Քաղաքական

08.05.2021 18:14


«ՀՀԿ» և «Հայրենիք» կուսակցությունների երիտասարդները բաց նամակ հանձնեցին ԱՄՆ դեսպանությանը (տեսանյութ)

«ՀՀԿ» և «Հայրենիք» կուսակցությունների երիտասարդները բաց նամակ հանձնեցին ԱՄՆ դեսպանությանը (տեսանյութ)

Այսօր «ՀՀԿ» և «Հայրենիք» կուսակցությունների երիտասարդները հավաքվել էին ԱՄՆ դեսպանատան դիմաց, որպեսզի հանձնեն բաց նամակ, որտեղ ներկայացնում են 44-օրյա պատերազմի ընթացքում և դրա ավարտից մինչ այսօր Ադրբեջանի կողմից իրականացված ռազմական հանցագործությունների, գերիների վերադարձի և պատմամշակութային արժեքների ոչնչացման դեպքերը և այս առնչությամբ միջազգային հանրությունից իրենց պահանջները։

«Հայրենիք» կուսակցության նախագահի մամուլի խոսնակ Սոս Հակոբյանն ընթերցեց նամակը՝ ներկայացնելով, որ այսօր առաջնային խնդիրը նաև գերեվարված հայերի հարցն է և ադրբեջանական կողմը պետք է անհապաղ ազատ արձակի բոլոր գերեվարվածներին, պետք է ստեղծվեն պատերազմական հանցագործությունները և հանգամանքները քննելու գործուն մեխանիզմներ, պետք է ճանաչել Արցախի անկախությունը:

«Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է ապօրինաբար ձերբակալված պահել հայ ռազմագերիներին. նրանցից շատերը խոշտանգվում են, իսկ վերջերս հայտնի դարձավ 19 ռազմագերիների՝ այդ թվում կանանց, սպանության մասին։ Ադրբեջանը սպառնալիքներ է հնչեցնում Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքի նկատմամբ։ Ադրբեջանը բոլորի աչքի առաջ իրականացնում է մշակութային եղեռնագործություն՝ ոչնչացնելով Արցախի կրոնական և մշակութային ժառանգությունը. Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում արդեն իսկ ոչնչացվել են սրբավայրեր, պղծվել վանքեր ու եկեղեցիներ, վերացվել դրանց պատմական պատկանելիությունը հավաստող արձանագրություններ, անարգվել խաչքարեր և նախնյաց շիրիմներ։

Պատմության խեղաթյուրման և կեղծման ճանապարհով փորձեր են կատարվում յուրացնել այդ տարածքներում առկա շուրջ 150 հայկական սրբատեղիները։ Օրեր առաջ հայտնի դարձավ նաև վերանորոգման պատճառաբանությամբ Արցախի թեմի առաջնորդանիստի՝ Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ տաճարի հոգևոր խորհրդանիշները վերացնելու և գմբեթի վեղարը վայր բերելու փաստը՝ տաճարի, որը պատերազմի ժամանակ գերճշգրտությամբ դիտավորյալ կրկնակի հրթիռակոծելվել էր Ադրբեջանի կողմից»,-ասվում է նամակի մեջ:

Նրանք հանձնեցին նամակը ԱՄՆ դեսպանատան ներկայացուցչին:

Սոս Հակոբյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ հասարակության ձայնը պետք է այսօր շատ բարձր լինի, քանի որ մի իրավիճակ է ստեղծվել, երբ մեր իշխանությունները բացարձակապես զբաղված են աթոռները պահելով:

Նա նշեց, որ երիտասարդները պատրաստ են պահպանել հայկական մշակութային ժառանգությունը, իրավունքները. «Մենք ամեն օր պատրաստ ենք մեր ձայնը բարձրաձայնել, պահանջատեր ենք, պահանջատեր ենք լինելու: Ի տարբերություն այսօրվա իշխանության՝ մենք բացարձակապես զբաղված ենք համահայկական օրակարգով, մեզ համար առաջնայինն այս հարցերն են, իշխանությունը նպատակ չէ, այլ միջոց, մենք մեր օրակարգին հավատարիմ ենք լինելու»:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը