Կարծիք

30.11.2020 22:34


Իշխանությունների անկատարության պատճառով հենց մտավորականությունը պետք է քաղաքականացնի խնդիրները. Ա. Գրիգորյանը՝ Հ. Թոխատյանին

Իշխանությունների անկատարության պատճառով հենց մտավորականությունը պետք է քաղաքականացնի խնդիրները. Ա. Գրիգորյանը՝ Հ. Թոխատյանին

ՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ֆինանսների հանձնախմբի անդամ, տնտեսագետ Արմեն Գրիգորյանը գրում է.

«Հրանտ Թոխատյանին կամ բարեկամաբար Հրանտ ջան
Պարոն Թոխատյան, սկզբի համար ասեմ, որ աջակցում եմ և իմ համերաշխությունն եմ հայտնում նախաձեռնությանը՝ կապված գերիների և զոհվածների մարմինների վերադարձի համար տարվող գործողություններում: Ավելի՛ն, կարծում եմ կարող եք և ենք միահամուռ ուժերով իսկապես դրական արդյունքներ գրացել: Դուք պահանջ նամակներ եք փոխանցում դեսպանատներին, որով փորձում եք այդ երկրների արտաքին քաղաքականության մեջ մտցնել առաջնահերթություն և ճնշում Ադրբեջանի վրա, որպեսզի այդ Ադրբեջանը կատարի իր ստանձնած պարտավորությունները, որոնք ձևակերպված են մի շարք միջազգային փաստաթղթերում (Հելսինկյան եզրափակիչ ակտ, Ժնևյան կոնվենցիա և այլն): Պահանջը գլոբալ քաղաքական է, որոշումները՝ ցանկացած երկրի բացառապես քաղաքական որոշման խնդիր, մտավորականների գործողությունները քաղաքական են՝ ցույցեր, երթեր, պարտավորությունը քաղաքացիական:
Ինչու՞ եք անընդհատ ասում, որ սա չպետք է քաղաքականացնել: Կամ ի՞նչ է նշանակում քաղաքականացնել հարցը, իսկ ՀՀ-ում կա՞ արդյոք որևէ քաղաքական ուժ, որը իր առաջնահերթությունը չի դարձրել մեր հայրենակիցների վերադարձը տուն: Ջանքերը մեկտեղել է պետք: Դրանք շատ ուժերի համար արդեն քաղաքական հարցեր են և այո պետք է դարձնել քաղաքական կուրս, ունենալ միջոցառումների պլան, պատասխանատուներ և առաջին հերթին իշխանություններին պահանջ ներկայացնել: Եթե հայ մտավորականությունը գործ է ձեռնարկում, որով պետք էր զբաղվեր իշխանությունը և ըստ էության ստանձնում է խիստ որոշակի պարտականություն իշխանությունների պարտականության անկատարության պատճառով, ապա հենց մտավորականությունը պետք է քաղաքականացնի և փորձի երկրի ներսում գտնել լուծումները:
Հրանտ ջան հենց մտավորականները պետք է այդ հարցով հանդիպումներ ունենան նաև դերակատար քաղաքական ուժերի հետ, այո հայ մտավորականությունը պետք է քաղաքական ուժերին ներսից ճանաչի և փորձի ակտիվ հարաբերություններ պահել քաղաքական ուժերի հետ և առաջիկայում էլ պահանջներ դնի, որպեսզի հասարակական կյանքին առնչվող հարցերի լուծումները լինեն ավելի խորքային: Այո հենց մտավորականությունը պետք է չափորոշիչներ սահմանի և իր հետևից տանի հասարակությանը, որպեսզի ունենանք ինստիտուցիոնալ հասարակություն, որն էլ ադեկվադ կլինի առկա մարտահրավերներին:
Հրանտ ջան ռազմագերիների և զոհվածների վերադարձը այլընտրանք չունի, դա պետք է անել, անել արագ և անկորուստ, նրանց վերադարձը չափազանց կարևոր է, ոչ միայն նրանց ընտանիքների նկատման բարոյական պարտքի տեսանկյունից, այլ նաև հասարակության վերականգնման, վերքերի բուժման, անտեր չզգալու, իրար նկատման հոգ տանելու տեսանկյունից:
Վաղուց ժամանակն է ունենալ պատասխանատու պետություն, համերաշխ հասարակություն:
Շնորհակալություն հայտնելով ձեզ և բոլոր նրանց ովքեր նախաձեռնել ու մասնակցում են ուզում եմ մեկ շեշտադրում անել՝ ձեռք մեկնեք քաղաքական ուժերին և ձեր ձեռքը օդում չի մնա»:

Այս խորագրի վերջին նյութերը