Մեկնաբանություն

25.08.2020 18:13


Կկուն և հոտած բույնը

Կկուն և հոտած բույնը

Հայաստանում կորոնավիրուսի հետևանքով օգոստոսի 25–ի տվյալներով մահացել է 1118 մարդ։

1 միլիոն բնակչին բաժին ընկնող վարակվածների թվով մենք աշխարհի հակառեկորդակիրների թվում ենք՝ 14․485 հոգի։ Ընդհանուր վարակվածների թիվը՝ 42936։

1 միլիոն բնակչի հաշվարկով մահացածների թվերն էլ վատն են։ Համեմատության համար ներկայացնենք մեկ թիվ։ Ընդհանուր մահերի քանակով մենք հարևան Վրաստանին գերազանցում ենք 45 անգամ։ Կրկնեմ՝ 45 անգամ ավելի շատ մարդ է մահացել Հայաստանում կորոնավիրուսից, քան Վրաստանում, որտեղ հա՛մ բնակչությունն է մերինից շատ, հա՛մ տուրիստները, համ էլ բոլոր սահմանները բաց են։

Մեզանում կորոնավիրուսային մղձավանջի թիվ մեկ պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է։ Մահերն ու հիվանդների քանակը Նիկոլի խղճի ու պատասխանատվության վրա են։ Այդ Նիկոլն էր, որ քամահրանքով էր վերաբերվում խնդրին ու անձնական քաղաքական հաշվարկները վեր դասում ՀՀ քաղաքացիների կյանքից ու առողջությունից։ Նա էր, որ ուշացրեց արտակարգ դրության հայտարարումն ու համապատասխան քայլերի իրականացումը։ Փաշինյանն էր, որ արտակարգ դրություն հայտարարեց, բայց այն օգտագործեց ոչ առողջապահական նպատակներով։

«Կորոնավիրուսն ո՞ւմ շունն է» արտահայտությունը դարձավ այս իշխանությանը բնորոշ կարգախոսը։ Թե ում շունն է կորոնավիրուսը, հայտնի չէ։ Հայտնի է, սակայն, որ դրա հետևանքով շան օրի են ընկել Նիկոլի կողմից հպարտ հռչակված ՀՀ քաղաքացիները։ Հիվանդանոցները լիքն են։ Դիարանները՝ նույնպես։ Ընդորում՝ բազմաթիվ ահազանգեր կան, որոնց համաձայն՝ դիակները պարզապես նետված են տոպրակների մեջ։ Մահացածների հարազատները փորձում են հակահիգիենիկ պայմաններում ճանաչել սեփական հորը, մորը, տատիկին կամ մյուսին, ինչը բազմապատկում է նրանց վիշտն ու խորացնում մղձավանջը։

Նիկոլը շատ լավ հասկանում է, որ այս ամենի համար պատասխան է տրվելու։ 2008–ի մարտի 1–ի 10 զոհերի պատճառ դարձած, բայց այդ զոհերի թեման շահարկելով քաղաքական աչոկներ հավաքած ու իր քաղաքական ընդդիմախոսների դեմ քաղաքական հետապնդում իրականացրած «ժողովրդի» վարչապետը պատասխանատվություն է կրում 1118 զոհերի համար։ Այդքան մահացած կարող էր չլինել, եթե հանցավոր անգործություն և անգրագետ կառավարում չիրականացվեր։

Հիմա Փաշինյանը փորձում է քավության նոխազ գտնել՝ ի դեմս Առողջապահության տխրահռչակ նախարար Արսեն Թորոսյանի, բայց դա հնարավոր չէ։ Այն, որ Թորոսյանը պետք է պատժվի որպես «դոկտոր մահ», երկրորդ կարծիք չկա, բայց երկրորդ կարծիք չկա նաև այն հարցում, որ թիվ մեկ մեղավորը Նիկոլն է։ Նա կարող է Արսենին էլ ազատել, Ավինյան Տիգրանին էլ, բայց դե դրանից բան չի փոխվի։ Ինչպես ասում են՝ հոտած է ոչ թե բույնը, այլ՝ կկուն։ Նիկոլի համար կորոնավիրուսը դարձավ իր իշխանության «կկուն», որն արդեն կանչել է և վարչապետի աթոռը թողնելու ժամանակն արձանագրել։

Հայկ Ուսունց

Այս խորագրի վերջին նյութերը