Մեկնաբանություն

21.01.2021 21:48


Չի եղել երբեք, փաշինյանից առաջ...

Չի եղել երբեք, փաշինյանից առաջ...

Կապիտուլյանտ-հողատուների «իշխանության» պարագլուխ և կառ-ավերության վարչաղետ նիկոլ փաշինյանի քաղաքական-քարոզչական հիմնական գործիքներից մեկը նախկիններին ու անցյալը այպանելն ու պախարակելն է՝ ինքն իրեն կամ իր գործունեությունը գովաբանելու հաջորդությամբ կամ ակնարկով:

«Նախկինում երբեք չի եղել...»-ով նրա զոմբի-կոմանդների և ֆեյքենֆելդֆեբելների՝ վերջին երկուսուկես տարվա մեջ հանրային հարթակներում անդադար տարածվող ժխորը հենց փաշինյանի ու փաշինյանական քարոզչության ու քաղաքական գործելակերպի «ալֆան և օմեգան» է, հատկապես՝ օմեգան:

Նախօրեին էլ, ԱԺ-ում, անդրադառնալով իր վարած «տարօրինակ պատերազմի» կամ ժամանակին իր իսկ գործածած բնորոշմամբ՝ «պայմանավորված պատերազմի» ընթացքում ու նաև դրանից հետո, կրկին՝ իր անհեթեթ գործողությունների հետևանքով գերության մեջ հայտնված մեր զինծառայողների վերադարձի խնդրին, փաշինյանը բլթացրեց հետևյալը. «Նախկինում ոչ մի անգամ այսպիսի ծավալով գերիների վերադարձ տեղի չի ունեցել...»:

նիկոլ փաշինյանն ակնհայտորեն ծաղրում է ինչպես գերիներին, այնպես էլ՝ գերեվարված հայրենակիցների ծնողներին ու հարազատներին, առհասարակ, նա այսպիսի արտահայտություններ անելով ուղղակիորեն թքում է հայ ժողովրդի վրա: Ժողովրդի մեջ կան այդպիսի էակներ, որոնք ասում են, թե «անձրև է գալիս», բայց թե՛ նրանք, թե՛ փաշինյանը թող չկասկածեն, որ հայությունը ա) դեռ մինչև վերջին հայը չի զոմբիացել, բ) դեռ պատասխան է պահանջելու փաշինյանից ու նրա ուսապարկերից՝ կատարած աններելի ոճրագործության համար:

Դրա նախօրեի այդ արտահայտության մեջ հետաքրքրականն այն է, որ փաշինյանն այնքան է տարվել «նախկինում երբեք»-ով, որ ոգևորված-ոգևորված ակնհայտ ապուշություն է դուրս տվել:

Ասում եք, ուրեմն, «նախկինում ոչ մի անգամ (երբեք) այսպիսի ծավալո՞վ...»: Լավ:

Եկեք մի փոքր զարգացնենք այս շրջանակը:

Այո, սա այն եզակի դեպքերից է, որ նիկոլ փաշինյանը չի ստել և չի ստում: Իսկապես էլ՝ նախկինում երբեք այսպիսի ծավալով գերիների վերադարձ չի եղել: Իսկ գիտե՞ք, թե ինչո՛ւ չի եղել: Որովհետև նախկինում, փաշինյանի իշխանազավթումից առաջ, երբեք ու երբեք չի եղել, որ Հայոց բանակի այդքան շատ մարտիկներ հայտնվեին թշնամական գերության մեջ, ինչպես եղավ այս տարօրինակ պատերազմի ընթացքում և դրանից հետո: Այնքան շատ, որ մինչև հիմա նույնիսկ հնարավոր չի լինում պարզել, խոսքը մի քանի տասնյա՞կ գերիների մասին է, թե՞ մի քանի հարյուր:

Այո, փաշինյանից առաջ կամ նախկինում երբեք Հայոց բանակը նման կարճ ժամանակահատվածում այդքան շատ կորուստներ չի ունեցել: փաշինյանն ու նրան կցված բոլոր ապիրատ-աննամուսները կարող են իրենց ժեխի առաջ հպարտանալ նաև զոհվածների ու վիրավորների, կորսված ռազմական տեխնիկայի թվերով ու տվյալներով: Աննախադեպ տվյալներ են, ի վերջո:

Նախկինում երբեք, նկատի ունենք անկախության վերականգնումից հետո, Հայաստանը և Արցախը նման տարածքային կորուստներ չեն ունեցել:

Շարունակենք:

«Նախկինում ոչ մի անգամ այսպիսի ծավալով...» հայ զինվորն այսքան թուրքական բայրաքթար իր գլխավերևում չի տեսել։

«Նախկինում ոչ մի անգամ այսպիսի ծավալով...» ապուշություններ, լկտի ու անպատասխանատու ստեր, ներքին թշնամանք ու պառակտում հրահրող հայտարարություններ Հայաստանի ղեկավարները և իշխող ուժի ներկայացուցիչները իրենց թույլ չեն տվել: Այդ առումով փաշինյանը բոլոր ժամանակների «չեմպիոնն» է:

«Նախկինում ոչ մի անգամ այսպիսի ծավալով...» արտակարգ դրություններ չեն եղել Հայաստանում, ինչ գրանցվել է փաշինյանի վարչաղետության այս երկուսուկես տարվա մեջ:

«Նախկինում ոչ մի անգամ այսպիսի ծավալով...» համաճարակային զոհեր Հայաստանը չի ունեցել: Այս գլխակեր-ապիրատների սխալ ու անպատասխանատու «գործունեության» հետևանքով արդեն 3000, եթե ոչ ավելի մարդ է մահացել կորոնավարակի համաճարակից:

«Նախկինում ոչ մի անգամ այսպիսի ծավալով...» անպատասխանատու, անիրազեկ, անտեղյակ, անբան, անխելք, բթամիտ, ուղղակի՝ տուպոյներ չեն եղել իշխանության մեջ, լինի օրենսդիր, թե գործադիր:

Փաշինյանից առաջ կամ «նախկինում ոչ մի անգամ այսպիսի ծավալով...» պետությունն ու հասարակությունը անտերության, իսկ կարևորագույն տնտեսական և սոցիալական խնդիրների լուծումն էլ այսչափ ինքնահոսի մատնված չեն եղել:

փաշինյանից առաջ, «նախկինում ոչ մի անգամ այսպիսի ծավալով...» պրեմիաներ դուրս չեն գրվել «այսպիսի ծավալով» ապիրատ, պորտաբույծ ու ձրիակեր իշխանապաշտոնավորների...

«Նախկինում ոչ մի անգամ այսպիսի ծավալով...» զանազան աղանդավորներ, ակնհայտորեն օտար և հակահայկական շահեր սպասարկողներ չեն եղել իշխանության կազմում...

Երկար կարելի է շարունակել: Բայց այս արատավոր շարքն ընդհատելու միայն մեկ տարբերակ կա. հնարավորինս արագ «նախկինացնել» թե՛ փաշինյանին, թե՛ նրա ուսապարկակույտը:

Երկուսից մեկը. կա՛մ փաշինյանը հաշված օրերի ընթացքում վերածվում է նախկինի, կա՛մ Հայաստանը հաշված ամիսների ընթացքում դառնում է նախկին Հայաստան, այսինքն՝ վերանում է աշխարհի երեսից, ինչը փաշինյանի ու, ինչպես երևում է, նրա կռապաշտների առանցքային հանձնառությունն ու նպատակն է:

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը