Մեկնաբանություն

11.12.2020 19:40


«30 տարին» ու... «30 արծաթի մեռածը»

«30 տարին» ու... «30 արծաթի մեռածը»

Ակնհայտորեն քարոզչական մի թեզ է նետվել հարթակ, թե՝ «...30 տարի երկիրը վարի են տվել, բա էսպես էլ պիտի լիներ»: Տարբերակներն, ըստ որում, շատ են: Չզլանանք և այստեղ հիշատակենք դրանցից մի քանիսը, որոնց անկասկած հանդիպած կլինեք, լսած, հնարավոր է անգամ՝ կրկնած: «Բա 30 տարի երկիրը քանդել են, թալանել են, եղած-չեղածը կերել են... ո՞նց կարող էինք չպարտվել», «30 տարի բանակը քայքայել են, ոչ մի զենք չեն առել, ոչ մի բան չեն արել, դուք եկել էս խեղճ նիկոլից ի՞նչ եք պահանջում...»: Նախօրեին անգամ մի պոլիտոլոգ, երևի մոռացած կամ կարծելով՝ ոչ մեկը չի հիշում, թե ինքն ինչպես էր «թավշյա» հեղաշրջման օրերին նիկոլ փաշինյանին յուրահատուկ ծառայություններ մատուցում՝ կամովին կամ ինչ-ինչ ակնկալիքով ստանձնելով ստերի լրացուցիչ գեներատորի դեր, ավելի «ճոխ» ամփոփումներ էր արել, թե՝ «30 տարի ազգայինը ծաղրել են, թրքասիրություն են քարոզել... դրա համար էլ»: Երբ մի ընդհանուր սոուսի մեջ են գցում ամեն ինչ և չեն էլ կոնկրետացնում, թե ովքեր, որ շրջանակներն էին, օրինակ, թրքասիրություն քարոզում, ազգայինը ծաղրում, ապազգայինն ու այլասերվածությունները քարոզում, դա ոչ միայն ազնիվ չէ, այլև հերթական նենգամիտ հնարքն է: Մանավանդ, եթե նման բան ասողը պոլիտոլոգ է համարվում: Պարզապես, եթե ասի՝ որ շրջանակներն էին իր ասածով զբաղված գերազանցապես, անխուսափելիորեն կհիշեցնեն, որ՝ տղա ջան, բա եթե դու այդքան բան գիտեիր, ինչո՞ւ էիր քեզ մեջտեղից պատառոտում, որպեսզի այդ ապազգայիններին բերես իշխանության:

Սակայն թողնենք դրան ու չմանրանանք: Եվ այսպես, «30 տարի ամեն ինչ քանդել, ավիրել են, բանակը զինաթափել...» և այլն փուչիկին վերադառնանք: Փուչիկ էլ չէ, այլ արդեն՝ քարոզչածամոն պետք է ասել՝ դատելով այն բանից, թե որքան շատ ու տարբեր մարդիկ են այդ անհեթեթությունը կրկնում:

Ճիշտ հասկանանք միմյանց. ոչ մի դեպքում անցյալն ու անցած տասնամյակներն իդեալականացնելու կողմնակից չենք: Ավելին, ամենատարբեր արատներ, սխալներ և հոռի երևույթներ մեզանից շատ-շատերը հետևողականորեն քննադատել են, նաև՝ պայքարել դրանց դեմ: Այո, ամեն ինչ կաթ ու մեղրի մեջ չի եղել: Բայց հիմա էլ համատարած ժխտման այդ հիմար խայծը չարժե կուլ տալ, էլի...

Նախ, 30 տարի առաջ 1990 թվականն էր: Երեսուն տարի առաջ, օգոստոսի 23-ին ընդունվեց Հայաստանի անկախության հռչակագիրը, բայց դրանից հետո էլ, դեռ ավելի քան 1 տարի Հայաստանը ԽՍՀՄ կազմում էր: Այնուհետև փլուզվեց Խորհրդային Միությունը...

Անկախ այն բանից, թե ով ինչպես է վերաբերվում (ներառյալ՝ տողերիս հեղինակին) այդ շրջանում Հայաստանը ղեկավարած Լևոն Տեր-Պետրոսյանին ու նրա գլխավորած իշխանության գործունեությանը, փաստն այն է, որ Հայաստանը երևի մյուս բոլոր հանրապետություններից ավելի մեծ չափով մնաց փլուզված կայսրության ավերակների տակ: Նախ՝ 88-ի ավերիչ երկրաշարժ, որի պատճառած շոշափելի վնասներն ու ծանր հետևանքները հաղթահարված չէին: Տասնյակ ու տասնյակ հազարավոր տնազրկվածներ, հարյուր հազարավոր փախստականներ...

Արցախի խնդիր, դիմակայություն ադրբեջանական ագրեսիային, որ 1992-ին սահմանային միջադեպերից վերաճեց լայնածավալ պատերազմի, որն ընդհատվեց 94 թվականի մայիսին կնքված հրադադարով՝ մեզ համար հաղթական դիրքում: Գումարենք՝ վառելիքաէներգետիկ ճգնաժամ, տնտեսության և տնտեսական կապերի կործանում, սոցիալական խորը ճգնաժամ, զանգվածային արտագաղթ...

Բայց թույլ տանք մեզ նկատել, որ նշված 30 տարիներից առաջին 4-5 տարիների ընթացքում հաջողվեց ֆիդայական ջոկատներից անցում կատարել կանոնավոր բանակի ու կայացնել այդ բանակը՝ պատերազմական վիճակում ու պայմաններում: Ու չնայած բոլոր զրկանքներին, չնայած կտրոնով հացին ու սառած տներին, չնայած հատիկով հաշված փամփուշտին ու թշնամու տանկերը «գերի վերցնելով» զինտեխնիկայի պաշարը համալրելուն, մենք հաղթեցինք Արցախի ազատամարտում:

Դա ի՞նչ է, կորո՞ւստ էր, «երկիրը քանդել, ավիրե՞լ էր», թե՞ բնիկ Հայոց ու բուն հայկական Արցախի ինքնորոշման իրավունքի իրացում և ազատագրում:

Բոլոր սխալներով ու նաև կոպիտ սխալներով, ներքին ցնցումներով հանդերձ, հաջողվեց վերագործարկել ԱԷԿ-ը, կամաց-կամաց տնտեսական ինչ-որ ընթացք ապահովել՝ շարունակելով նաև երկրի անվտանգության մարտահրավերներին դիմակայությունը:

Շարունակենք: Ու մի փոքր կանգ առնենք անընդհատ չարչրկվող «երեսուն տարի քանդել-ավերել են»-ի 30 տարիներից, օրինակ 1997-2008 թվականների վրա:

Ռոբերտ Քոչարյանի, նախ՝ վարչապետ, ապա ՀՀ նախագահ պաշտոնավարման 10-11 տարիներ: Տնտեսական վերականգնման, կտրուկ վերելքի ու առաջընթացի տասնամյակ, կարելի է ասել: Ու սա՝ չնայած պետության վրա իրականացված ահաբեկչական հարձակմանը (հոկտեմբերի 27-ը), որ հիմա ավելի ու ավելի համոզվում եմ՝ թուրքական հետագիծ ունի:

Նորոգվեցին ու կառուցվեցին ճանապարհներ, տրանսպորտային հանգույցներ, կամուրջներ, թունելներ, աղետի գոտում, ապա նաև ամբողջ երկրում շինարարությունը հզոր թափ առավ ու շոշափելի արդյունքներ տվեց՝ ի դեմս զրոյից կառուցված կամ հիմնովին վերականգնված, հիմնանորոգված հազարավոր բնակարանների, տասնյակ ու տասնյակ դպրոցների, մանկապարտեզների, հիվանդանոցների ու բուժկետերի, մշակույթի օջախների...

Ներդրումային նպաստավոր քաղաքականություն, տասնյակ ու տասնյակ նոր ձեռնարկությունների, արտադրական, գյուղմթերքի վերամշակման, նաև բարձր տեխնոլոգիական՝ IT ընկերությունների հիմնում և մուտք՝ Հայաստանի Հանրապետություն: Կապի և հեռահաղորդակցության ժամանակակից տեխնոլոգիաների ներդրում և շահագործում:

Լավ, ո՞ր մեկն ասենք:

Բա այդ ամեն ինչը 30 տարվա մեջ չի՞ եղել...

Միայն վատ ու ահավոր բանե՞ր են կատարվել 30 տարվա մեջ: Ոչ մեկը ո՛չ տուն է նորոգել, ո՛չ աշխատանք է ունեցել, ո՛չ աշխատատեղ, ո՛չ ավտո է գնել, ո՛չ լայնէկրան հեռուստացո՞ւյց: Ինչո՞վ: Թե՞ գիտեք բոլորը գլենդելներում են ապրել կամ ռոստովներից փող ստացել:

Ով ասում է, թե 30 տարի ոչինչ չի եղել, 30 տարի միայն ամեն ինչ քանդել ու ավիրել են, խնդիր չէ, թող առաջինը իր ավտոմեքենայից հրաժարվի, ապա իր՝ 30 տարվա ընթացքում Հայաստանում օրինական աշխատած միջոցներով ձեռք բերած ունեցվածքից, լինի դա բնակարան, թե, ասենք, խոհանոցային կոմբայն: Չէ՞ որ միայն ավերում ու թալան ու կործանում է եղել 30 տարի, հետևաբար, ի՜նչ տուն, ի՜նչ գառաժ, ի՜նչ «խալաձիլնիկ»... Դրանք բոլորը չկան, ձեր աչքերին են երևում:

Բանակի ու սպառազինության հարցն առհասարակ առանձնահատուկ է և առանձին դիտարկման ենթակա: Ընդամենը նշենք, որ լկտիագույն սուտ է, թե մեր բանակը մինչև 2018 թվականը սովալլուկ, ցնցոտիներ հագած ու զենք-զինամթերքից միայն սակրավորական բահիկ ունեցող տղաների բազմություն է եղել:

Բանակը ոչ միայն շարունակաբար կատարելագործվել է, այլև սպառազինությունն է համալրվել և լրացվել: Հա, կլուբնիկ չեն կերել զինվորները, եղել է, որ կերած միսն էլ էն չի եղել, բայց սոված-ծարավ չեն եղել, մշտապես պատերազմի պատրաստ ու պատրաստված են եղել, ամենից կարևորը՝ տխմար հրամաններ ու կործանարար առաջադրանքներ չեն ստացել:

Ու այն, որ 1994-2016, ապա 2016-18 թվականներին մեր բանակն ու մեր զինվորականները անառիկ են պահել Հայաստանի ու Արցախի սահմանները, դրա վկայությունն է: Ու այն, որ 2016-ին էլ պատերազմ վերսկսած նույն թշնամին ծնոտին ցավոտ հարված է կերել, իսկ մենք հաղթել ենք, ակնհայտ է: Ու պատահական չէ, ի դեպ, որ փաշինյանի ապիկար իշխանության այնպիսի մի տխրահռչակ ներկայացուցիչ, ինչպիսին է Անդրանիկ Քոչարյանը, նույնիսկ իր ու իր շեֆի խայտառակ կապիտուլյացիայից հետո շարունակում է բարբաջել, թե՝ ապրիլյան պատերազմում Արցախը պարտվել է: Երևի դրանց շուռ տված մտապատկերում նոյեմբերի 9-ին ստորագրած խայտառակագրով Արցախը ու Հայաստանը հաղթել են:

...Եթե ոմանք անձնապես մխիթարվում են այդ անհեթեթությունը կրկնելիս, թե՝ «30 տարի ոչինչ չի արվել, ամեն ինչ կերել, թալանել, ավիրել են...», ի՞նչ ասես, թող շարունակեն...

Բա՛յց: Թող մի պահ պաղեն ու նայեն, թե ինչ կատարվեց նշվող 30-ից վերջին երկուսուկես տարվա ընթացքում: Ինչպես իրենց սիրելի, իրենց լպստած անթրաշ ծաղրածուն իսկապես քանդեց ու ավիրեց ամեն ինչ՝ աչքներին ասֆալտե թոզ փչելով: «30 արծաթի համար մեռածը», իր քայլակիցների հետ քայքայեց կառավարման համակարգը, բանակի ղեկավարումը, հասարակությունը, տնտեսությունը, ամե՛ն ինչ:

Թալանեց ապագան ու զրոյացրեց 27 տարի ժողովրդի տքնանքով ու ծանր զոհողությունների գնով ստեղծածը, արած-դրածը:

Եվ, չբավարարվելով դրանով, հանրագումարում քանդեց ու ավիրեց, թուրքի ձեռքը տվեց Արցախը, հազարավոր հայ զինվորների զոհվելու և հաշմվելու պատճառ դարձավ, հայոց բանակի սպառազինության մի զգալի մասը թշնամուն նվիրեց, իսկ վաղը, մյուս օրն էլ Հայաստանի այս կամ այն մարզը իր սիրելի թուրքերին կտա, ի դեպ, ձեր տներով ու ձեզանով հանդերձ, բայց դուք կշարունակեք կրկնել, թե... «տասնամյակներով ամեն ինչ քանդվել, ավիրվել է...», ու վերջում չմոռանաք ավելացնել՝ «փա՜ռք, փառք, նիկոլին», եթե հասցնեք, իհարկե, ասել...

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը