Մեկնաբանություն

08.09.2020 08:57


Նո՞ր իմացաք, որ Մարտի 1-ի բացահայտման ուղղությամբ ոչինչ չի արվում

Նո՞ր իմացաք, որ Մարտի 1-ի բացահայտման ուղղությամբ ոչինչ չի արվում

Անկախ նրանից, Մարտի 1-ի «շահառուները»` զանգվածային անկարգությունների զոհերի իրավահաջորդներն ու իրենց փաստաբաններն ինչու են ուշացումով որոշել «բոյկոտել» Ռոբերտ Քոչարյանի և մյուսների ջուր գործի քննությունը, որտեղ էն գլխից անելիք չունեին, դատավարությունը դրանից միայն կշահի։

Ի սկզբանե պարզ էր, որ սրանց արհեստականորեն են ներքաշել դատական պրոցեսի մեջ։ Որ մեղադրող դատախազները «մենակ չմնան» սահմանադրական կարգը պաշտպանելու համար երկրորդ նախագահին և մյուս նախկին բարձրաստիճան պաշտոնյաներին առաջադրված փուչ մեղադրանքի պաշտպանության գլխանց տանուլ տրված պարտիայում` իրավական պատրաստվածության, գրագիտության առումով իրենց բազմիցս գերազանցող «հակառակորդին» դեմ հանդիման։

Երկրորդ` ստեղծեն այն «անհրաժեշտ» հուզական ֆոնը, որ կհեշտացնի վնգստացող դատավորների գործը, «դուխ» կտա` ընդունելու բացահայտ անարդար այն որոշումները, որ երբեք և ոչ մի դեպքում չէին կայացնի, եթե առաջնորդվեին օրենքներով և Սահմանադրությամբ` անեին այն, ինչին կոչված են։ Այսինքն` արդարադատություն իրականացնեին, ոչ թե սպասարկեինի վերուստ իջեցված քաղաքական պատվերը։

Ինչպես նշել է Հայկ Ալումյանը, պաշտոնապես չճանաչված, սահմանված կարգով չամրագրված դատավարական կարգավիճակ էլ չեն ունեցել` ըստ էության, մասնակցում են դատավարությանը` չունենալով դրա իրավունքը. «թավշյա մամլակի» տակ գտնվող դատավորների համար երևի հոգեբանորեն դժվար էր զրկել նրանց Քոչարյանին և մյուսներին պատեհ-անպատեհ վիրավորելու, ավել-պակաս խոսելու, զրպարտելու և «ամենախիստ պատիժը պահանջելու» հնարավորությունից։

Վերջին դատական նիստում հենց պաշտպանական կողմն էր միջնորդել դադարեցնել նրանց մասնակցությունը։ Պարզ պատճառով` սպանությունների գործը, որով այդ մարդիկ անցնում են որպես տուժողների իրավահաջորդներ և ներկայացուցիչներ, առանձնացված է Քոչարյանենց վրա կարված «գործից»։ Ու դոփում է տեղում` սպանություներից ոչ մեկի հանգամանքները դեռ չեն բացահայտվել։ Ըստ ամենայնի, չեն էլ բացահայտվի` նկատի ունենալով, որ ՀՔԾ-ն իրականում շահագրգռված չէ և մատը մատին չի խփում` պարզելու, թե ովքեր էին դուրս գալիս մեքենաների հետևից, կրակում «խաղաղ» ցուցարարների վրա, հետո վերադառնում «ելման դիրքերը», ինչո՞ւ մետաղաձողերով, պայթուցիկ նյութերով, քարերով զինված «խաղաղ» ցուցարարներին դա ոչ զարմացնում էր, ոչ էլ մտահոգում, կարծես այդպես էլ պիտի լիներ։

Եվ հիմա, միջնորդության քննարկմանն ընդառաջ, դեմարշ են անում, թե բա. «Այժմ, երբ նախաքննությունն ըստ էության դադարեցված է, իսկ դատաքննությունը վերածվել է թանկարժեք ժամավաճառության և ֆարսի», «դատարանի բակում, դատական նիստերի դահլիճում տիրում է կամայականությունն ու թողտվությունը, որն ուղղված է Սահմանադրությամբ հռչակված արժեքների և իրավունքների դեմ և արժանանում է բարձր հանդուրժողականության», ինչի հետևանքով «մենք ԴԱԴԱՐԵՑՆՈՒՄ ԵՆՔ մեր ֆիզիկական մասնակցությունն այդ անբովանդակ միջոցառմանը»։

Էհ, դադարեցնում եք, դադարեցրե՛ք` չուզողը մե՛նք լինենք, բայց գոնե հեռանալուց առաջ ջուր մի՛ պղտորեք։ Նոր հասկացա՞ք, որ այն, ինչ կատարվում է դատարանի ներսում ու դրսում՝ ձեր զոմբիների ակտիվ մասնակցությամբ, «անբովանդակ միջոցառում է»` ուղղված Սահմանադրությամբ հռչակված արժեքների դեմ, ժամավաճառություն, խեղկատակություն, ֆարս, որի նմանը աշխարհը չի տեսել։ Կամ` նո՞ր եք իմանում, որ սպանությունների բացահայտման ուղղությամբ ոչինչ չի արվել և արվում` «նախաքննությունն ըստ էության դադարեցված է»։

Եվ ընդհանրապես, «իշխանությունն անկարող է իրականացնել բովանդակային և հետևողական իրավական քաղաքականություն։ Այդ անկարողությունը դրսևորում էր իրավական համակարգի խորքային համակարգված և հետևողական բարեփոխման իրական ծրագրի և դրա իրագործման բացակայությամբ, առանցքային պետական մարմինների վերակազմավորման և կամ կազմավորման, դրանց սահմանադրական և օրենսդրական առաքելությանը հավատարիմ գործունեության ապահովման ձախողմամբ, կադրային անբովանդակ քաղաքականությամբ, ինչպես լայն, այնպես էլ առանձին պաշտոնների մակարդակում` նեղ իմաստով»։

Հետաքրքիր է, որ այս խոսքերի հեղինակը ոչ թե «какой-нибудь» հակահեղափոխական է կամ բարեխիղճ իրավաբան, որ ընդվզում է «դատավիրավական բարեփոխումների» անվան տակ երկիրը իրավական վակխանալիայի` ամենաթողության և բեսպրեդելի պատանդ դարձնելու թավշյա նկրտումների դեմ, այլ տուժողների իրավահաջորդների փաստաբան Տիգրան Եգորյանը, որ դատարանում ինքնամոռաց պաշտպանում էր Քոչարյանին առաջադրված «անբովանդակ» մեղադրանքը` հույս ունենալով համարժեք փոխհատուցում ստանալ իր ջանքերի համար... ՍԴ դատավորի պաշտոնի տեսքով։

Դե, եթե Վահե Գրիգորյանը Մարտի 1-ի «պահանջատիրության» հողի վրա «դամկա գնաց»` դարձավ ՍԴ դատավոր, դեռ մի բան էլ հավակնում էր ՍԴ նախագահի պաշտոնին, ինքը ինչո՞վ է նրանից վատ` ինչո՞ւ չի կարող, որպես Վահեի «ժառանգորդ», նման հավակնություն դրսևորել։ Բայց արի ու տես, որ խոփը քարին է դեմ առել, ինքն էլ նեղացել է` որոշել է «դուրս գալ խաղից»։ Ասում են` դիպլոմով իրավաբան Սեդա Սաֆարյանն էլ դեմ չէր լինի համալրել հակասահմանադրական փոփոխությունների արդյունքում թափուր մնացած պաշտոններից մեկը`Նիկոլը նրա՛ն էլ էր ՍԴ դատավորի պաշտոն խոստացել ու «քցել», բայց չեմ հավատում`դա մի քիչ շատ կլիներ։ Նույնիսկ Նիկոլի համար։ Երևի տիկնոջ ֆինանսական «ամբիցիաները» չեն բավարարվել, էլ չի ուզում կռիվ տալ հանուն «արդարության»։

Չի բացառվում, որ սա ընդամենը «մարտավարական հնարք» է` շանտաժ, որի միջոցով փորձում են ճնշում գործադրել, մի կողմից` դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ, որ օրինակ վերցնի բոլոր ժամանակների ամենավնգստացող դատավոր Արմեն Դանիելյանից` թույլ չտա, որ պաշտպանները լիարժեք իրականացնեն իրենց պաշտպանյալների շահերի պաշտպանությունը. ապօրինաբար սահմանափակեն միջնորդություններ ներկայացնելու իրավունքը, առանց պաշտպանական կողմին լսելու, գնա խորհրդակցական սենյակ և այլն։

Հնարավոր է` Նիկոլը «քաղաքական» որոշում է կայացրել չորրորդ անգամ բանտարկել Քոչարյանին. դատախազությունը որոշել է հետամուտ լինել նախագահին 4 միլիոն դոլարի դիմաց ազատ արձակելու դեմ բերած վճռաբեկ բողոքին, տուժողների իրավահաջորդներն ու նրանց ներկայացուցիչներն էլ հող են ստեղծում դրա համար։ Ով լիներ` դիմանար. էլի քաղաքական ակտիվություն է դրսևորում, հարցազրույցներ է տալիս, այդ թվում` ռուսական ընկերություններին, քննադատում կառավարությանը, լուծումներ առաջարկում։ Նույնիսկ գնում է Սևան, հանգստանում է, զբաղվում ջրային սպորտաձևերով...

Ինչքա՞ն կարելի է հանդուրժել այս «անարդարությունը»։ Պետք է, չէ՞, «հասարակական կարծիքի» իմիտացիա ստեղծել, որ դատավորն առանց աչքը թարթելու անի այն, ինչ իրենից պահանջվում է...

Լիլիթ Պողոսյան

Այս խորագրի վերջին նյութերը