Մեկնաբանություն

22.04.2011 17:35


Արտաքին ու ներքին «ֆուտբոլային» քաղաքականություն

Արտաքին ու ներքին «ֆուտբոլային» քաղաքականություն

Սերժ Սարգսյանի նախաձեռնած «ֆուտբոլային» բուռն զարգացումների փուլում նախագահական նստավայրից կառավարվող բոլոր հեռուստաընկերություններին ներքին հրահանգ էր տրված հակաթուրքական ու հակագյուլական ռեպորտաժներ չպատրաստել և Թուրքիային անդրադառնալ միայն դրական շեշտադրումներով։

Իշխանական քարոզիչները եթերը ողողել էին «փորձագետներով» ու «թուրքագետներով», ովքեր թուրքական բաղնիքի էին վերածել եթերը, որից գարշահետություն էր փչում։ Նրանք սազն առած գովերգում էին «նախաձեռնող» Սարգսյանի իմաստուն քայլերը։

Այդ հարցում միայն «Երկիր–Մեդիան» էր դուրս մնացել ընդհանուր «ինստրուկտաժից», իսկ մնացածներն անշեղորեն կատարում էին Բաղրամյան-26–ի՝ Հայաստանը բանկային պլաստիկ քարտի վրայի գումարից էժան գնահատող երիտթևի ցուցումները։

Դե, եթե Թուրքիայի նախագահի Երևան գալու կապակցությամբ Ծիծեռնակաբերդի լույսերն էին անջատել ու Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի լոգոյից արագացված կարգով հանել Արարատը, որպեսզի Գյուլին քծնեին, ապա պարզ է, որ «ազատ, բայց սերժատուները» պետք է որևէ թթու խոսք չասեին ցեղասպան Թուրքիայի հասցեին։

Այն օրերին Թուրքիային, Գյուլին կամ Էրդողանին հեռուստատեսությամբ բացասաբար անդրադառնալը համարվում էր Սերժ Սարգսյանին կպնել։ Գյուլն ու Սարգսյանը նույնացված էին իշխանական քարոզչության կողմից։

Այդ հետո պետք է «հայրենասիրության» փուլ սկսվեր սրանց մոտ ու դառնային «անտիգյուլ», բայց դա համապատասխան մարդկանց վերջին հանգրվանի շրջանակներում էր արվում։

«Ֆուտբոլն» ավարտվեց Հայաստանի պարտությամբ։ Այդ ամենից, պատկերավոր ասած, մնաց միայն գնդակը։ Անձամբ Սարգսյանը, իհարկե, շահեց, քանի որ «փողոցային» ընդդիմության առաջնորդ Լևոն Տեր–Պետրոսյանը սատարեց նրան ու որդեգրեց էջմիածնական միաբանների քաղաքականությունը, ինչը նպաստեց ՀՀԿ «ճկուն» ղեկավարի աթոռի պահպանմանը։ Ստացվում է, որ Ս. Սարգսյանի համար թքած Հայաստանի շահերի վրա, և կարևորը իր աթոռի պահպանումն է։

Հիմա նույնանման վիճակ է ստեղծվել սերժա–լևոնական «երկխոսության» հետևանքով։ «Ազատ, բայց սերժատու» հեռուստաընկերություններին այժմ էլ հրահանգված է որևէ թթու խոսք չասել Տեր–Պետրոսյանի հասցեին ու պարտաճանաչ ձևով լուսաբանել «արմատականների» հանրահավաքները։ Ոստիկաններին էլ հրահանգված է թույլ տալ լևոնականներին «գրավել» Ազատության հրապարակը։

Տարբերությունը հայ–թուրքական «ֆուտբոլի» համեմատ այն է, որ ներքաղաքական «ֆուտբոլային» դիվանագիտության նախաձեռնողը ոչ թե Սարգսյանն է, այլ «Եղիազարի» հլու–հնազանդ «միաբանը» դառնալու պատրաստակամություն հայտնած Լևոն Տեր–Պետրոսյանը։

Սերժ Սարգսյանը շարունակ մերժում էր այդ «ֆուտբոլը», բայց հիմա որոշեց օգտագործել ՀԱԿ առաջնորդին այնպես, ինչպես Թուրքիան էր իրեն օգտագործում։ Ներքին «ֆուտբոլում» Գյուլի դերում հիմա Ս. Սարգսյանն է, իսկ Սերժ Սարգսյանի դերում՝ Տեր–Պետրոսյանը։

Հասկանալի է, որ սերժա–լևոնական «ֆուտբոլից», որին «շախմատ» որակումն են տվել, Հայաստանի ու ՀՀ քաղաքացու շահերը չեն պաշտպանվելու, այլ լուծվելու է Սարգսյանի վերարտադրության ու Տեր–Պետրոսյանի՝ քաղաքական դաշտում մնալու հարցը։ ՀԱԿ առաջնորդը, հիշելով փառամոլ ու կաշառակեր կաթողիկոս Եղիազար Այնթապցուն, հենց դա էլ առաջարկել էր Սերժ Սարգսյանին՝ Եղիազարի պես կառավարել տասը տարի, բայց չմոռանալ «միաբաններին»՝ այսինքն իրենց։

Այս ամենը թույլ չտալու համար՝ սերժա–լևոնական «ֆուտբոլի» մասնակիցներին մրցավարը, այն է՝ ժողովուրդը, դաշտից պետք է հեռացնի ու նոր կազմով նոր մրցաշրջան սկսի։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը