Լրահոս

23.06.2011 10:20


Իլհամ Ալիև. «Մինսկի խմբի համանախագահների և համանախագահ երկրների ղեկավարների վերջերս արած հայտարարությունները հուսադրող են»

Ինչպես հաղորդում է «АПА» գործակալությունը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ԵՄ նախագահ Գերման վան Ռոմպույի հետ Բրյուսելում կայացած համատեղ ճեպազրույցի  ժամանակ  հայտարարել է, որ Մինսկի խմբի համանախագահների և համանախագահ երկրների  ղեկավարների վերջերս արած հայտարարությունները հուսադրող են։

–Հատկապես հուսադրող է Մինսկի խմբի անդամ երկրների ղեկավարների հայտարարությունն այն մասին, որ ստատուս–քվոն անընդունելի է, և որ  հակամարտությունը պետք է լուծվի հելսինկյան եզրափակիչ ակտի դրույթների հիման վրա, որոնք պարունակում են տարածքային ամբողջականության և ազգերի ինքնորոշման սկզբունքները։ Եվ սրանք իրար չհակասող սկզբունքներ  են։ Անհրաժեշտ է այնպիսի լուծում, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը պահպանվի, և տարածաշրջանում մարդիկ ապրեն ազատ  ու  խաղաղ։ Ես կարծում եմ, որ Մինսկի  խմբի առաջարկությունները դրա համար հիմք են ստեղծում։ Մենք հայկական կողմից այս բանակցություններում կառուցողական մոտեցում ենք ակնկալում։ Եվ ուզում ենք, որ հակամարտության լուծումը որքան հնարավոր է՝ շուտ գտնվի, ինչը թույլ կտա հազարավոր ադրբեջանցիների վերադառնալ իրենց տներն այն բանից հետո, երբ մեր տարածքներն ազատագրված կլինեն զավթումից,–հայտարարել է Ադրբեջանի նախագահը։

Գերման վան Ռոմպույն էլ իր հերթին մեկնաբանելով Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների՝ Կազանում կայանալիք ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ հանդիպումը՝ ասել է, որ ԵՄ–ն աջակցում է հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին։

–Հիմա  իսկը ժամանակն է լրացուցիչ ուժեր ներդնել հիմնարար սկզբունքների շուրջ համաձայնության գալու համար։ Սա թույլ կտա շուտով խաղաղ համաձայնագրի վերաբերյալ բանակցություններ սկսել,–ասել է նա։

Այս խորագրի վերջին նյութերը