Մեկնաբանություն

14.09.2020 15:25


Լացելու «սեպտեմբերի 1», որ 14-ին է... Ուսումնակա՞ն տարի, թե՞ թերուս

Լացելու «սեպտեմբերի 1», որ 14-ին է... Ուսումնակա՞ն տարի, թե՞ թերուս

Այսօր «սեպտեմբերի 1-ն» է առաջին դասարան կամ, որ նույնն է,՝ առաջին անգամ դպրոց գնացած հազարավոր երեխաների համար:

Չէ, հասկանալի է, իհարկե, որ ըստ համընդհանուր օգտագործման օրացույցի՝ սեպտեմբերի 14-ն է: Բայց «թավշյա» կառավարիչների covid-յան կամ կարանտինյան «օրացույցով» ստացվել է այնպես, որ «սեպտեմբերի 1-ը», այսինքն՝ ուսումնական տարվա մեկնարկը տրվում է 14 օր ուշացումով: Եվ այն էլ ինչ պայմաններում...

Ի դեպ, պայմանների մասին: Բնական հարց է ծագում, թե այդ ի՞նչ է արվել այս 13-14 օրվա ընթացքում, որ հնարավոր չէր ուսումնական տարին երկու շաբաթ առաջ սկսել և խիստ անհրաժեշտ էին այս 13-14 օրերը՝ ամեն ինչ հասցնելու համար:

Չէ, այնուամենայնիվ, որոշ բաներ արվել են: Մասնավորապես, սահմանվել է, որ դպրոցականները պիտի անխտիր դիմակներով լինեն ու մի քանի ժամ շարունակ: Երևի ոչ հեռավոր ապագայի բժիշկներին, կոնկրետ՝ շնչառական և դրա հետ շաղկապված այլ առողջական խնդիրներով զբաղվող բժիշկներին գլխացավանքային ծանրաբեռնվածությամբ ապահովելու համար:

Հա, դիմակների մասին: Արդեն հայտնի «Տավուշ տեքստիլը», կարելի է ասել՝ «ռազմավարական նշանակության» խոշոր պետական պատվեր է ստացել: Այնպես որ, անկախ այն բանից, թե դպրոցականներից, հատկապես տարրական դասարանների աշակերտ-աշակերտուհիներից քանիսը կիսաշնչահեղձ կլինի, առնվազն «Տավուշ տեքստիլն» արտադրական աճի ու եկամուտների տեսանկյունից լիաթոք կշնչի: Կատակ բան չէ պետությունից մի քանի հարյուր միլիոն դրամի դիմակային պատվեր ստանալը:

Սա, իհարկե, ո՛չ կոռուպցիա է, ո՛չ պետական միջոցների վատնում: Ոչ մի դեպքում: Սա հորդուն ու անսահման սեր է՝ «թավշյա» փաթեթավորմամբ: Քրիստոնեաբար, ի դեպ: Չէ՞ որ ասված է՝ «սիրիր մերձավորիդ»...

Վերադառնանք դպրոց, եթե կարելի է ասել: Երեխաները պիտի լինեն դիմակներով, ժամեր շարունակ: Պիտի բռնավորի նման ժամեր շարունակ փակված մնան դասասենյակներում, որոնք իրավունք ունեն լքել միայն զուգարան գնալու համար, թերևս:

Աշակերտները պիտի նստեն առանձին-առանձին՝ միմյանցից 1,5 մետր հեռավորության վրա...

Սոցցանցում աչքովս մի քանի լուսանկար ընկավ: Այսօրվա «սեպտեմբերի 1-ն» էր պատկերված, երեխաները, դասարանները: Սիրտս ճմլվեց: Անկեղծ՝ լացս եկավ: Չգիտեմ, ավելի շատ մեր բոլորի ապագայի՞ անուրախ տեսիլքից, լուսանկարների թողած «համակենտրոնացման-ճամբարայի՞ն» տպավորույթունից, երեխաների նմա՞ն վիճակից: Գուցե բոլորը միասին:

Նման «դպրոցում» երևի հենց միայն «սեռական դաստիարակություն» և «սեռափոխության հիմուքներ» կարելի է սովորեցնել՝ օտարերկրյա գրանտատուների հանձնարարականներով:

Աբսուրդ է, բայց իշխանությունը, որը կորոնավարակին նախ, գեղջկական անկրթությամբ ու ծաղրանքով վերաբերվեց, ահազանգողներին խուճապ հարուցողներ հռչակեց, հետո ուշացումով որոշեց ինչ-որ անկանոն քայլեր անել ու ավելի խճճեց համաճարակային պատկերը, այսօր ԱՀԿ-ից (հայտնի ВОЗ-ը) ավելի «կաթոլիկ» ձևանալով՝ համատարած արգելք ու տուգանք է սահմանում, ըստ որում, վարակի դեմ պայքարը, իրենց մակերեսային ընկալմանը համահունչ՝ հանգեցնելով «դիմակ կրիր, որ կրենք» միաբջիջ և պարզունակ «ռազմավարության»: Իսկ ըստ էության՝ ձեռնտու սխեմայի. դիմակի իրացման եկամուտներ, դիմակ չդնելու համար տուգանքից եկամուտներ:

Մի այդպիսի տավուշեցի ՆԳ նախարար կար. ավտոմեքենաների մեջ կրակմարիչներ (ագնետուշիծել) էր պարտադրում՝ խոշոր տուգանքի սպառնալիքով: Կհիշեք: Կրակմարիչներ բերողն էլ, պատահաբար, այդ նախարարին փոխկապակցված անձ էր (այսպես ասենք): Ճիշտ է, այսօր երկրապետ դարձած «զեմլյակներից» այդ նախկին նախարարը, պետք է ընդունել, անհամեմատ տաղանդավոր էր, գոնե՝ գրական-գեղարվեստական առումով:

Իսկ այսօր, իշխանությունը, որի սխալ գործողությունների հետևանքով նաև արդեն ավելի քան 1200 մարդ է մահացել, հանկարծ ինչ-որ «կարանտինային կանոններ» է հիշել ու դրանցով հասարակությանը տեռորի է ենթարկում, ի լրումն՝ ուսումնառության ու դաստիարակության, ընկերության օջախ դպրոցը երեխաների համար դարձնում է բանտարկության և խորթացման ատելավայրի:

Չգիտեմ, թե երեխաները ի՞նչ կսովորեն նման պայմաններում կամ ինչի՞ն կվարժվեն, սակայն առավել քան լուրջ մտավախություն ունեմ, որ ուսումնական տարին ընդամենը թերուս տարի է լինելու:

Մեկ այլ հարց: Խոշոր բնակավայրերում, սովորաբար, նույն բակի երեխաները նույն դպրոցն են հաճախում: Հասակակիցները նաև դասընկեր-դասընկերուհիներ են լինում: Հասկանո՞ւմ եք, բակում նրանք, բարեբախտաբար, դեռ կարող են անարգել իրար հետ խաղալ, առանց որևէ դիմակ-միմակի: Դա՝ երեկոյան: Իսկ առավոտյան, երբ գնան դպրոց, պիտի ամեն ինչ անեն, որ հանկարծ միմյանց 1,5 մետրից ավելի չմոտենան: Նույն երեխաները:

Չգիտեմ, թե ասվածը որքանով է հասկանալի ընտանիք, ավելի ճիշտ՝ կին և երեխա(ներ) չունեցող այսօրվա մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների համար: Բայց նաև հենց նման, այսինքն՝ կյանք չտեսած, կենսափորձ չունեցող, դեռ չամուսնացած ու երեխա չունեցող ինչ-որ անհասականալի սուբյեկտներ են որոշում, թե մեր երեխաները դպրոցում, իսկ մենք՝ կյանքում ինչպես տեղաշարժվենք, շունչներս ինչով փակենք, ինչպես նստենք, ինչպես ելնենք:

«Պողոսներին», գուցեև «հասնո՛ւմ» է, գուցե նրանց դա էլ է քիչ:

Իսկ մյուսների՞ս...

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը