Մեկնաբանություն

02.10.2020 00:38


Բանակցային ձևաչափի շուրջ ֆանտազիաները ոչ միայն անհեթեթ են, այլև խիստ վտանգավոր

Բանակցային ձևաչափի շուրջ ֆանտազիաները ոչ միայն անհեթեթ են, այլև խիստ վտանգավոր

Լավ, ի՞նչ էր ուզում ասել, ինչի՞ էր ձգտում «Հայկական ժամանակ»-ի խմբագրականի անանուն հեղինակը՝ բավականին աղմկոտ ուշադրության արժանացած մտավարժանքներով:

3 (1)

Լիներ դա որևէ այլ լրատվամիջոցի հրապարակում կամ թեկուզ հենց՝ խմբագրական, բնականաբար, նման ուշադրության չէր արժանանա: Իսկ այստեղ, ըստ էության՝ Նիկոլ Փաշինյանի և իր տիկնոջ թերթում ահա այդպիսի հրապարակում, թե՝ եկեք փոխենք Արցախի հիմնախնդրի բանակցային ձևաչափը, միանգամից Թուրքիայի հետ նստենք բանակցությունների ու նման բաներ:

Չնայած, «նման բաները» իսկապես արժե բացել: Ըստ խնդրահարույց խմբագրականի շարադրանքի՝ Ադրբեջանը դարձել է Թուրքիայի ևս մեկ վիլայեթ, գործնականում պատերազմը Թուրքիայի հետ է, իսկ եթե այդպես է, ապա ինչո՞ւ պիտի Հայաստանը բանակցի վիլայեթի, այլ ոչ թե՝ վիլայեթատիրոջ, այն է՝ Թուրքիայի հետ:

Ըստ որում, այդ ֆանտազիա-առաջարկությունն էլ դեռ խմորային վիճակում է, քանզի հեղինակը հընթացս սկսում է «այլընտրանքային տարբերակներ» քննարկել, թե՝ կարելի է նաև որ Հայաստանն ու Թուրքիան բանակցեն, իսկ Ադրբեջանը, եթե շատ է ուզում, կարող է ուղիղ բանակցությունների մեջ մտնել Արցախի հետ: Հետո հեղինակը մի հատ էլ է «սալտո» տալիս ու մի նոր տարբերակ առաջարկում, թե՝ կամ էլ քառակողմ բանակցություն կարող է լինել:

Հետո, թե՝ այ, որ միջազգային հանրությունը տեսնի, որ «բլից կրիգը» վերածվում է տարածաշրջանային խոշոր պատերազմի, կսկսի տեսնել Թուրքիայի ներգրավվածությունը, և ահա այդ ժամանակ իմաստ կունենան Թուրքիայի հետ առարկայական բանակցությունները, որտեղ, ըստ «Հայկական ժամանակի» խմբագրականի հեղինակի, բանակցային սեղանին կդրվեն տարածաշրջանում Թուրքիայի ագրեսիվ քաղաքականության, Հայոց ցեղասպանության հետևանքների համար պատասխանատվության, որպես արհեստական կազմավորում՝ Ադրբեջանի հետագա գոյության հարցերը...

Ստո՛պ: Մեկ րոպե: Նման «բանակցային օրակարգ» հնարավոր է, թերևս, միայն այն դեպքում, երբ Բաքուն ու Անկարան միաժամանակ կապիտուլյացիայի ենթարկվեն: Ի՞նչ է, Ալիևն ու Էրդողանը արդեն պառլամետյորնե՞ր են ուղարկել՝ հայտնելով իրենց անվերապահ կապիտուլյացիայի մասին: Կարծես՝ երեկվա ու այսօրվա լրահոսում նման տեղեկություն չկար: Եվ հետո, կապիտուլյացիայի դեպքում էլ ի՞նչ բանակցություն. հաղթողը թելադրում է, կապիտուլացվողը կախգլուխ ընդունում պայմանները...

Առհասարակ, նման դեպքերի համար դիպուկ ժողովրդական խոսք կա. «Առուն թռի, նոր ասա՝ հո՛պ»: Կամ ավելի գեղարվեստական. «Ձուկը՝ ջրում, առևտուր մի՛ արա»:

Եթե ավելի լուրջ, ապա «Հայկական ժամանակ»-ի խնդրահարույց խմբագրականի հեղինակի բուռն ֆանտազիաները ոչ միայն անհեթեթ են ու տարօրինակ տպավորություն են թողնում, այլև խիստ վտանգավոր են: Որքան անլուրջ տպավորություն են թողնում, նույնքան, եթե ոչ՝ կրկնակի վտանգավոր են: Առաջինը՝ այն պատճառով, թե դա ում թերթն է ու ո՛ր թերթում են այդ առաջարկությունները կամ մտավարժանքները ներկայացված:

Երկրորդ ռեալ վտանգն այդ «առաջարկությունների» բովանդակությունն է:

Սկսենք նրանից, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցային ձևաչափը փոխելը տասնամյակներ շարունակ եղել է ինչպես Բաքվի, այնպես էլ ու հատկասպես՝ Անկարայի ցանկությունը, կարելի է ասել՝ սևեռումը: Ու ստացվում է, որ առաջարկվում է մի բան, ինչը թշնամու ցանկությունն ու արտաքին-քաղաքական նպատակադրումներից մեկն է: Այն էլ նկատենք, որ Թուրքիան մշտապես ջանացել է քիթը խոթել բանակցային ձևաչափի մեջ:

Այստեղից արդեն մյուս ռեալ վտանգը՝ Թուրքիայի անմիջական ներգրավումը՝ Արցախի հիմնախնդրի կարգավորման հնարավոր բանակցային գործընթաց: Ո՞րն է դրա իմաստը: Անգամ անկախ այն բանից, թե որն է դրա իմաստը, միայն այն, որ դա մեր թշնամու մշտական ցանկությունն է, արդեն իսկ բավարար է, որպեսզի որևէ մեկը զսպի իրեն Հայաստանից նման առաջարկություն հնչեցնելու համար:

Հաջորդ վտանգավոր մտավարժանքն այն է, որ Արցախի խնդրի կարգավորման օրակարգը փոխարինվի հայ-թուրքական չեղած հարաբերությունների հնարավոր օրակարգով: Սա այն դեպքում, երբ Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մոտ 10 տարի առաջ ձեռնարկված փորձի հիմնական կետերից մեկն առանց նախապայմանների հարաբերությունների հաստատումն էր, իսկ Թուրքիան էլ շարունակ փորձում էր հասնել հենց նախապայմանների ամրագրման, առաջին հերթին՝ Արցախի խնդրի հետ կապված:

Ո՞ւ: Հիմա Հայաստա՞նն է ասում, թե՝ հա, եկեք բոլոր հարցերը միանգամից դնենք իրար կողքի: Այսինքն, թուրքական կողմին ամեն ինչ լղոզելու, մանևրի տե՞ղ ենք տալիս: Որ ի՞նչ:

Ամենից կարևորը. որքանո՞վ է առհասարակ տեղին, երբ հրապարակավ պահանջ է դրվում, որ Թուրքիան անհապաղ պիտի վերջ տա այս պատերազմական լարվածությանն իր անմիջական ներգրավումն ու հեռանա առնվազն ակտիվ գործողությունների տիրույթից, իսկ հետո, վարչապետի ընտանիքին պատկանող թերթով նման հոդված է տարածվում, թե՝ Թուրքիա, հլա արի, տեսնենք, թե ինչ ենք բանակցում...

Մի խոսքով, անտեղի, չմարսված, «արտաքին քաղաքականություն-արտաքին քաղաքականություն» խաղալու տպավորություն թողնող, ինչպես ասվեց՝ վտանգավոր ֆանտազիաներ:

Այդ հրապարակման մեջ, վերջում, այնուամենայնիվ, մի ճիշտ ձևակերպում կար: Այն, որ ասում է՝ Հայոց բանակն է, որ հերոսաբար ապահովում է երբևէ որևէ հարցի շուրջ բանակցելու մեր իրավունքը: Այս մտքին լիովին համամիտ եմ: Ու եթե ընդունում ենք, որ այսօր Հայոց բանակը, իսկապես՝ հարոսաբար ու թանկ զոհողություններով ապահովում է երբևէ որևէ հարցի շուրջ Հայաստանի ու Արցախի բանակցելու իրավունքը, ապա եկեք գոնե չխանգարենք Հայոց բանակին՝ Հայաստանի այդ իրավունքը հնարավորինս ուժեղ և առավելագույնս բարենպաստ դիրքերով ապահովելու գործում: Չխանգարենք, նաև նման բուռն ֆանտազիաներ արտանետելով:

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը