Մեկնաբանություն

05.03.2021 10:36


Ինչու է Նիկոլն ուզում պայմանավորվել ԼՀԿ–ի ու ԲՀԿ–ի հետ

Ինչու է Նիկոլն ուզում պայմանավորվել ԼՀԿ–ի ու ԲՀԿ–ի հետ

2020–ի նոյեմբերի 9–ի խայտառակ կապիտուլյացիայից հետո Նիկոլ Փաշինյանը պարբերաբար առաջարկում է գնալ արտահերթ ընտրությունների։ Հենց որ ճնշումն իր նկատմամբ մեծանում է, միանգամից խոսում է արտահերթից։ Հենց որ մի քիչ թուլանում է ճնշումը, հայտարարում է, որ արտահերթի հանրային պահանջ չկա։

Հիմա Նիկոլը կրկին արտահերթ է առաջարկում։ Նույնիսկ՝ սպառնում։ Բայց նրա սպառնալիքն արհեստական է, իսկ վիճակը՝ նեղ։ Քանզի եթե նա իրոք ուզում է գնալ արտահերթ խորհրդարանական ընտրությունների, ապա դրա լուծումն իր ձեռքում է։

Համաձայն ՀՀ սահմանադրության՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններ են լինում այն դեպքում, երբ խորհրդարանը երկու անգամ անընդմեջ չի կարողանում վարչապետ ընտրել։ Դա նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարական տա, որից հետո նրա ուսապարկային մեծամասնություն «Իմ քայլը» (ուսապարկեր որ ասում ենք, «ատամնատեխնիկ» Արման Բաբաջանյանը հետներն է) երկու անգամ վարչապետ չընտրի։ Այսինքն՝ պետք է տեղի ունենա 2018–ի սցենարի կրկնությունը։

Թվում է, որ եթե Նիկոլն անկեղծորեն ուզում է գնալ արտահերթի, ապա ոչինչ չի խանգարում նրան մեկ անգամ ևս փորձել 2018–ի տարբերակը։ Նիկոլը, սակայն, հասկանում է, որ ինքն այլևս 2018–ի Նիկոլը չէ։ Հասկանում է և վախենում։

Նիկոլը մեծամասնություն ունի խորհրդարանում, բայց չի վստահում իր մեծամասնությանը։ Նա վախենում է հրաժարական տալ, քանզի երաշխիք չունի, որ «Լուսավոր Հայաստանը» կամ «Բարգավաճ Հայաստանը» սեփական թեկնածու չեն առաջադրի, ինչպես նաև երաշխիք չունի, որ իր ուսապարկերից մի քանիսը սեփականաշնորհված չեն այլոց կողմից։

Ահա այդ վախերի պատճառով է Նիկոլն առաջարկում ԼՀԿ–ին ու ԲՀԿ–ին պայմանավորվել, որ իր հրաժարականի դեպքում խորհրդարանական ընդդիմությունը վարչապետի սեփական թեկնածու չի առաջադրի։ Էդմոն Մարուքյանը նախկինում չեմուչում էր անում ու ասում, որ ԼՀԿ–ն վարչապետի սեփական թեկնածու ունի։ ԲՀԿ–ն նույնպես չէր ընդունում Նիկոլի առաջարկը։

Հիմա Մարուքյանը հայտարարեց, որ պատրաստ է Նիկոլի ուզած սցենարով գնալ։ Նրանից այլ բան չէր էլ սպասվում․ հաճախորդը մնում է հաճախորդ։

Ինչ մնում է Ծառուկյանին, դեռ պարզ չէ, թե ԲՀԿ–ն ինչպես կպահի իրեն։ Դատելով առանձին ԲՀԿ–ականների կոշտ հայտարարություններից, այդ ուժը, որը նաև փողոցային պայքարի մասնակից է, չի կարող ընդունել «ժողովրդի» վարչապետի խաղի կանոնը։ Ամեն ինչ պարզ կդառնա Ծառուկյան–Փաշինյան հանդիպման արդյունքում։

Պետրոս Ալեքսանյան

Հ․Գ․։ Նիկոլն իրականում արտահերթի գնալու մտադրություն չունի։ Նրան ընդամենն այդ թեմայով գյալաջի է պետք ԼՀԿ–ի ու ԲՀԿ–ի հետ։ Դրա համար էլ զուգահեռաբար գցել է Սահմանադրության փոփոխության ու կիսանախագահականի անցնելու թեման։ Այն կիսանախագահականի, որն ինքը համարում էր անպատասխանատու համակարգ, բայց դե Նիկոլի դեպքում ոչինչ զարմանալի չէ։

Նիկոլին ԼՀԿ–ի ու ԲՀԿ–ի հետ հուշագիրը պետք է այն դեպքում, երբ ստիպված է գնալ արտահերթ ընտրությունների։

Այս խորագրի վերջին նյութերը