Մեկնաբանություն

13.08.2020 18:56


Փաշինյանը Հայաստանը «խաղից դուրս» է դրել՝ խաղացողից վերածելով մանր խաղաքարի

Փաշինյանը Հայաստանը «խաղից դուրս» է դրել՝ խաղացողից վերածելով մանր խաղաքարի

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նախօրեին հեռախոսազրույց է ունեցել Ալիևի հետ: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ «տեղի է ունեցել մտքերի փոխանակում հուլիսին տարածաշրջանում խնդրի՝ ադրբեջանա-հայկական պետական սահմանում իրավիճակի սրման համատեքստում: Ռուսական կողմը կարևորել է լարվածության սրմանը նպաստող ցանկացած գործողության կանխման կարևորությունը» (մեջբերումը հատուկ իշխանական «Ազատությունից» է վերցրած, որ «պողոսները» հանկարծ շատ չվատանան):

Ասում են՝ Ալիևն է Պուտինին զանգել: Բայց դա արդեն կարևոր չէ: Կարևորը այլ բան է: Այն, որ «տարածաշրջանային խնդիրը», այն է՝ անմիջականորեն մեր պետությանն ու մեր անվտանգությանը վերաբերող հարցերը Պուտինը քննարկում է, օրինակ, Իլհամ Ալիևի հետ, դրանից առաջ քննարկում էր նրա «ավագ եղբայր» Ռեջեփ Էրդողանի հետ: Մի խոսքով, քննարկում է Հայաստանն աջից ու ձախից շրջափակած, Հայաստանի վերացման գերնպատակ դրած Թուրքիայի ու Ադրբեջանի հետ, բայց ոչ... Հայաստանի, ավելի կոնկրետ՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

Հարցն այն չէ միայն, որ Պուտինն ակնհայտորեն «խելքամաղ» չի լինում անթրաշ Փաշինյանի համար: Նրանց հարաբերություններում Պուտինի պահով ավելի շուտ կիրառելի է հանրահայտ ֆիլմից Մհեր Մկրտչյանի մարմնավորած դիլիջանցի Ռուբիկի ասածը, թե՝ «такую личную неприязнь я испытываю к потерпевшему, что кушать не могу…»: Տուժողն այս դեպքում, հասկանալի է, Պուտինը չէ, այլ հակառակը: Բայց մեծ քաղաքականության մեջ նման հակակրանքներ չեն մի կողմ դրվել, և նույն Պուտինն էլ մեկ անգամ չէ, որ հանդիպել է նույն Փաշինյանի հետ՝ դեմքի լարված, կասկածամիտ արտահայտությամբ ունկնդրելով ջարդրտված ռուսերենով նրա արտաբերած շողոմ-մողոմ նախադասությունները:

Հարցն այն է, որ Նիկոլ Փաշինյանն արել է այն ու այն ամենը, որ կարողացել է հայ-ռուսական հարաբերությունները իջեցնել 90-ականների սկզբին եղածից էլ ցածր աստիճանի, այնպես, որ «ռազմավարական գործընկերայինից» միայն բառակապակցությունն է մնացել՝ գործնական բովանդակությունից զուրկ:

Հարցն այն է, որ Փաշինյանի հռչակած «արժանապատիվ արտաքին քաղաքականությունը» հանգեցրել է Հայաստանի տարածաշրջանային, եթե չասվի՝ արտաքին մեկուսացմանը, դրանից բխող հետևանքներով ու ազգային անվտանգությանը, պետության գոյությանը լրջորեն սպառնացող իրական վտանգներով և դրանց ահագնացմամբ: Փաստորեն, «արժանապատիվ արտաքին քաղաքականությունն» այն է, երբ քո հարցերը քո պետության ռազմավարական գործընկերը քննարկում է քո ռազմավարական թշնամիների հետ, իսկ քեզ բանի տեղ էլ չի դնում:

Հարցն այն է, որ Հայաստանն այսօր տարածաշրջանային խաղացողից վերածվել է տարածաշրջանային քաղաքականության մանր «խաղաքարի»: Տարածաշրջանային քաղաքականության սուբյեկտից Հայաստանը դարձել է օբյեկտ: Նիկոլ Փաշինյանի և իր ԱԳ նախարարի մեծագույն ձեռքբերումն է սա:

Բայց միակը չէ:

Հարցն այն է, որ Արցախի ու Արցախի հիմնախնդրի վերաբերյալ հուզական, նաև հակասական ու անընկալելի հայտարարություններ անելով, թշնամու ղեկավարին «կիրթ ու կառուցողական» անվանելով և նմանակերպ վարքով ու «քաղաքականությամբ» Նիկոլ Փաշինյանն, ըստ էության, նպաստեց այն բանին, որ Ալիևը վերստին դիմի ռազմական արկածախնդրության:

Ու կապ չունի՝ դա՞ էր ուզում Նիկոլ Փաշինյանը, թե՞ նրա մտադրությունները բարի էին, ազգաշահ և այլն: «Բարի մտադրություններով» հայտնի է, թե ինչն է սալարկված: Այս դեպքում կարևոր են հետևանքները: Ու այդ հետևանքները Ռուսաստանի վարչապետի հետ Մինսկում պրոտոկոլային հանդիպման «փուչիկի» մեջ չես թաքցնի:

Արտաքին քաղաքականության մեջ որքան ուզում ես «լեթս դու պաչիկ» արա, արկածախնդրական, անհավասարակշիռ, տակուգլուխ, անպատասխանատու պահվածքն ու հայտարարությունները ոչ միայն չեն անցնում, այլև բերում են ծանր հետևանքների: Դրանցով կարելի է կիսագրագետ «պողոսներին» ու համահունչ ինտելեկտ ունեցող կաթսայազարկ նրանց բիգուդիակիր տիկնանց «ֆռռացնել» ու «քցել», թերևս...

Եթե իշխանափոխությանը հաջորդած նախնական շրջանում տարբեր երկրների, առաջին հերթին՝ Հայաստանի հիմնական արտաքին-քաղաքական գործընկերների քաղաքական վերնախավերը «ծանոթացման» շփումներով, հանդիպումներով ուզում էին հասկանալ, թե ամբոխավարական ալիքը Հայաստանում ում է բերել-նետել իշխանական թախտին, ապա հիմա իրավիճակ է փոխվել: Նրանք, առնվազն նրանցից շատերը լավ ու արագ (դե իրենց դեսպանների զեկուցագրերն էլ չհաշված) հասկացել են, թե ում և ինչ կարգի անձնավորության և իշխանության հետ գործ ունեն՝ ի դեմ Փաշինյանի և իր «խայտաբղետ» թիմի:

Հասկացել են, և օրինակ, ԱՄՆ-ից փորձում են «արտաքին կառավարման» տարբերակ հիշեցնող մոդել կիրառել՝ տեսնելով, որ ավելի վաղ ընտրված «կատարողները» այն չեն:

Հասկացել են նաև Կրեմլում, և օրինակ, թուրք-ադրբեջանական տանդեմի ռազմական ակտիվացման վերաբերյալ ու, առհասարակ, տարածաշրջանային հարցերը Պուտինը Ալիևի ու Էրդողանի հետ է քննարկում նախ և առաջ, իսկ Փաշինյանին թողել են «հետո»-ի, եթե առհասարակ, նկատի են առել:

Իսկ Փաշինյա՞նը: Փաշինյանն՝ ի՞նչ, չեք լսո՞ւմ, ասում է՝ դիմակ դիր, որ չտուգանվես:

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը