Մեկնաբանություն

05.10.2020 15:40


Տարածաշրջանի պայթեցման «շղթայական ռեակցիայի» ռեալ սպառնալիքը (տեսանյութ)

Տարածաշրջանի պայթեցման «շղթայական ռեակցիայի» ռեալ սպառնալիքը (տեսանյութ)

Հարևան ու բարեկամական Իրանի հյուսիսում, ի մասնավորի՝ Թավրիզում նախօրեին արձանագրված հակահայկական, հակառուսական, հակապարսկական և ադրբեջանամետ ցույցը մարմնավորված դրսևորումն է ավելի վաղ ուրվագծված ու կանխատեսվող իրական, կանխատեսելի ու կանխատեսված վտանգների: Ցույցը, իհարկե, ցրվեց Իրանի համապատասխան ուժային-իրավապահ կառույցների կողմից (տե՛ս՝ կից տեսանյութերը):

Այո՛, ցույցը ցրվեց, իսկ վտանգներն ու սպառնալիքները՝ ոչ: Դեռ մի բան էլ այդ վտանգները լրացուցիչ ընդգծվեցին:

Առանց իրանագետ կամ աշխարհաքաղաքական գործընթացների փորձագետ լինելու էլ կարելի է ամփոփ նկարագրել ու ի մի բերել կոնկրետ վերը նախանշած վտանգները: Հանրահայտ է, որ Իրանի հյուսիսը առավելապես ադրբեջանցիների, թուրքերի հետ իրենց նույնականացնողներով է բնակեցված: Ինչպես հաճախ ասում են՝ ազերներով: Ակնհայտ է և այն, որ տարիներ շարունակ Իրանի այդ տարածքներում թուրքական, ադրբեջանական և ԻԻՀ-ին ոչ բարեկամական այլ ծառայույթուններ որոշակի աշխատանք են իրականացրել, իսկ այժմ, համապատասխան հրահանգով որոշել են ակտիվացնել այդ գործոնը:

Դա ուղղակիորեն վերաբերում է մեր երկրի անվտանգությանը: Դա ուղղակիորեն առնչվում է թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից Արցախի և Հայաստանի դեմ սեպտեմբերի 27-ից վերսկսած, սանձազերծած լայնածավալ պատերազմին:

Չնայած խորքային նրբություններին ու խնդիրների, երևույթների բարդություններին, շատ բաներ միանգամայն պարզ ու ակնհայտ են:

Իրանը մեզ համար կենսական նշանակություն ունեցող համապատասխան բեռների փոխադրման միակ կայուն ճանապարհն է: Եվ արձանագրված թավրիզյան ցույցը, ցուցարարների բղաված հակահայկական կարգախոսները հուշում են, որ ի լրումն ամենի, թշնամական ուժերի նպատակը այդ ճանապարհը փակելը կամ առնվազն ճանապարհի շահագործմանը խոչընդոտելն է: Դա նշանակում է ռազմատեխնիկական մատակարարման առումով Հայաստանի ու Արցախի գրեթե լրիվ շրջափակում:

Վրաստանը, ինչպես հայտնի է, խիստ «բարեկամական» մղումներից դրդված, փակել է իր օդային և ցամաքային ճանապարհները Հայաստան ռազմական նշանակության բեռների փոխադրման համար: Իրենք ասում են, թե իբր, Ադրբեջանի համար էլ են փակել, բայց դա մեզ առանձնապես հետաքրքիր չէ: Կարևորը, որ Հայաստանի համար են փակել: Ի լրումն, Վրաստանի հարավ-արևելյան հատվածում, որտեղով անցնում են Հայաստան մտնող երկաթուղին և երկու հիմնական ավտոմայրուղիներից մեկը, բավականին շատ են Էթնիկ ադրբեջանցիները: Ու չկա ոչ մի երաշխիք, որ թշնամական ուժերը նրանց էլ չեն հրահանգի ակտիվանալ՝ խոչընդոտներ ստեղծելով նաև, այսպես ասենք՝ ռազմական նշանակություն չունեցող բեռների արագ փոխադրման համար: Դրա հավանականությունը և նման տարբերակը առանձնապես մի «հայտնագործություն» էլ չէ: Պարզապես հիշեցնում ենք:

Վերադառնանք Իրան:

Արցախի և, հասկանալի է՝ Հայաստանի դեմ թուրք-ադրեջանական տանդեմի սանձազերծած պատերազմում մեր հարավային հարևանի ռազմավարական շահեր համընկնում են կամ նպաստավոր են մեզ համար: Մասնավորապես, Իրանին ոչ մի կերպ ձեռնտու չէ իր հյուսիսային սահմանների մոտ ակտիվ պատերազմական իրավիճակ ունենալը՝ երրորդ, չորրորդ երկրների, առաջին հերթին՝ ԱՄՆ-ի կամ Իսրայելի ներգրավման իրական վտանգով հանդերձ: Իրանի համար խիստ մերժելի է «սիրիական» ծայրահեղական-ահաբեկչական խմբավորումների՝ իր սահմանի մոտակայքում հայտնվելը, ինչի մասին ևս ԻԻՀ-ն պաշտոնապես ու շատ պարզ արտահայտվեց:

Իրանի ղեկավարության վերնախավը, վստահաբար, հրաշալի հասկանում է, որ եթե հանկարծ թուրք-ադրբեջանական տանդեմը կարողանա իրենց համար նպաստավոր դիրք ստանալ, ապա հաջորդ հարվածը՝ ուղղակիորեն կամ ներքին անկայունացման հրահրման միջոցով, հասցվելու է ԻԻՀ-ին:

Մեծ հաշվով, այն ամենը, ինչ տեղի է ունենում այսօր, մեր տարածաշրջանի պայթեցման շղթայական ռեակցիայի ռեալ վտանգը կոնկրետ ռեալության վերածելու գործողություններ են: Թուրքիան իր շահերն է հետապնդում, որոնց մասին արտահայտվելու լրացուցիչ կարիք չկա: Քանի որ այդ ամենը որոշակիորեն ուղղված է նաև Իրանի դեմ, ապա ԱՄՆ-ն էլ, այսպես ասենք՝ չի նկատում ու չի նկատելու ծայրահեղական-ահաբեկիչների ներմուծումը Ադրբեջան՝ Թուրքիայի միջոցով, չի նկատելու մեր խաղաղ բնակավայրերի հրթիռակոծումներն ու թուրք-ադրբեջանական ահաբեկչական պետությունների կողմից հայ խաղաղ բնակչության թիրախավորված սպանությունները, ցեղասպանության իրականացման կամ այն շարունակելու թուրքական անթաքույց գործողությունները: Չի ուզում նկատել, քանզի իր շահերն է հետապնդում։

Հարց կծագի, իհարկե, իսկ Ռուսաստա՞նը:

Ռուսաստանի աշխարհաքաղաքական շահերը, ինքնըստինքյան, տրամագծորեն հակառակն են Թուրքիայի և Ադրբեջանի կողմից ծավալած ագրեսիայի նպատակադրումներին, դրանց հետ կապված այլ «խաղացողների», օրինակ՝ ԱՄՆ ակնկալիքներին: Պարզ է, որ Ռուսաստանի շահերը ռազմավարական առումով հիմնականում համընկնում են ինչպես Հայաստանի շահերին, այնպես էլ՝ շատ ու շատ առումներով՝ Իրանի:

Թե ինչ է ակնկալվում ՌԴ–ից, պազ է։ Թե ինչ կարող է անել Մոսկվան, բայց այս պահին դեռ չի անում, դա էլ է պարզ և պատճառն էլ է հասկանալի (ՀՀ–ի ներսում է պետք փնտևել պատճառը)։ ՌԴ–ի մասով շատ ասելու բան կա, բայց այս պահին այսքանը։

Հետագայում՝ մեզ պարտադրված այս պատերազմի ավարտից հետո, ամենայն խորությամբ քննելու խնդիր է այն, թե այդ ինչպե՞ս և այդ ովքե՞ր կարողացան անել ամեն ինչ փչացնելու համար Հայաստանի հարաբերություններն իր փաստացի ու հավանական դաշնակիցների ու բարեկամական երկրների հետ: Հետո, պատերազմից հետո։

Հիմա պարզապես արձանագրենք: Ու նաև նկատենք, որ այսօր ու արդեն 9 օր հայկական զինուժը՝ անմնացորդ նվիրմամբ, պատերազմելու և թշնամուն դիմագրավելու ուղղակի անօրինակ սխրանքներ գործելով և ռազմագիտական մեծ հմտություն դրսևորելով, ամեն ինչ ու մի բան էլ ավելին է անում, որպեսզի չեզոքացնի նախապատերազմական ժամանակահատվածում «իշխող վերնախավի» թույլ տված կոպիտ սխալների ու վրիպումների հետևանքները, ըստ հնարավորության՝ ուղղի այդ սխալները:

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը