Մեկնաբանություն

01.10.2020 16:26


Մեր զինվորները հերոսաբար պաշտպանում են Հայրենիքը և... մի հսկայական տարածաշրջանի՝ խավարի մեջ չընկղմվելու թերևս վերջին շանսը

Մեր զինվորները հերոսաբար պաշտպանում են Հայրենիքը և... մի հսկայական տարածաշրջանի՝ խավարի մեջ չընկղմվելու թերևս վերջին շանսը

Ռազմաճակատից տեղեկությունները ժլատ են: Ու դա հասկանալի է, ինչպեսև գնահատելի է, որ մեր հասարակությունը գերազանցապես համարժեք ու ըմբռնումով է վերաբերվում նման կացությանը: Պատերազմ է, և պատերազմական իրադրության կանոններով՝ զինվորական հրամանատարությունը միշտ չէ ու ամեն ինչ չէ, որ կարող է արագ ու մանրամասն հանրայնացնել: Մի կասկածեք, մանրամասնելու ժամանակն էլ կգա և այն հեռու չէ:

Բայց նույնիսկ այդ ժլատ տեղեկությունները հուշում են, որ այս օրերին ռազմաճակատում մեր զինվորներն ու միանգամից զինվորագրված մեր տղաները, Պաշտպանության բանակի մարտիկներն ու սպաները ուղղակի անօրինակ սխրանքներ են գործում՝ իրենց թանկագին արյամբ ու կյանքով նաև կռվի դաշտում պաշտպանելով մեր գոյության իրավունքն ու կերտելով Հայաստանի, Արցախի պատմությունն ու ապագա ընթացքը ևս:

Մեր զինվորները ռազմաճակատում կյանքի գնով պաշտպանում են հայրենիքը՝ դիրքը, բարձունքը, բնակավայրը, Արցախը, Հայաստանը: Եվ կռվում են հերոսաբար ու նաև արդյունավետ՝ պատճառելով թուրք-ադրբեջանական թշնամուն առավելագույն վնասը, որ հնարավոր է հասցնել ամեն մի կոնկրետ մարտական իրավիճակում: Մեր զինվորները, վստահաբար, գործում են գրագետ, դիպուկ ու անխնա, կռվում են անձնազոհ ու անմնացորդ:

Եվ ինչպես մեր պատմության բազմահազարամյա գրեթե ամբողջ ընթացքում, մենք մղում ենք մե՛ր Հայրենական պատերազմը՝ հանուն գոյության:

Եվ արդեն շատերն են նկատում, որ պատերազմի մեկնարկին հաջորդած առաջին ժամերին խիստ լղոզված ու ոչինչ չասող «միջազգային արձագանքը», թերևս սեպտեմբերի 30-ից սկսած, արդեն ավելի կոնկրետ շեշտադրումներ ստացավ:

Դա էլ է մեր զինվորի սխրանքի ու մարտունակության շնորհքը, առանց չափազանցության:

«Միջազգային հանրություն» կոչվածը պաուզա էր վերցրել ու, մեծ հաշվով, դեռևս այդ դադարի մեջ է: Նրանք, բնականաբար ու ինչպես միշտ, հեռվից հանգիստ հետևում են, թե ռազմաճակատում ում կողմը կթեքվի հաղթության նժարը` իրենց շահերից ելնելով խառնվելու համար: Այդպես եղել է միշտ: Այպիսին են աշխարհի «խաղի կանոնները», թույլին ճնշում են, ուժեղին հարգում ու «պրիզնատ գալիս» (կներեք՝ սլենգի համար):

Բայց այն, որ այդ «հանրության» ներկայացուցիչների հայտարարությունները կոնկրետ շեշտադրումներ են ստանում, հուշում է, որ մեր տղաները ռազմաճակատում առավել քան հստակ են գործում: Պայմանական ասած՝ «միջազգային հանրությունը», առաջին հերթին՝ մեր տարածաշրջանում կոնկրետ շահեր ու որոշակի ներկայություն ունեցող խոշոր «խաղացողները» պարզորոշ տեսան. ա) Արցախում և Հայաստանի Հանրապետությունում Հայոց բանակը ինքնուրո՛ւյն, վճռական ու գերժամանակակից պատերազմի գործիքներին տիրապետելով՝ հստակ ու արդյունավետ դիմագրավում է եռագլուխ ագրեսորին (Թուրքիա, Ադրբեջան, ծայրահեղական-կամավորական-վարձաններ կամ «գաստրալյորներ»), եթե չասենք, որ «շան ծեծ է տալիս», բ) Հայությունը համախմբված է ու միակամ, մեկ մարդու պես կանգնած իր Բանակի, իր Զինվորի կողքին և թիկունքին, գ) չկա ոչ մի շփոթմունք, ոչ մի վարանում, չկա ցեղասպանության ենթարկվածի ու ողբացողի բարդույթ: Ամենակարևորը՝ նրանք տեսնում են, որ գնալով ավելի է մեծանում ոչ միայն «Արցախում ու նրա շուրջ», այլև մեծ տարածաշրջանում իրավիճակի որակական փոփոխության հավանականությունը: Բնականաբար, սկսում են ակտիվանալ:

Ասվածը հիմնավորող մի քանի պարզ օրինակ-թվարկում: Ֆրանսիայի նախագահ Մակրոնը նախօրեին շատ ավելի պարզորոշ ու մեզ համար նպաստավոր դիրքորոշում արտահայտեց թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետ կապված: Ռուսաստանից պաշտոնական հայտարարություն եղավ՝ թե երրորդ երկրների (պարզ է, որ նկատի ունեն Թուրքիան) միջամտության անթույլատրելիության ու դրա պարունակած վտանգի, թե իսլամ ծայրահեղականներին, պայմանական ասած՝ «վարձկաններին» տարածաշրջանից դուրս բերելու վերաբերյալ: Առավել կոնկրետ ու երկիմաստույթուններից զերծ էր Իրանի ԱԳՆ հայտարարությունը՝ իրանական պետության հյուսիսային սահմանների մոտ ծայրահեղական ու ահաբեկչական «վարձկանների» առկայությունն ու դրանով պայմանավորված՝ անվտանգային սպառնալիքը չհանդուրժելու մասին:

Ինքնին հասկանալի է, որ արտաքին-քաղաքական այս ակտիվության, անգամ Վրաստանի (որի այս օրերի պահվածքը Վիսոցկու ասած՝ «и не друг, и не враг, а так...»-ով լիովին բնորոշելի է) «մտահոգվածության» հայտարարությունները բխում են հայտարարողների իսկ շահերից: Ինչ խոսք: Բայց մեր խնդիրն է, դա հստակ գիտակցելով հանդերձ, չկորցնել մեր ու հատկապես խոշոր «խաղացողների» շահերի համընկնումների պատմական պահերը և, մեր ազգային ու պետական շահերից ելնելով, կորզել առավելագույնը նման իրադրությունից: Հուսով ենք, որ ռազմաքաղաքական վերնախավում ոչ միայն կա դրա գիտակցումը, այլև դրանից բխող կոնկրետ գործողություններ արտաքին-քաղաքական ճակատում արվում են:

Մեր զինվորներն, ինչ խոսք, առաջին հերթին կռվում ու զոհվում են հանուն սեփական տան, հայրենի հողի, մեր բոլորիս անվտանգության ու սեփական հողի վրա, սեփական երկրում ապրելու անկապտելի իրավունքի: Մեր զինվորներն այսօր իրենց կյանքի գնով, առաջին հարթին, խափանում են 1915-ից մեկ դար անց, 21-րդ դարում Թուրքիայի և իր սատելիտ ու արհեստական կազմավորում Ադրբեջանի ձեռնարկած ցեղասպանության ծրագիրը:

Բայց դրա հետ մեկտեղ, մեր զինվորների կռիվը մի հսկայական տարածաշրջանի՝ վերջնականապես խավարի մեջ չընկղմվելու վերջին շանս է տալիս:

Արձանագրելու կարգով նաև հավելենք. չնայած հատկապես վերջին ժամանակահատվածում Հայաստանի արտաքին-քաղաքական մեկուսացման, որպես «խաղացողի» չեզոքացնելու դիտարկված միտումներին, Հայոց բանակը հենց այս օրերին ևս մեկ անգամ ապացուցում է, որ տարածաշրջանում անվտանգության ու կայունության ապահովման ռեալ ու կոնկրետ գործոն է: Այնպիսի գործոն, որի հետ, ավելի ճիշտ՝ որի շնորհիվ՝ Հայաստանի ու Արցախի, մեր շահերի հետ անհնար է հաշվի չնստել:

Եվ հենց հիմա է նաև ընդգծվում, որ ինքնիշխան պետականության վերականգնումից ի վեր, վերջին 30 տարվա ընթացքում, բոլոր վայրիվերումներով հանդերձ, որքան կարևոր ու կենսական է, որ գոնե կարողացել ենք ձևավորել, կայացնել, շարունակաբար զարգացնել մեր ամենակարևոր ձեռքբերումը՝ մեր բանակը:

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը