Մեկնաբանություն

25.07.2020 12:10


Երբ հենվում են «թռնողների» վրա, նրանք «թռնում» են նաև «նոր» հենվողներից

Երբ հենվում են «թռնողների» վրա, նրանք «թռնում» են նաև «նոր» հենվողներից

Տեղեկությունը, որ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը դիմել է ԱԺ նախագահին՝ հայտնելով ԲՀԿ խմբակցույթունից դուրս գալու մասին, որքան անակնկալ կարող է համարվել, նույնքան էլ՝ սպասելի:

Ավելի ճիշտ, այդ տեղեկությունը անակնկալ կհամարվեր ու համարվեց Գագիկ Ծառուկյանի գլխավորած ԲՀԿ-ի ներկայացուցիչների, խմբակցության անդամների համար: Իսկ սպասելի էր այնքանով, որքանով կանխատեսելի է, որ Նիկոլ Փաշինյանը չի դադարեցնելու Գագիկ Ծառուկյանի և ԲՀԿ-ի վրա հարձակումները՝ նպատակ ունենալով ասպարեզից հանել իր հրաժարականը պահանջելու հայտարարություն արած կուսակցությանը կամ առնվազն՝ ճնշումներով լռեցնել, ենթարկեցնել, դարձնել «թավշյա» կամ «գրպանային»:

Հարցն այն չէ, որ կոնկրետ, ասենք հենց Սերգեյ Բագրատյանն է «պոկվել» ԲՀԿ-ից կամ, ենթադրենք՝ ինչ-ինչ քրեաքննչական «մեխանիզմներ» գործադրելով Փաշինյանի իշխանությունը հենց նրան է կարողացել պոկել: Դա, այսինքն՝ հեռացողի անձի հարցը էական կարող է լինել ԲՀԿ խմբակցության մյուս պատգամավորներին, Գագիկ Ծառուկյանին: Հարցը այս դեպքում Փաշինյանի իշխանության գործելակերպն է, որը առանձնապես մի նոր երևույթ չէ ու մեր երկրում անցած տասնամյակներում դրսևորվել է բազմիցս:

Կարելի է, օրինակ հիշել, «Լուսավորից» այն պատգամավորի մանդատ ունեցողին «պոկելը»: Պոկվածը, արդեն որպես «անկախ պատգամավոր» լիովին լծված է փաշինյանական քարոզչությանը, ըստ որում, շատ ավելի վատ դրսևորմամբ, քան ՀԽ նախագահի կարգավիճակ ունեցողը: Դժվար է ասել՝ Սերգեյ Բագրատյա՞նն էլ նման մի «անկախ պատգամավոր» կդառնա, թե՞ նրա դեպքում բավարար կհամարվի ԲՀԿ-ից պոկվելն ու ինչ-ինչ չարաշահումների վերաբերյալ գործերի մասին «մոռանալը»:

Առհասարակ, Նիկոլ Փաշինյանի համար այդ գործելակերպը լիովին ընդունելի է, որքան էլ որ նա «բարձր մատերիաներից» խոսի: Ինչպես «սահմանադրական կոստյումի» դեպքում, որ երբ ընդդիմադիր էր, քննադատելի մի բան էր, հենց դարձավ վարչապետ, պարզվեց՝ լավ էլ հարմար «կոստյում» է սուպեր-լիազորություններ ունենալը: Ավելին, իրեն բնորոշ ծայրահեղացմամբ, նա ավելի «սուպերացրեց» այդ պատկերավոր կոստյումն, ու Հայաստանում հիմա բացարձակ անձնիշխանական ռեժիմ է:

Ի դեպ, ինչպե՞ս Նիկոլ Փաշինյանը վարչապետ դարձավ: Նկատի ունենք 2018-ի մայիսին:

Ճիշտ է, էլի «պոկվողների», այն է՝ «թռնողների» շնորհիվ: Այս դեպքում արդեն՝ ՀՀԿ-ից «թռնողների»: Նրանց, որ մինչ այդ ՀՀԿ-ական էին, բայց մեկ էլ հանկարծ «հիշեցին», որ ամբողջ կանքում երազել են քայլել, որ ՀՀԿ-ական են գրվել ստիպողաբար, անգամ՝ «կոնսպիրացիոն» նկատառումներով՝ թաքցնելու համար իրենց նիկոլասիրությունը:

Դե, «թռան», ոմանք պաշտոններ ստացան կամ պահպանեցին, ոմանք գուցե այլ, ոչ նյութական վարձատրություն ստացան «նոր տերերից»:

Բայց խնդիրն այն է, որ Փաշինյանի վարչապետությունը ձևակերպվեց հենց «թռնողների» քվեարկության հաշվին: Իսկ երբ հենվում ես «թռնողների» վրա, ապա կարող ես վստահ լինել միայն մեկ բանում. նրանք էլի են «թռնելու» առաջին իսկ թեթև վտանգի կամ հնարավորության դեպքում:

Ինչպես, օրինակ, մի շարք «հավատավոր լենինյաններ» (տարօրինակ բառակապակցություն է, իհարկե) «թռան» իրենց կոմկուսից, ու Լևոն Տեր-Պետրոսյանի օգտին քվեարկեցին 1990 թվականին: Ճիշտ նույն կերպ, բայց մի 8 տարի անց Լևոն Տեր-Պետրոսյանից «թռան» մի խումբ պատգամավորներ...

Մի խոսքով, «թռել» են, «թռչում» են ու դեռ շարունակելու են «թռնել»: Եվ այն, որ օրվա իշխանության կամ իշխանապետի համար դա ընդունելի է, ընդամենը լրացուցիչ անգամ հաստատում է, որ ինչքան էլ ասեն՝ «իրողություն է փոխվել» (մահճակալը ննջարանից տեղափոխել են միջանցք, ցնցուղն էլ խոհանոցում հարմարեցրել, օրինակ), բայց բովանդակություն չի՛ փոխվել (տան պատերը ճաքած են, հատակը երերուն), իսկ դա արդեն խնդիր է բոլորի համար:

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը