Կարծիք

06.08.2020 22:30


Մի քանի հռետորական հարց Նիկոլ Փաշինյանին

Մի քանի հռետորական հարց Նիկոլ Փաշինյանին

Ամուլսարի հարցը քաղաքական է, այլ ոչ թե բնապահպանական։

Թեմայի հետ կապված մի քանի հարցեր են առաջացել, որոնք բացարձակապես կապված չեն հանքի շահագործման կամ չշահագործման հետ։

1.Այդ ինչպե՞ս է ստացվում, որ արտակարգ դրության պայմաններում բոլոր այլ տեղերում հավաքները և անգամ մեկ հոգանոց ակցիաները անմիջապես արժանանում են ոստիկանության բռնի միջամտությանը և հավաքի արգելմանը, իսկ ահա Ամուլսարում ոստիկանությունը նույն կերպ չի վարվում։

2.Այդ ինչո՞ւ երբ ԲՀԿ–ական պատգամավորուհիները որոշեցին մի քանի րոպեով փողոց փակել, նրանց բռնի կերպով հեռացրեցին տարածքից ու փողոցը բացեցին, իսկ ահա Ջերմուկ–Վայք ճանապարհը ժամերով փակել են ցուցարարները, բայց ոստիկանությունը քայլեր չի ձեռնարկում և ինքնանվաստացուցիչ ձևով կոչ է անում բացել ճանապարհը՝ արժանանալով զրո վերաբերմունքի։

3.Ինչո՞ւ Իջևանում փողոց փակողներին ծեծուջարդ արեցին ոստիկանները, իսկ ահա Ամուլսարում փողոց փակողները ինչ ուզում անում են, իսկ ոստիկանությունն անգործության է մատնված։

4.Ինչո՞ւ ոստիկանությունը դիմակ չդրած, դիմակը սխալ դրած կամ դիմակ դնողի կողմից անձնագիր չներկայացնելու դեպքում քաղաքացուն ասֆլատին է պառկեցնում, բերման է ենթարկում տարեց ու ջահել կանանց և աղջիկներին, բռնություն է կիրառում, իսկ ահա Ամուլսարում ցուցարարներն ակնհայտորեն խախտում են պարերատան սահմանած կանոններն ու անդիմակ հավաքներ անում արտակարգ դրության պայմաններում, բայց ոստիկանությունը ոչինչ չի անում։

5.Նիկոլ Փաշինյանը ինչո՞ւ է առանձնահատուկ քնքշությամբ վերաբերվում Ամուլսարի ցուցարարներին, բայց անողոք է մյուսների նկատմամբ ու հատուկ այն բանի համար, որ հավաքներ չլինեն՝ արտակարգ դրության ռեժիմը մի քանի անգամ երկարաձգել է։ Ամուլսարի ցուցարարները արտոնյա՞լ են։ Նրանք ավելի՞ հավասար են։ Նիկոլը վախենո՞ւմ է ցուցարարներից կամ նրանց հովանավորներից։

6.Եթե Նիկոլ Փաշինյանի տուն գնալու ճանապարհը փակեն, ինչպե՞ս կվարվի ոստիկանությունը։

7.Ընդունո՞ւմ է Նիկոլ Փաշինյանը, որ խայտառակ ձախողվել է Ամուլսարի հարցում և ընկել է սեփական ձեռքերով փորած փոսը։

8.Ամուլսարը Հայաստանի մա՞ս է , թե՞ ոչ։ Եթե մաս է, ապա ինչո՞ւ այնտեղ արտակարգ դրության ռեժիմը չի գործում։

Արմեն Միքայելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը