Մեկնաբանություն

31.08.2020 14:05


Սինանյանի «սինթեզը» կամ «թավշյա» կադրերի էթնոգենեզը

Սինանյանի «սինթեզը» կամ «թավշյա» կադրերի էթնոգենեզը

Փաշինյանի «թավշյա» կառավարության ու հատկապես Սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի գործերը լուրջ են: Համառ շշուկներ են տարածվում, որ տեղեկանալով Սինանյանի վերջին հայտարարության մասին՝ ճապոնական մաֆիան, որին «Յակուձա» են ասում, վարձել է լավագույն շինոբի-նինջաներին, որոնք շուտով կժամանեն մեր հինավուրց երկիր, եթե արդեն այստեղ չեն:

Կատակը մի կողմ, չնայած, դա բարդ է տվյալ իրավիճակում, բայց այնպիսի տպավորություն է, որ փաշինյանական իշխանության տարբեր ներկայացուցիչների վրա կոնկրետ «պլան է դրված»՝ գրող-կարդացող, ասող-խոսող հանրության զվարճանքն ապահովելու իմաստով: Օգոստոսին, օրինակ, վարչապետակառավարական առաջադրանքի հիմնական կատարողներն առողջապահության նախարարն ու Սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատարն էին: Այնպես, որ քիչ է մնում վերանվանես պաշտոնը և նշես հանձնակատաԿ, ոչ Սփյուռքի, ոչ էլ՝ գլխավոր: Պարզապես հանձնակատակ:

Մարդը, կարծես էլ բանուգործ չունենա: Գլենդելի նման գյոզալ քաղաքի քաղաքապետի պաշտոնն ու հանդարտ-անդարդ կյանքը թողեց ու անձնվիրաբար, ես կասեի՝ անձնուրացաբար շտապեց Հայրենիք՝ այն փրկելու հաստատուն որոշմամբ: Չնայած, չար լեզուներն ասում են, որ Սինանյանի ստացած աշխատավարձով ու պարգևավճարներով ով ասես՝ կգար: Ավելի չար լեզուներն ասում են, որ այդ փողերով եթե կորոնավիրուսի թեստեր առնեին, երկրին շատ ավելի մեծ օգուտ կլիներ: Բայց դրանք նենգ ու դավադիր չարախոսների շշունջներ են:

Դուք ավելի լավ է՝ լսեք, թե ինչեր է ասում հանձնակատարը: Նրան, առհասարակ, ժողովուրդների և ազգերի սինթեզման մտքերն այս վերջերս ոչ մի կերպ հանգիստ չեն տալիս: Մեկ ասում է, թե զանգվածային ներգաղթի համար բավարար հնարավորություններ չկան: Մեկ ասում է, թե Հայաստանը պետք է վերաբնակեցնել արաբներով և այլ ազգերի ներկայացուցիչներով: Երևի վերջին երկու տարվա մեջ Հայաստանը հնդիկ-պակիստանցիներով «հարստացնելը» անբավարար է թվում: Մեկ էլ, իր այդ՝ մեկը մյուսից անհեթեթ «մտահղացումներն» արդարացնելու կամ հիմնավորելու համար մեծ գյուտ է անում, թե՝ «Ճապոնացիները կորեացիների ու չինացիների սինթեզ են, որոնք 2 հազար տարում դարձել են ճապոնացի»:

Ասում են, որ Սինանյանի հայտարարության մասին իմանալուց հետո բրիտանացի գիտնականները վատացել են, իսկ ճապոնացի գիտնականներն ուղեղի ոլորում են ստացել: Նրանք, որ երևի մի երկու հարյուր տարի հետազոտում և ուսումնասիրում են այս հարցը, կաթվածահար են եղել նման պարզ, ամեն ինչ «իր տեղը դնող» հայտարարությունից և ցանկանում են զանգվածաբար ցած նետվել Ֆուձիյամայի գագաթից...

Չէ, բայց դուք պատկերացրեք, օրինակ, թե Հայաստանում և Սփյուռքում էլ, ի դեպ, ինչպիսի՜ բուռն ռեակցիա կլիներ, եթե հանկարծ Ճապոնիայի հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահը հանկարծ հայտարարեր, թե հայերը ասորիների, պարսիկների և կովկասյան ցեղախմբերի սինթեզ են, 2500 տարում դարձել են հայ...

Այնպիսի աղմուկ կբարձրանար, որ նման բան ասած ճապոնացի նախարարին կամ պաշտոնյային այլ բան չէր մնա, քան յուբիցումե անելը: Դա այն ծիսական ինքնավնասումն է, երբ, օրինակ, ներողություն հայցելը ամրապնդվում է սեփական ճկույթի հոդը կտրելով և փոխանցելով նրան, ումից ներողություն են հայցում: Չնայած, չէ, այդ դեպքում հարցը ճկույթը մի հոդաչափ կարճացնելով չէր լուծվի: Նման բան ասած ճապոնացի պաշտոնյան հարկադրված կլիներ սեպպուկո անել, կարճ ասած՝ որովայնը սրով պատռելով ինքնասպան լինել:

Եթե մի փոքր, այնուամենայնիվ, ավելի լուրջ, ապա Փաշինյանի սրտի Սփյուռքի հանձնակատար Սինանյանի ասածը և՛ անհեթեթություն է, և՛ հակագիտական է, և՛ անշնորհքություն է ճապոնացիների ու Ճապոնիայի հանդեպ, որը Հայաստանի հետ, ի դեպ, նորմալ, եթե չասենք՝ լավ հարաբերություններ ունի (հիմա, երևի՝ ուներ):

Լավ, եթե դա Գլենդելի ինչ-որ «բիսեդկայում» ասվեր, դեռ ոչինչ: Եթե դա նույնիսկ Երևանի որևէ «բիսեդկայում» ասվեր, նմանապես՝ ոչինչ: Բայց դա ասում է կարգավիճակով գրեթե նախարար, ՀՀ կառավարության անդամ և պաշտոնական ներկայացուցիչ մեկը, ամենաիշխանական, ուլտրա-հեղափոխական »ազատության» եթերով:

Մեր ներկայիս իշխանությունն ու իշխանավորները մեկը մյուսից «փայլում» են, նրանք կարծես անհեթեթություններ դուրս տալու հատուկ մրցույթի մասնակիցներ լինեն:

Իսկ դրսից, այս դեպքում՝ Սփյուռքից «որակյալ ու բանիմաց» կադրեր ներգրավելու հարցում Նիկոլ Փաշինյանն ուղղակի «հրաշքներ» է գործում:

Քաղավիացիայի հանրահայտ ղեկավարուհու պահը դաս չեղավ: Հիմա էլ՝ Սփյուռքի հանձնակատարն է «փայլատակում»: Այս կադրային «քաղաքականությամբ» Փաշինյանը նմանվում է մարդու, ով ծաղկավառ դաշտում գնում ու քաղում է ամենից անպետք փուշը, որն անգամ ուղտը կարհամարհեր, իսկ հետո սկսում է բոլորին համոզել, թե «Ալվան վարդ» է բերել, մի «կախարդական» ծաղիկ, որով այնպիսի՜ բաներ է անելու, որ բոլորի բերանը բաց մնա...

Իսկ առհասարակ, վատ չէր լինի Ռևազյանի ու Սինանյանի կարգի էլի մի 50-60 հոգու հրավիրել, ապա կառավարական բոլոր պաշտոնները փոխանցել նրանց: Չէ, երկիրն ու տնտեսությունը հազիվ թե ավելի լավ վիճակում կհայտնվեին, ավելի շուտ՝ հակառակը: Բայց գոնե կյանքն անհամեմատ ավելի «ուրախ» կդառնար: Այնպես, որ պալատական բարեհաճության պտուղները վայելող այն հրատարակչությունը ոչ միայն ժպիտ կհավաքեր, այլև քրքիջ, ծիծաղ, երբեմն նաև ծիծաղից ուշաթափվածներին:

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը