Քաղաքական

01.06.2021 13:14


«Խոսքը ՀՀ սուվերեն տարածքի մասին է, մեր բանակը չպետք է հետքայլ աներ և թույլատրեր». Շուռնուխի գյուղապետը՝ սահմանային իրավիճակի մասին

«Խոսքը ՀՀ սուվերեն տարածքի մասին է, մեր բանակը չպետք է հետքայլ աներ և թույլատրեր». Շուռնուխի գյուղապետը՝ սահմանային իրավիճակի մասին

Մայիսի 27-ին Անվտանգության խորհրդի նիստում Նիկոլ Փաշինյանի հնչեցրած առաջարկից հետո՝ հայ-ադրբեջանական սահմանին դիտորդական առաքելություն իրականացնելու վերաբերյալ, Սյունիքում բնակիչները տարակուսանքի մեջ են։

Մարզի մի շարք համայնքապետեր այն կարծիքին են, որ բանակը կարող էր հենց սկզբից հարցը լուծեր և չթողներ, որպեսզի թշնամին առաջ եկած հատվածում ամրապնդվեր, և գործը հասներ ՀՀ սուվերեն տարածքում դիտորդական առաքելություն իրականացնելուն։ Միաժամանակ հասկանում են, որ բանակին հրաման չի տրվել թշնամուն հետ շպրտել ելման դիրքեր։

168.amի հետ զրույցում Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղի ղեկավար Հակոբ Արշակյանն ասաց, որ խնդրի առնչությամբ իր մտահոգություններն ունի, քանի որ այս ամենը ցույց է տալիս, որ Հայաստանի ղեկավարությունն այնքան թույլ է և անկարող, որ չի կարողանում սեփական բանակով սեփական երկրի սահմանները պաշտպանել։

«Այս ամենը մեզ համար հասկանալի է, բայց չգիտեմ, թե որքանով է ճիշտ, որ դիմեն ԵԱՀԿ-ին, Ռուսաստանին, այս հարցը թող մեկնաբանեն ավելի լավատեղյակները, որոնք կարող են իրենց խոսքն ասել։

Կարծում եմ՝ ի սկզբանե բանակն իր գործը պետք է աներ ու հետ շպրտեր, այսինքն՝ բանակն իր քայլը պետք է կատարեր։ Այստեղ խոսքը մեր ՀՀ սուվերեն տարածքի մասին է, մեր բանակը չպետք է հետքայլ աներ և թույլատրեր։ Պարզապես թշնամուն այդ տարածքից պետք է դուրս շպրտեր, ես միայն այսքանը կարող եմ ասել»,-նշեց Հակոբ Արշակյանը։

Ինչ վերաբերում է Շուռնուխի ընդհանուր վիճակին, որի մի հատվածը թշնամու հսկողության տակ է, Հակոբ Արշակյանը տեղեկացրեց, որ փոփոխություն չկա։

«Թուրքերն իրենց տեղում նստած են, կոնտակտի մեջ չեն մտնում, ամեն ինչ այնպես է, ինչպես ի սկզբանե եղել է, ամեն դեպքում մեզ մոտ այդպես է»,-հավելեց Հակոբ Արշակյանը։

Շուռնուխի գյուղապետը նաև տեղեկացրեց, որ թշնամու հսկողության տակ գտնվող տարածքում հայտնված կովերի հետ կապված, որոնք այնտեղ անցել էին մարտի կեսերին, մինչև օրս որևէ տեղեկություն չկա։

«19 կով մի անգամ է անցել նրանց հսկողության տակ գտնվող տարածք, 6 կով մեկ անգամ, այդ կովերից որևէ մեկը չի հաջողվել վերադարձնել»,-եզրափակեց Հակոբ Արշակյանը։

Հիշեցնենք, որ հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակը հանգուցալուծելու վերաբերյալ Նիկոլ Փաշինյանը մայիսի 27-ի Անվտանգության խորհրդի նիստում հնչեցրեց առաջարկ, որը հանրության ու փորձագիտական շրջանակներում զարմանք է առաջացրել։ Նա Անվտանգության խորհրդի նիստում առաջարկությամբ դիմեց Ադրբեջանի կառավարությանը և միջազգային հանրությանը.

«Առաջարկն այն է, որ մենք պայմանավորվում ենք, որ շատ արագ երկու կողմերի զինվորական ստորաբաժանումները հեռանում են սահմանից:

Դրա փոխարեն՝ սահմանագծի երկայնքով տեղակայվեն դիտորդները՝ Ռուսաստանը կամ ԵԱՀԿ-ն ներկայացնող, դրանից հետո տեղի ունենան սահմանային կետերի ճշգրտման աշխատանքներ: Խոսքը Սոթք-Խոզնավար սահմանային հատվածի մասին է»։

Այս խորագրի վերջին նյութերը