Քաղաքական

02.09.2021 15:59


Ումի՞ց է վախենում Փաշինյանի իշխանությունը

Ումի՞ց է վախենում Փաշինյանի իշխանությունը

Պատերազմից ու կապիտուլյացիոն փաստաթղթի ստորագրումից հետո Փաշինյանը փոխարենը հրաժարական տար, մնաց իշխանության: Օրերով «կորում էր», իր թիմակիցները ևս թաքնվում էին, ոչինչ չէին խոսում: Որոշները լքեցին թիմը, որոշները պարզապես լռում էին։

Արդյունքում Ազգային Ժողովը փաստացի դարձավ միակ վայրը, որտեղ կարելի էր հանդիպել իշխանական պատգամավորի և հարց տալ՝ ի վերջո, ինչպե՞ս բերեցին պատերազմի, ինչու՞ ամբողջ ընթացքում պետական մակարդակով ստեցին, մոլորեցրին ժողովրդին, ի՞նչ էր բանակցում իրենց ղեկավարը Ալիևի հետ, ինչու՞ միայնակ որոշեց ստորագրել փաստաթուղթ և այլ շատ ու շատ հարցեր։ Այս հարցերի պատասխանները նրանք չունեին, այդ պատճառով սկսեցին բառի բուն իմաստով փախնել, և առաջին հերթին՝ լրատվամիջոցներից, որոնք հանրությանը հուզող հարցերն էին տալիս։

Իմքայլականները սկզբից դիմադրեցին, հետո ուզած չուզած կազմակերպեցին ընտրություններ, մեծ ջանքեր ներդրեցին, աննախադեպ վարչական ռեսուրսն օգտագործելով մի կերպ հասան նրան, որ իշխանությունը պահեն, բայց․․․հարցերը մնացին։ Մնացին այն նույն հարցերը, որոնց պատասխաները մինչ օրս չեն տրվել, գոռգոռացել են, մեղադրել են բոլոր բոլորին, բայց պատասխաններ չեն տվել։ Ու հիմա ստիպված են այդ նույն հարցերը լսել Ազգային Ժողովում, արդեն նոր ընդիմության կողմից բարձրացված։

Խաղաղ դարաշրջան խոստացող փաշինյանական իշխանության օրոք այսօր փաստացի վտանգված են հայաստանյան սահմանները, Արցախի ճակատագրի մասին խոսք անգամ չկա: Ալիևը շարունակ ծաղրում է թե՛ Փաշինյանին, թե՛ Հայաստանը, թե՛ ընդանհարապես հայերին: Անդադար ինքնիշխանությունից և հպարտությունից խոսող ու պարտություն բերած իշխանությունը ոչ միայն չի պատասխանում թշնամուն, այլ թշնամիներ է տեսնում, միմիայն երկրի ներսում:

Թուրքական բայրաքթարներով մի ողջ սերունդ կոտորած թուրքերն ու ադրբեջանցիները իրենց համար, պարզվում է, թշնամի չեն: Ողջ իշխանությունը առավոտից երեկո խոսում է նրանց հետ բարիդրացիական կապեր հաստատելու, համագործակցության ու խաղաղ հարևանության մասին:

Նրանց համար թշնամին Ալիևը չէ, այլ ընդդիմադիր գործիչներն ու լրատվամիջոցները:

Դատեք ինքներդ: Եկեք տեսնենք, թե ինչ է արել իշխանությունը, երբ ադրբեջանական զորքերը մտնում էին հայկական հողեր, գյուղեր, Սոթքի հանքավայր, կրակում էին Երասխի ու Վարդենիսի վրա։ Ի՞նչ արեց իշխանությունը, ոչի՛նչ։ Ադրբեջանի զինված ուժերը արդեն 2 ամիսն է՝ մտել են Սյունիքի Սև լճի տարածք, իսկ մերոնք ոչինչ չեն անում։ Արդյունքում պատերազմի ավարտից հետո արդեն Հայաստանի սահմանին ունենում ենք զոհեր ու գերիներ:

Իսկ ի՞նչ արեց իշխանությունը, երբ ընդիմադիր շարժում սկսվեց: Քրեական հետապնդումներ շարժման առաջնորդների նկատմամբ, երկիրը կայծակնային արագությամբ վերածվեց ոստիկանապետության:

Նույն ձեռագրով էլ անցկացրեցին քարոզչական ընթացքը, ընտրություններն ու նույն պատկերն է նաև արդեն նոր խորհրդարանում: Ծեծկռտուք, քրեական գործեր, ընդդիմադիր պատգամավորների կալանք:

Լրատվադաշտի մասով՝ ԱԺ սահմանափակումներ, ոչ յուրային լրագրողներին գրեթե օրումեջ հրավիրում են քննչական մարմիններ, ԱԺ անվտանգությունը առանց որևէ կաշկանդվածության լրագրողին հանցագործի պես թևերից քաշում, հրելով դուրս է հանում այն վայրից, որտեղ լրագրողը կատարում է իր մասնագիտական պարտքը։

Այս ամենը վկայում է մի բանի մասին․ իշխանությունը վախենում է։ Վախենում է ճշմարտությունից, իրականության հետ առնչվելուց, բաց լինելուց: Իսկ երբ վախենում ես ճշմարտությունից, ուրեմն թաքցնելու բան ունես: Ուրեմն ինչ-որ բան թաքցնում ես, ուրեմն սխալ է, վատ է, այն չէ՛ ինչ ներկայացնում ես։

Այդ ամենը նաև հավաստումն է այն բանի, որ զգում է՝ հնարավոր չէ մարսել հինգ հազար 18-20 տարեկան տղաների թափած արյունը, այդ գնով պահած կիլոմետրերով բնակավայրերը, սրբություններն ու շիրիմները, որոնք Նիկոլի մի ստորագրությամբ հանձնվեցին թշնամուն՝ ոչինչի դիմաց։

Վախը դարձել է այս իշխանության առաջնորդող ուժը, իսկ թե ուր է տանում վախը, դժվար է ասել, բայց վստահաբար ոչ մի լավ տեղ, էլ չասած, որ ուր էլ տանի, այդ ճանապարհը կարճ է տևելու:

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը