հասկացել նրան ու հասկանալու համար կառույցներով համակոնգրեսական քննարկումներ պետք է կազմակերպի։

Սարգսյանը, փաստացի, ասեց, թե աչքիս չերևաք ու ՀԱԿ պատվիրակությանն ուղարկեց դռնեդուռ, իսկ «արմատականները» շարունակում են հայտարարել, թե դա դեռ ոչինչ չի նշանակում. այդպես ՀԱԿ վերնախավին, երևի, ավելի հեշտ է ապրել։

«Բա հո՞ «այո» չէր ասելու։ «Ոչ»–ը ներքին օգտագործման համար է՝ իշխանական շրջանակներին հանգստացնելու նպատակով»,– դեմքի «խորհրդապահական» տեսքով նշում են ՀԱԿ–ի մշակները՝ հիշեցնելով այն կանանց, ովքեր որպես սրտի մխիթարանք հաճախ են կրկնում, թե եթե ամուսինն իրենց ծեծում է՝ ուրեմն սիրում է։ Ինչևէ։

Եթե հիշում եք, ճիշտ նույն ձևով էին իրենց պահում Սերժ Սարգսյանն ու իր թիմակիցները հայ–թուրքական «մեղրամսի» բուռն շրջանում, երբ թուրքերը ուղղակի ձևով և ամեն առիթով հայտարարում էին, թե իրենք սահմանը չեն բացի ու դիվանագիտական հարաբերություններ չեն հաստատի՝ քանի դեռ հայերը Ղարաբաղի հարցում միակողմանի զիջման չեն գնացել։

Ի պատասխան Էրդողանի բազմիցս հնչեցրած «ոչ»–ին Սարգսյանը հայտարարում էր, թե դա ներքին օգտագործման համար է։ «Բա հո՞ «այո» չէր ասելու»,– դեմքի «նախաձեռնողական» արտահայտությամբ հայտարարում էին Բաղրամյան 26–ի մշակները։

Իրականությունն այն է, որ և՛ Սարգսյանը, և՛ Տեր–Պետրոսյանը «նախաձեռնողական» քաղաքականություն վարեցին համապատասխանաբար Թուրքիայի ու Հայաստանի իշխանության հետ և յուրաքանչյուրն իր մասով խայտառակ պարտություն կրեց։

Ե՛վ Սարգսյանը, և՛ Տեր–Պետրոսյանը «երկխոսության» կեսից հասկացան կամ «էն գլխից» էլ գիտեին, որ «քցվել» կամ «քցվելու» են հակառակ կողմից, բայց հիմա ստիպված իրենց դրել են չհասկացողի տեղ և հույս ունեն, թե ժամանակ ձգելով կկարողանան պահել իրենց դիրքերը։ Երկուսն էլ ուզում են հավատալ իրենց «բլեֆին» և հիմարի տեղ դնել հասարակությանը՝ չզգալով, որ մարդիկ շատ պարզ տեսնում են, որ թագավորը մերկ է։

Սարգսյանը հիմա շատ լավ գիտե, որ Էրդողանը սահմանը չի բացելու և ինքը չի լուծելու իր առջև դրած խնդիրը, բայց շարունակում է ստորագրությունը պահել հայ–թուրքական տխրահռչակ արձանագրությունների տակ և ձև տալ, թե իբր հավատում է, որ «երկխոսության» արդյունքում մի օր  Թուրքիան կվավերացնի արձանագրությունը։

Իր հերթին էլ Տեր–Պետրոսյա՛նը շատ լավ գիտե, որ արտահերթ նախագահական ու խորհրդարանական ընտրություններ չեն լինելու, բայց շարունակում է այդ թեմայով խոսել և ձև տալ, թե իբր հավատում է «երկխոսության» միջոցով արտահերթ ընտրությունների անցկացման հնարավորությանը։

Մեկ բան ակնհայտ է, որ եթե մենք ուզում ենք հետ պտտեցնել հայ–թուրքական «ֆուտբոլն» իր բոլոր բացասական հետևանքներով հանդերձ, ապա դա կարող է անել միայն նոր իշխանությունը։

Ակնհայտ է նաև մեկ այլ բան, որ եթե մենք ուզում ենք իշխանափոխություն և համակարգափոխություն, ապա դա կարող է անել միայն ընդդիմադիր նոր ձևաչափը՝ նոր ուժը։

Անդրանիկ Թևանյան

Այս խորագրի վերջին նյութերը