Մեկնաբանություն

27.08.2020 17:25


Ի՞նչն է «ինֆարկտահար» արել իրավաբանական գիտելիքներ ունեցողներին

Ի՞նչն է «ինֆարկտահար» արել իրավաբանական գիտելիքներ ունեցողներին

Փաշինյանի գլխավորած կառավարությունը երևի որոշել է իր հանդեպ ոչ լոյալ տրամադրված իրավաբաններին «հեռավար ինֆարկտի» հասցնելով դուրս մղել ասպարեզից: Համենայն դեպս, հանդիպեցին մի քանի հարգված իրավաբանների անկեղծ խոստովանություններ, որ կառավարության օգոստոսի 25-ի թիվ 1392-Ա որոշումը իրենց ինֆարկտի կարող է հասցնել:

Չէ, ինչ-որ մի առանձնահատուկ, դարակազմիկ, Լուսնի ուղեծիրը փոխելու, Հնդկական օվկիանոսն ընդլայնելու կամ հայ վերաբնակներին Մարս տեղափոխող հրթիռաբուսի մեկնարկին վերաբերող որոշում չէ դա: Ընդամենը որոշում է առ այն, որ փոփոխություն է կատարվել կառավարության հուլիսի 23-ի թիվ 1232-Ա որոշման մեջ: Բայց ի՜նչ փոփոխություն:

Շատերը թերևս կհիշեն օրերս արձանագրված հատկանշական իրադարձությունը, երբ կառավարության կողմից ՍԴ դատավորի թեկնածու առաջադրված Վահրամ Ավետիսյանը, այն բանից հետո, երբ հանդիտպեց իշխանական «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ, թերևս խորապես ցնցված նրանց մոտեցումներից, հրաժարվեց ՍԴ դատավոր ընտրվելու գործընթացին հետագա մասնակցությունից: Սա, իհարկե, խայտառակ բնութագրիչ է իշխող «թավիշների» համար: Բայց դա դեռ մի կողմ:

Սարուձոր չընկնելով՝ կառավարությունը մեկ ամսից էլ քիչ ժամանակահատվածում գտավ նոր թեկնածու՝ ի դեմս իրավաբանական գիտությունների թեկնածու Էդգար Շաթիրյանի:

Եվ ահա, առանց երկար-բարակ մտածելու, կառավարությունը որոշել է ոչ թե Վահրամ Ավետիսյանի վերաբերյալ որոշումը չեղյալ ճանաչել, այլ պարզապես փոփոխություն կատարել նախորդ որոշման մեջ: Այն է՝ մի թեկնածուի անուն-ազգանունը փոխարինել մյուս թեկնածուի անվամբ: Հզո՛ր է, ոչինչ չես ասի: Մնում է միայն ծիծաղից «մահանալ» կամ ինֆարկտահարվել։

Բացի այն, որ կառավարության նման մոտեցումը վիրավորական է զուտ անհատական մակարդակով՝ անձի նկատմամբ վերաբերմունքի առումով, դա իրավաբանական «նիստուկացի» կամ տեխնիկայի առումով ընդունված չէ:

Բայց մյուս կողմից, պետք է արժանին հատուցել որոշման ներքո ստորագրած անձին՝ Նիկոլ Փաշինյանին՝ բացարձակ անկեղծության համար: Այն առումով, որ նման մոտեցմամբ բացահայտ ցույց է տվել, թե իրականում որպիսի արհամարհանքով են վերաբերվում իրենց իսկ առաջադրած թեկնածուներին, որոնց անուն-ազգանունը Վահե Գրիգորյան չէ:

Ի դեպ, հատուկ «Իմ քայլը» խմբակցության քանքարալից ներկայացուցիչների համար նկատենք, որ առաջադրված նոր թեկնածուն՝ Էդգար Շաթիրյանը «նախկին հանցավոր ռեժիմի» օրոք՝ 2002-2005 թթ. եղել է ՀՀ նախագահի աշխատակազմի ներման, քաղաքացիության, պարգևների և կոչումների վարչության երկրորդ կարգի մասնագետ, 2007-ին՝ Սահմանադրական դատարանի խորհրդական, իսկ 2015-ին, օրինակ, նշանակվել է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի անդամ:

Մյուս կողմից, զարմանալ կարելի է այն իրավաբանների վրա, ովքեր համաձայնում են, որպեսզի կառավարույթունն իրենց առաջադրի Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու: Նախ, ինչպես արդեն հայտնի է, այս իշխանությունը նախատեսում է ջնջել Սահմանադրական դատարանի իզնութոզը, դրա փոխարեն՝ Վճռաբեկի հետ միախառնելով ստանալ Գերագույն դատարան, և այդ դեպքում դեռ հարց է, թե ՍԴ դատավորներից ով կմնա շարքում: Այսինքն, մի 2 տարվա համար արժե՞ ծանր տեղը թեթևացնել ու համաձայնել առաջադրմանը մի կառավարության կողմից, որի օրացույցում ամեն օր ուրբաթ է:

Երկրորդ, զարմացնում է այն, որ պրոֆեսիոնալ իրավաբանները մի տեսակ մասնագիտական համերաշխություն չեն դրսևորում: Այսինքն, սա նաև մասնագիտական արժանապատվության հարց է: Որևէ իրեն հարգող իրավաբան, տեսնելով, թե նույն այդ իշխանությունն ինչպես վարվեց Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի, դատավորներ Ալվինա Գյուլումյանի, Ֆելիքս Թոխյանի և Հրանտ Նազարյանի հետ, ուղղակի կհրաժարվեր որևէ գործ ունենալ նման իշխանության ու նրա ներկայացուցիչների հետ:

Չնայած, մի լավ հոլիվուդյան կինո կա, կարծեմ փաստաբանի մասին, որտեղ սատանան ասում է, որ իր ամենասիրած մեղքերից մեկը փառասիրությունն է:

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը