Քաղաքական

12.04.2021 14:23


Դատարանի վճռի կատարումից խուսափող Արման Բաբաջանյանը «Հանուն արդարադատության» ակցիա է կազմակերպում

Դատարանի վճռի կատարումից խուսափող Արման Բաբաջանյանը «Հանուն արդարադատության» ակցիա է կազմակերպում

GPartners իրավաբանական գրասենյակի ներկայացուցիչ Իրինա Դանիելյանը News.am-ում հոդված է հրապարակել․

«Վերջերս համացանցում լայնորեն շրջանառվում են Բարձրագույն դատական խորհրդի դիմաց Ազգային Ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանի «Հանուն Հանրապետության» կուսակցության կողմից մոտ օրերս կազմակերպվող բողոքի ակցիայի մասին լուրերը։ Այս ֆարսը կազմակերպվում է «ընդդեմ Հայաստանի պետականության և ժողովրդի իշխանության դիրքավորված դատավորների» խորագրի ներքո։ Այս նախաձեռնությունն ինքնին զավեշտալի է՝ հատկապես հաշվի առնելով կազմակերպչի խիստ անտարբեր և կամայական վերաբերմունքը առհասարակ դատական ակտերի կատարման հարցին։

Այսպես, դեռևս 18.01.2019 թվականին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից կայացվել է վճիռ, որով սահմանվել է, որ «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊ ընկերությունը (www.1in.am լրատվական միջոցը) պարտավոր է հերքել Ռոբերտ Սեդրակի Քոչարյանի վերաբերյալ հրապարակված զրպարտությունը, ինչպես նաև հայցել Ռոբերտ Սեդրակի Քոչարյանի ներողամտությունը վերջինիս վերաբերյալ զրպարտություն պարունակող տեղեկատվություններ հրապարակելու և տարածելու, ինչպես նաև նրա պատիվը և արժանապատվությունը արատավորելու համար: Այնուամենայնիվ, 1in.am-ի տնօրենը բացահայտ կերպով հրաժարվել է կատարել դատական ակտը, ինչի արդյունքում Հարկադիր կատարման ծառայությունը դիմել է ՀՀ գլխավոր դատախազին՝ նշվածին քրեաիրավական գնահատական տալու համար, ինչից հետո ՀՀ քրեական օրենսգրքի 353-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ և մեղադրական եզրակացությունն ուղարկվել է դատարան։

Հատկանշական է, որ «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊ ընկերությունը փոխկապակցված է նույն Արման Բաբաջանյանի հետ, ով այսօր ջանք ու եռանդ չի խնայում «Հայաստանի պետականության և ժողովրդի իշխանության դեմ դիրքավորված» դատարանների «հարցը լուծելու» համար։ Նման վարքագիծը վկայում է նվազագույնը երկակի ստանդրարտների մասին։ Պարադոքսը կայանում է նրանում, որ, ըստ էության, պետական պաշտոն զբաղեցնող անձը, ով իրեն իրավասություն է վերապահում բացահայտ և անթաքույց կերպով հրաժարվել իր համար ոչ բարենպաստ դատական ակտի կատարումից, ստեղծում է հանուն արդարադատության պայքարի իմիտացիա, պատրանք՝ իրականում հետապնդելով բոլորովին այլ նպատակներ»։

Այս խորագրի վերջին նյութերը