Մեկնաբանություն

28.09.2020 18:10


Ոմանց թվում է, թե հայ-ռուսական հարաբերությունների «ջրեր պղտորելու» իրենց «աստեղային ժամն» է

Ոմանց թվում է, թե հայ-ռուսական հարաբերությունների «ջրեր պղտորելու» իրենց «աստեղային ժամն» է

Մի տեսակ արդեն սկսում էի անհանգստանալ, թե ինչպե՞ս է, որ արդեն ավելի քան մեկ օր ակտիվ պատերազմական, լայնածավալ գործողություններ են ծավալվել, իսկ տեղական «ռուսաստանատյացներից» ձայն-ծպտուն չկա:

Գրանտով «խաղաղասերները», «ադրբեջանցիների հետ ընկերություն անելու» քարոզիչներն էլ են պապանձվել, իհարկե, բայց դե դա՝ ինքնըստինքյան: Նրանց տիկնիկավարները գոնե այդքանը հասկանում են, որ նրանց «մուղամների» տեղն ու պահը չէ: Մանավանդ, որ այդ «մուղամները» կարող են զինվորագրվող հասարակության կողմից ոչ միայն չհասկացվել, այլև շատ ճիշտ հասկացվել և, որպես հետևանք՝ «թուրք ներելու», «ադրբեջանցիների հետ ընկերանալու» սիրահարները կարող են հասարակական կյանքից ու հարթակներից մեկառմիշտ դուրս թողնել: Կարճ ասած՝ զրկվել այն պարագայից, ինչի համար էլ նրանք, մեր մեջ ասած, ձևավորվել ու սնուցվել-ֆինանսավորվել են: Ինչևէ:

Բայց այսօր արդեն հայ-ռուսական հարաբերությունների վրա քարեր, իսկ կոնկրետ Ռուսաստանի ուղղությամբ «բոչկա» գլորելու մշտական սիրահարները փարատեցին վերը նշածս անհանգստությունը: Ու վերսկսվեց արդեն քաջածանոթ, բավականին հոգնեցրած քարոզչական կաղապարների շրջանառումը:

Կաղապար 1. «այ, տեսե՜ք, ՆԱՏՕ-ն մեր դաշնակիցը չէ, բայց ավելի արագ ու կոշտ արձագանքեց Ադրբեջանի կողմից ագրեսիային, քան ՀԱՊԿ-ը և Ռուսաստանը...» կամ այս կարգի՝ մի փոքր այլ ձևակերպումներ, ընդհանուր նույն մտքով:

Կաղապար 2. «ահա՜ն, տեսա՞ք, ադրբեջանական կողմից ռուսական արտադրության զենքերո՜վ է հրետակոծում ու հրթիռահարում մեր դիրքերն ու բնակավայրերը»:

Որքան էլ որ պրիմիտիվ ու հարթաթաթ կաղապարներ են, դրանք որոշակի առումով «աշխատում» են: Եվ, եթե անգամ նման «նաղլեր» լսողների մի մասը դրանց առանձնապես բանի տեղ չի դնում, ինչ-որ տղաճ նստվածք, մրուր դրանք թողնում են, անկասկած:

Սկսենք առաջին «կաղապարից»: Նախ, կոնկրետ սեպտեմբերի 27-ին թշնամու նախահարձակ լայնածավալ ագրեսիային առաջինների շարքում, եթե ոչ առաջինը պաշտոնապես արձագանքել է հենց Ռուսաստանը՝ ի դեմս ԱԳ նախարար Լավրովի ու նրա հայտարարության: Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ին, ապա Հայաստանը պաշտոնապես հաստատեց, որ դեռևս չի դիմել ՀԱՊԿ-ին (այս փուլում):

Երկրորդ՝ այո՛, մեր ռազմավարական դաշնակիցը Ռուսաստանն է և, այո՛, ՆԱՏՕ-ն մեր ռազմավարական դաշնակիցը չէ, չնայած գործընկերային ու գործնական փոխհարաբերություններին: Բայց այս մասին խոսողները, հիշյալ քարոզչական կաղապարը շահագործողները միտումնավոր «մոռանում» են, որ ՆԱՏՕ-ն Թուրքիայի՛ դաշնակիցն է, որ Թուրքիան՝ իր ռազմական մեքենայով հանդերձ, ՆԱՏՕ-ի անդամ-պետություն է: Կա՞ մեկը, որ դեռ կասկածում է, որ այսօր ռազմաճակատում մեր զինվորները դիմակայում ու շան ծեծ են տալիս ադրբեջանական բանակի համազգեստ կրող թուրքական զորքերին ու Թուրքիայի ներգրաված իսլամիստ վարձկան-կամավորականներին ևս: Կարծում եմ, եթե նախքան այս կային հատուկենտ հայրենակիցներ, որ այդ հարցում դեռ կասկածներ ունեին, այսօր հաստատ պետք է որ նրանց այդ կասկածները վերջնականապես փարատվեին:

Ուստի հարց է ծագում. ինչո՞ւ հիշյալ կաղապարը շրջանառողները թեթևակի հարց չեն տալիս գոնե իրենք իրենց, թե այդ ինչպե՞ս է, որ ՆԱՏՕ-ն գոնե չի փորձում բռնել իր անդամ պետության՝ Թուրքիայի ձեռքը:

Դաշնակցության պահով: Ի դեպ, վատ չէր լինի, որպեսզի ոմանք նկատեին, որ թշնամական ագրեսիայից հետո Հայաստանի գործող ղեկավարության նախաձեռնությամբ հեռախոսազանգ եղավ Մոսկվա՝ Պուտինին: Ոչ թե Վաշինգտոն, ոչ թե Ստրասբուրգ, այլ Մոսկվա: Տեսնես՝ ինչու: Եվ հետաքրքիր է, թե այդ ինչպե՞ս էր, որ ԱՄՆ դեսպանատները՝ Երևանում ու Բաքվում, ագրեսիայից ու հրետահրթիռակոծությունից 24 ժամ առաջ հստակ նախանշում, զգուշացնում էին ԱՄՆ քաղաքացիներին, թե Հայաստանի, Արցախի ու նաև Ադրբեջանի հատկապես որ հատվածներ մեկնելուց ձեռնպահ մնան: Նոստրադամուսն էր, գիտե՞ք, հուշել:

Զենք-զինամթերքի կամ երկրորդ «կաղապարի» մասին:

Այն, որ Ադրբեջանը Ռուսաստանից զենք է գնում (միջազգային գներով), հանրահայտ է: Ու դա ոչ երեկ է սկսվել, ոչ երեկ չէ առաջին օրը: Բայց նույն Ռուսաստանը Հայաստանին զենք և սպառազինություն է մատակարարում նաև «ներքին գներով» և արտոնյալ պայմաններով: Սա՝ մեկ:

Երկրորդը, որ շատ ավելի կարևոր է. պարբերաբար Ադրբեջանի կողմից «ռուսական զենքի» մասին աղաղակողները, չգիտես՝ ինչու (իրականում շատ էլ լավ պարզ է, թե՝ ինչու), ձայն-ծպտուն չեն հանում, որ Ադրբեջանին զինում, զենք ու ռազմամթերք են մատակարարում, վաճառում իրենց սիրելի Իսրայելը, իրենց շատ ու շատ սիրելի Ուկրաինան, «մոռանում» են, որ այդ բոլոր մահաբեր բեռները, նաև, ի դեպ, վարձկանները Ադրբեջան են փոխադրվում նաև Վրաստանի օդային տարածքով իրականացվող թուրքական ռազմաբեռնատար ավիացիայի չվերթերով կամ ցամաքային փոխադրամիջոցներով: Ձեռնտու չէ, հասկանո՞ւմ եք, դա նկատել, շեղում է «ռուսաստանատյացության» գլխավոր գծից:

Ըստ էության, հայ-ռուսական հարաբերությունների ուղղությամբ քարոզչական «հրթիռներ» արձակելով զբաղվածները բացեիբաց չեն նկատում, որ մահաբեր «անօդաչուների» մի մասը իսրայելական արտադրության են, իսրայելական հրահանգավորողների վարժեցրած օպերատորներով:

Հա, ԱՄՆ-ի մասին: Արցախի նախագահը պաշտոնապես հայտարարեց, որ նախօրեին թշնամու վերսկսած ագրեսիայի ընթացքում գործածվել են թուրքական օդուժի զինանոցում եղած ամերիկյան Ֆ-16 մարտական ինքնաթիռներ: Բա ինչո՞ւ ձայները գլուխները չեն գցում, թե՝ «ամա՜ն, ամենախաղաղասեր, ամենադեմոկրատական ու ամենաչգիտեմ էլ ինչ ամերիկյան արտադրության օդանավերով են կրակում մեր զինվորների ու բնակիչների վրա...» կամ նման մի բան: Հենց այդ միակողմանիությունն էլ մատնում է աղմկարարների բուն նպատակը:

Ոմանց թվում է, թե պատերազմը, պատերազմական վիճակը հայ-ռուսական հարաբերություններում «ջուր պղտորելու» համար իրենց «աստեղային ժամն» է:

Սա, առհասարակ, ազգային անվտանգության հարց է: Խնդիրը «որևէկողմամետ» լինելը չէ (տողերիս հեղինակը դրանով թերևս չի տառապում՝ լինելով Հայաստանա-մետ): Հարցն այն է, որ ա՛յս պայմաններում, ա՛յս իրավիճակում վերջնահաշվում հայ-ռուսական հարաբերությունների դեմ ուղղված քայլեր կամ հայտարարություններ անելը նշանակում է միայն մեկ բան՝ գործել թշնամու կողմից, ջուր լցնել թշնամու ջրաղացին:

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը