Մեկնաբանություն

23.09.2020 22:07


Անողնաշար ելույթ՝ «ինստիտուցիոնալ ողնաշարի» ակնարկով կամ ինչ էր ուզում ՄԱԿ-ի ելույթով ասել Փաշինյանը

Անողնաշար ելույթ՝ «ինստիտուցիոնալ ողնաշարի» ակնարկով կամ ինչ էր ուզում ՄԱԿ-ի ելույթով ասել Փաշինյանը

Ասել, թե այժմ մեր տարածաշրջանում իրադրությունը լարված է, կնշանակի գրեթե ոչինչ չասել: Շատ հեռու չգնանք: Վերցնենք մեր պետությունը:

Երկու հարևան երկրներ՝ Թուրքիան ու Ադրբեջանը ոչ միայն հոխորտում և «սրեր են ճոճում», այլև միանգամայն կոնկրետ ռազմաքաղաքական գործողությունների են դիմում, որոնք ուղիղ գծով սպառնալիք են ստեղծում Հայաստանի անվտանգության համար: Առնվազն մարտահրավերներ են, որոնց անհրաժեշտ է դիմակայել:

Եվ ահա, պատկերացրեք, որ նման իրադրության պայմաններում Հայաստանի Հանրապետության ղեկավարը միջազգային հանրությանը, այն էլ՝ Միավորված ազգերի կազմակերպության՝ ՄԱԿ-ի ամբիոնից դիմելու, թող որ՝ վիրտուալ հնարավորություն է ստանում: Եվ ի՞նչ է ասում:

Այսինքն, ի՛նչը պատկերացնենք, եթե կոնկրետ սեպտեմբերի 22-ին ՀՀ վարչապետի պաշտոնն զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի 75-րդ տարեդարձի առթիվ հանդես է եկել ելույթով, որի տեսանյութը հրապարակվել է ՄԱԿ-ի պաշտոնական կայքում և յութուբյան ալիքում (խնդրեմ հղումը ՀՀ վարչապետի պաշտոնական կայքից):

Ու ինչի՞ մասին է խոսում Նիկոլ Փաշինյանը: Արցախի ինքնորոշումի՞ց, Հայոց ցեղասպանության թուրքական ժխտողականությունի՞ց ու դրա պարունակած ռեալ վտանգների՞ց, ադրբեջանաթուրքական վերջին կոորդինացված «խաղերի՞ց»: Ո՛չ:

Շնորհավորում է 75-րդ տարեդարձն ու ընդհանրական դատողություններ անում, ինչ-որ անուղղակի ու անքա՜ն խնամքով քողարկված ակնարկներ է անում վերը նշված հիմնախնդիրների վերաբերյալ, որ հատուկ վերծանում է պահանջվում: Ի լրումն, «գիտունիկություն» է անում ՄԱԿ-ի դերի և նշանակության թեմայով, այսպես ասենք՝ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանողի կուրսային աշխատանքի նախաբանի մակարդակով:

Չէ, օրինակ ինքնորոշման մասին խոսել է Նիկոլ Փաշինյանը, ընդհանրատարածական է խոսել. «Ոմանք կարող են ենթադրել, որ այս գործընթացն ավարտվել է Սառը պատերազմի ավարտով: Բայց դա միայն պատրանք է: Ինքնորոշման իրավունքի մերժումը կարող է միմիայն հանգեցնել բռնաճնշման և նոր բռնությունների»: Դա այդպես է, ու «սառը պատերազմից» հետո մի երկու տասնյակ, եթե ոչ ավելի նոր պետությունների հռչակման ու ճանաչման մասին հիշեցնելն էլ տեղին: Բայց կարելի՞ էր դրանից բացի մեր պետության համար առանցքային, մեր ժողովրդի համար գերկարևոր խնդրի մասին «մի երկու բառ» կոնկրետ ասել: Ո՞վ էր խանգարում կամ ի՞նչն է պատճառը Արցախի խնդրի մասին ուղիղ չարտահայտվելու: Թեկուզ նույն նախադասությամբ, օրինակ՝ Ադրբեջանի կողմից Արցախի հայության ինքնորոշման իրացված իրավունքի մերժումը նպատակ ունի հանգեցնել բռնաճնշման և բնիկ հայության դեմ նոր բռնությունների:

Նույնը՝ տարածաշրջանային, ավելի ճիշտ՝ մեր երկրի շուրջը ծավալվող զարգացումների առնչությամբ: Լավ, ինչո՞ւ այդքան գերքողարկված խոսել. «Այս դժվար ժամանակներում, աշխարհի չորս ծագերում, այդ թվում՝ մեր տարածաշրջանում, անխոհեմ ռևիզիոնիստները փորձում են օգտվել միջազգային կարգի նշմարվող թուլությունից՝ իրական վտանգ ներկայացնելով միջազգային խաղաղության և անվտանգության համար: Պատմական իրողությունների սոցիալական ինժեներիան և նույնիսկ այլոց քաղաքակրթական ժառանգության յուրացումը դառնում են սովորական երևույթ:

Դա ևս մեկ ազդանշան է առ այն, որ մենք պետք է վերականգնենք արդյունավետ բազմակողմանիությունը` միջազգային հանրությանը տալով հզոր ինստիտուցիոնալ ողնաշար, որպեսզի այն առավել դիմացկուն դառնա համամոլորակային մարտահրավերների նկատմամբ»:

Աստված սիրեք, ի՜նչ գրողի տարած «անխոհեմ ռևիզիոնիստներ», ի՜նչ «սոցիալական ինժեներիա», ի՜նչ «ինստիտուցիոնալ ողնաշար» վերջապես:

Կարճ, կոնկրետ, թիրախային, իրերն ու «անխոհեմ ռևիզիոնիստներին» անվանապես նշելով դժվա՞ր էր արտահայտվել: Թե՞ հայրենական ուզուրպատորի փուքսը միայն ներքաղաքականի ու իր ընդդիմախոսների համար է: Համա թե ելույթի տեքստ է շարադրել Փաշինյանը (ենթադրում եմ, որ ճառագիր չունի կամ գրիչը ձեռքին ինքը, որպես իր թերթի նախկին գլխավոր խմբագիր ու դեռևս անանուն խմբագրասյունագիր, աշխատում է այդ տեքստերի վրա):

Բա ո՞ւր մնաց «ծեփեմ պատին», «փռեմ ասֆալտին» Նիկոլ Փաշինյանը, էլ չասած արդեն՝ «շնաբարո դրուսպրծուկների» ու մնացած տոքսիկ բառաթափոնի մասին: Բա առիթ էր, Ալիևին «փռեիր ասֆալտին», Էրդողանի «թաթիկները կտրեիր»:

Մի խոսքով, «ինստիտուցիոնալ ողնաշար»-ը, իհարկե, տպավորիչ բառակապակցություն է, բայց ՄԱԿ-ի 75-րդ տարեդարձի առթիվ Փաշինյանի ելույթը չափազանց թույլ էր, եթե չասվի՝ անողնաշար, մանավանդ, վերը հիշատակված ոչ բարով՝ հարևան պետությունների ղեկավարների ելույթների հետ համեմատած, որքան էլ որ դա ցավալի չհնչի, որպես՝ «ցավ վասն տերության»:

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը