Կարծիք

24.07.2020 16:14


Հայոց լեզվի ուսումնասիրության ժողովրդավարական սկզբունքը ո՞րն է

Հայոց լեզվի ուսումնասիրության ժողովրդավարական սկզբունքը ո՞րն է

Փորձեցի ծանոթանալ ոչ միայն զայրացած գրագետների հայտարարություններին ու դիտողություններին, այլև բուն հայեցակարգի նախագծին: Ու հենց սկզբում «արգելակվեցի» մի գերհանճարեղ դատողության վրա: Մասնավորապես, ասված է. «Հայոց լեզվի և գրականության ուսումնասիրությունը առաջարկվում է կառուցել հետևյալ սկզբունքներով»: Ապա թվարկվում են սկզբունքները, որոնցից առաջինը նշված է... «ժողովրդավարական»:

Այսի՞նքն: Հայոց լեզվի ուսումնասիրության ժողովրդավարական սկզբունքը ո՞րն է: Եվ հետո, լեզուն ուսումնասիրում են արդեն բուհ-ական ուսումնառության ընթացքում, իսկ դպրոցում, առհասարակ, սովորում են, յուրացնում ու տիրապետում կանոններին, ձևաբանությանն ու շարահյուսությանը, ուղղագրությանն ու կետադրությանը, որպեսզի հետո կարողանան ուսումնասիրել ու ոչ միայն մայրենին:

Ուրեմն, այս մեր նախարարական հանճարները բացատրում են, թե «ժողովրդավարական սկզբունքը» ո՛րն է: Ահա այն. «Սովորողը մասնակցում է ուսումնառության պլանավորմանը և դրա իրականացման գործընթացին, նրա կարծիքի և հետաքրքրությունների հիման վրա են ծրագրվում նյութի բովանդակությունը, մշակվում ընթացիկ աշխատանքները»:

Փորձեցի պատկերացնել, թե հայոց լեզի և հայ գրականության փորձառու ուսուցչուհին ինչպես է 7-րդ կամ 8-րդ դասարանցիների հետ քվեարկության դնում հարց՝ սկզբում մակբա՞յը ուսումնասիրել, դերանունը և հետո միայն անցնել գոյականին ու բայի՞ն, թե՞ բայն ու ասենք՝ բայի եղանակները չանցնել, քանի որ «ժողովրդավարական» մոտեցմամբ՝ աշակերտներն այդքան զահլա չունեն:

Ճիշտն ասած, այդքանից հետո արդեն երկյուղում եմ «բացել», օրինակ, մաթեմատիկայի կամ քիմիայի վերաբերյալ հայեցակարգը: Չնայած, «բացողները» արդեն «Հայոց պատմություն» առարկայի հայեցակարգի կոպիտ բացթողումների մասին են ահազանգում:

Տղաներ և աղջիկներ, դուք իշխանություն չեք, է՜... Դուք տեղով մեկ «ահազանգացու» եք:

Արմեն Հակոբյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը